Կարծիք

15.10.2019 18:52


Ժողովուրդն այլևս իշխանության հետ կապ չունի

Ժողովուրդն այլևս իշխանության հետ կապ չունի

Հեղափոխկան տեմպերով ուզում էին տնտեսությունը զարգացնել, դրան էր սպասում ամբողջ ժողովուրդը, որի անունից այդքան սիրում են խոսել։ Փոխարենը գործադիրը նվեր ստանալուց հետո սկսեցին իշխանության մյուս ճյուղերն ու ընդհանրապես ամեն ինչ հեղափոխական տեմպերով խլելու գործընթացը։

Հոկտեմբերին խլեցին խորհրդարանը, ընդամենը երկու ժամում, մայիսին խլեցին դատարանները՝ մինչ այդ իրենցով անելով ԲԴԽ-ն, վճռաբեկը։

Ի՞նչ արեց ժողովուրդը։ Ժողովուրդն օգնեց գրավել գործադիրն ու օրենսդիրը, դրանից հետո իշխանությունը երկար ժամանակ ուներ ապացուցելու համար, որ այդ արշավանքներն «անկեղծ» էին, հանուն ժողովրդի էին, նրանցից օգուտ էր ունենալու քաղաքացին։ Փոխարենը որևէ օգուտ քաղաքացին չունեցավ, ու դատարանները գրավելու ակցիայի ժամանակ քաշվեց մի կողմ։

Իշխանությունը սեփական ուժերով փորձեց դատարանների հախից գալ, առանց հանրության օգնության, բայց այդ ընթացքում չդադարեց բոլոր գործողություններն անել ու խոսել ժողովրդի անունից։ Անգամ ՍԴ-ն շրջափակած 7 երկոտանու արածը ներկայացրին որպես ժողովրդի պահանջ։

ՍԴ-ի շուրջ գործողությունները չեն ավարտվում, նոր թափ կստանան, Հրայր Թովմասյանի կենսագրությունը դեռ շատ կփորփրեն, հետո կանցնեն բոլոր նրանց կենսագրություններին, որոնց որոշման արդյունքում ԱԺ իմքայլական ու լուսավորհայաստանական խմբակցություններին ապտակ հասցվեց։ Բայց վստահ եմ՝ որևէ արդյունք չեն տա։ Որովհետև իշխանությունը թույլ է ու անգրագետ։ Թույլ իշխանության ոտքերի տակից հողը փախչում է, իսկ անգրագետ իշխանությունը, ընկնելով արագության հետևից, սխալներ է թույլ տալիս իրար հետևից։

Ժողովուրդն այլևս իշխանության հետ կապ չունի։ Նա տեսնում է, որ նախորդ ապրիլին իր արած մերժումը որևէ բանով իր կյանքը չի փոխել, որևէ լուրջ խնդիր լուծում չի ստացել։ Պահանջատեր քաղաքացին այժմ պարտավոր է դուրս գալ փողոց՝ կրկին մերժելու։

Սևակ Հակոբյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը