Լրահոս

06.05.2010 13:25


Տնտեսական ճգնաժամի հաղթահարումը «գո՞լ» վիճակում է

Տնտեսական ճգնաժամի հաղթահարումը «գո՞լ» վիճակում է

Տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը անդրադառնալով 2010թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 5,5 % աճին՝ ասել է, թե այն պայմանավորված է հիմնականում արդյունաբերության 14% աճով։

-Արդյունաբերության այդ  14% աճի մեջ, իմ  հաշվարկներով, 7%-ը բաժին  է ընկնում հանքարդյունաբերությանը, որը առաջին եռամսյակի կտրվածքով մոտ 58% աճ է արձանագրել՝ ապայմանվորված միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գնի աճով։ Այսօրվա դրությամբ պղնձի գինը միջազգային շուկայում հասել է 1 տոննայի դիմաց 7000 դոլարի, որը  շատ լավ, բարձր ցուցանիշ է, և մեր հանքարդյունաբերական ընկերություններին թույլ է տալիս մտնել գերշահույթների դաշտ։ Այս պատճառով միջազգային շուկայում ներկա միտումնրը նպաստել են նրան, որ մեր հանրապետությունում ձևավորված ՀՆԱ-ի ներկա աճը սպասվածից ավելին է։ Բայց խոսել որակական տեղաշարժերի մասին, որին մենք բոլորս շատ ենք կարոտել և անընդհատ դա ենք քննադատում, այդ որակական տեղաշարժերը չկան,-ասել է նա։

Ըստ Սամվել Ավագյանի՝ եթե աճը ձեռք է բերվում հանքերն ավելի ինտենսիվ շահագործելու հաշվին, ապա որակական տեղաշարժի մասին չի կարելի խոսել։ Եվ եթե զրոյացնենք հանքարդյունաբերության աճը, ապա արդյունաբերության աճը դժվար գերազանցեր 3%-ը, ինչով էլ պայմանավորված՝ կիջնի նաև ՀՆԱ-ի 5,5% աճը։ Նրա խոսքերով՝ տնտեսական ճգնաժամի հաղթահարումը «գոլ» վիճակում է։

-Եթե ուզում եք ջուրը եռացնել, բայց այն դեռևս գտնվում է շատ թեթև գոլ վիճակում, ապա ի՞նչ է դա նշանակում. որ ջուրը եռո՞ւմ է։ Ահա մեր ճգնաժամի հաղթահարումն էլ գտնվում է այդ «գոլ» վիճակում։ Դա նշանակում է, որ դրական միտումներ կան, և ոչ ոք դա չի կարող ժխտել, հերքել և չտեսնել։ Իրոք, միտումները կան, բայց դա դեռևս այն մակարդակը չէ, որ լավատեսության հիմքեր տա։ Մենք մտել ենք ռեցեսիայի փուլ՝ անկումը դադարել է, և մենք ցածր բազայի միջակայքում որոշակի կայունացման ենք գնում, բայց աստիճանաբար այդտեղից դուրս ենք գալիս,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը