Քաղաքական

14.10.2019 17:41


«Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակման գործով մեղադրյալներ չկան

«Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակման գործով մեղադրյալներ չկան

«Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակման գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Նախնական տվյալներով` լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությանը մասնակից են եղել Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը:

Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը։

Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Հոկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սակայն առ այսօր նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Այս խորագրի վերջին նյութերը