Կարծիք

19.10.2019 21:31


Չկա մի ժողովուրդ, որ ընկել է պառանոյիկ պոպուլիստների խելքին և դրա համար գին չի վճարել, շատ ծանր գին

Չկա մի ժողովուրդ, որ ընկել է պառանոյիկ պոպուլիստների խելքին և դրա համար գին չի վճարել, շատ ծանր գին

Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակի և օրեցօր ահագնացող արտաքին մարտահրավերների պայմաններում ցանկացած պարկեշտ մարդ իր պարտքը պետք է համարի խոսելը, խնդիրների մասին բարձրաձայնելը: Եվ, որքան բարձր` այնքան լավ: Սա և՛ անձնական, և՛ ազգային-պետական նշանակության առաքելություն է: Այո՛, հենց առաքելություն:

Չկա մի ժողովուրդ, որ ընկել է պառանոյիկ պոպուլիստների խելքին և դրա համար գին չի վճարել, շատ ծանր գին: Կրկնում եմ` չկա այդպիսի ժողովուրդ, որ գին չի վճարել: Այդպես եղել է բոլշևիկների դեպքում, գերմանական նացիստների դեպքում, իտալական ֆաշիստների դեպքում, Ուկրաինայում պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկածների դեպքում… Հեռու չգնանք մեր աշխարհագրությունից, 1990-ականներին ադրբեջանցիներն ընկան Էլչիբելի խելքին ու շատ ծանր գին վճարեցին: Վրացիները 1990-ականներին ընկան Գամսախուրդիայի խելքին ու շատ ծանր գին վճարեցին, հետո` 2000-ականների կեսերին ընկան մեկ այլ պրոֆեսիոնալ պոպուլիստի` Սաակաշվիլու խելքին ու նորից գին վճարեցին: Այն, որ մենք էլ ենք գին վճարելու, դրա մասին արդեն իսկ ուղղակի կամ անուղղակի կերպով խոսել կամ իրենց քայլերով ակնարկել են առնվազն երեք գեներալներ` Բալասանյանը, Վանեցյանն ու Հայրապետովը:

Ստեղծված իրավիճակում այլևս չկա ինտելեկտի նշույլ ունեցող մեկը, որի համար պարզ չլինի` ամեն օր աղոթել է պետք, որ մեր վճարելիք գինը ստրատեգիական նշանակության չլինի, որովհետև ի տարբերություն այլոց` մենք այնքան ենք սեղմված, այնքան քիչ ռեսուրսներ ունենք, որ հանգիստ կարելի է ասել` տալու բան չունենք: Իսկ եթե իշխանությունն ուզուրպացրածներին թվում է, թե 2 շրջան կամ 5 շրջան կհանձնեն ու հանգիստ կշարունակեն ժողովրդի գլուխն արդուկելը և իշխանության կենցաղային վայելքներից օգտվելը, այլ կերպ ասած` «Երկիր-Հայկական ժամանակ» պրոյեկտը շարունակելը, ապա չարաչար սխալվում են, կրկնում եմ` չարաչար սխալվում են: Չի լինելու այդպես, հանգիստ չենք ապրելու` ոչ մենք, ոչ էլ առավել ևս ուզուրպատորները, որ երկիր պահելու ոչ դարդուցավ ունեն, ոչ էլ պատասխանատվության զգացում:

Նրանք, որ երկիրը փորձանքի տանելու բարդյութ չունեն և մտածում են, որ միայն իրենք` անձնապես ու թայֆայապես, հանկարծ փորձանքի մեջ չնկնեն ու չզրկվեն պետական ամառանոցներից, ինքնաթիռից, ուղղաթիռից, թանկարժեք մեքենաներից ու հարկատուի հաշվին նազիր-վեզիրներ ունենալու հնարավորությունից: Որովհետև այդ շրջաններին հաջորդելու է Արցախը, հետո Հայաստանի ողնաշարը` Զանգեզուրը (ի դեպ` մինչև Գայլի Դրունք): Սրանք ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական տրամաբանության շաղախով միահյուսված տարածքներն են, և հնարավոր չէ մի օղակը զիջել` պահելով մյուս օղակները: Ուղղակի հնարավոր չէ` կա՛մ, կա՛մ, երրորդ ճանապարհ չկա: Իսկ հիշո՞ւմ եք, որ Թալիշ մտան, հիշո՞ւմ եք այդ մորթված պատկերները: Լավ հիշեք, վերհիշեք, որովհետև երկիր հանձնելն այդ պատկերներով է ուղեկցվելու` ընդհուպ մինչև Արարատյան դաշտում ու Երևանի կենտրոնում:

Եվ ուրմեն. կամ խոսում ու բարձրաձայնում ենք այլանդակության հասնող այս ահռելի ներքին ու արտաքին խնդիրների մասին, կամ էլ պետք է պատրաստվել, որ Հայաստանի վրայից ողնաշարը պոկելու են տանեն: Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը