Լրահոս

06.05.2010 12:59


Վրացական իշխանությունները դժվարացրել են ՏԻՄ ընտրություններում ջավախքահայության իրավունքները

2010թ. մայիսի 30-ին Վրաստանում կայանալու են ՏԻՄ ընտրությունները: Սակայն վրացական իշխանություններն իրենց ձեռնարկած մի շարք քայլերով արդեն իսկ էապես դժվարացրել են դրանցում ջավախքահայության իրավունքները պաշտպանող տեղական ուժերի մասնակցությունը: Մասնավորապես, վրացական իշխանությունները պահպանեցին 1997թ. քաղաքական միավորումների մասին Վրաստանի օրենքում ամրագրված տարածաշրջանային կամ տարածքային հատկանիշով կուսակցությունների ստեղծման վրա դրված արգելքը, որի հիմքով ժամանակին մերժվել էր նաև ջավախքյան «Վիրք» կուսակցության հիմնադրումը, ինչը մարդու և ազգային փոքրամասնությունների քաղաքական-քաղաքացիական հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է:

Ի հավելումն այդ արգելքի, 2009թ. դեկտեմբերին Վրաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որոնցով ընդհանրապես հանվեց նախկինում գործող դրույթը, համաձայն որի ՏԻՄ ընտրություններին թեկնածություն առաջադրելու իրավունք ունեին նախաձեռնող խմբերը, և այսօր նման իրավունք է վերապահված միայն քաղաքական միավորումներին և ընտրական դաշինքներին:

Հակառակ Եվրախորհրդի խորհրդակցական կոմիտեյի հանձնարարականներին՝ վրացական իշխանությունները շարունակում են պահպանել Ջավախքի ընտրատարածքների անհամամաչափ կառուցվածքը: Այսպես, Ախալքալաքի շրջանի յոթ վրացական գյուղերը կազմում են հինգ մեծամասնական ընտրատարածք, այն դեպքում երբ մնացած տասնյոթ ընտրատարածքները բաժին են ընկնում հայ բնակչություն ունեցող հիսունութ բնակավայրերին: Արդյունքում, 96% հայ բնակչություն ունեցող Ախալքալաքի շրջանում վրացաբնակ Պտենա գյուղը (շուրջ 200 ընտրող) և հայաբնակ Ախալքալաք քաղաքը (շուրջ 7,000 ընտրող) ՏԻՄ մարմնում ընտրում են մեկական ներկայացուցիչ:

Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս արձանագրելու, որ վրացական իշխանություններն ընտրական գործընթացի մեկնարկին արդեն իսկ թույլ են տվել մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային նորմերով երաշխավորված ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների մի շարք խախտումներ՝ կոպտորեն ոտնահարելով, մասնավորապես, ընտրական իրավունքի հավասարության, միություններ կազմելու և միությունների մեջ ընդգրկվելու, երկրի քաղաքական-հասարակական կյանքին արդյունավետ մասնակցելու  իրավունքը:

Ջավախքահայության իրավունքների ոտնահարման ամենաակնառու երևույթը վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ վերահսկողության հաստատումն է: Դրա անմիջական և խիստ մտահոգիչ հետևանքն է նաև այն փաստը, որ ջավախքյան ընտրություններին միջամտում են տեղական ուժային կառույցները: Արդեն իսկ արձանագրվել են ընդդիմադիր ցուցակներով առաջադրված ջավախքյան թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու փորձեր:

Արդ, Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանում ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, համապատասխան գնահատական տալ վերոնշյալ փաստերին և վրացական իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոցով նպաստել հայ բնակչության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման քաղաքականության վերացմանը:  Խորհուրդը նաև խնդրում է միջազգային դիտորդներին ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացի ամբողջ ընթացքը Ջավախքում՝ հետևելով ինչպես նախընտրական զարգացումներին այնպես էլ բուն քվեարկության և քվեների հաշվարկի ընթացքին:

Միաժամանակ հույս ենք հայտնում, որ վրացական իշխանությունները կառաջնորդվեն իրենց հռչակած ժողովրդավարական սկզբունքներով և Ջավախքում կապահովեն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը

Այս խորագրի վերջին նյութերը