Լրահոս

06.05.2010 15:23


Քաղաքապետը որևէ կոնկրետ խոստում չի տվել

Քաղաքապետը որևէ կոնկրետ խոստում չի տվել

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հաղորդագրություն են տարածել, որ այսօր Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Ուսանողական այգու խնդրի քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցել են ավագանու և քաղաքապետարանի բաժինների, հասարակական կազմակերպությունների և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչները։ Մասնակիցները ներկայացրել են, և 3-ժամանոց քննարկման ընթացքում պաշտպանվել  է այն դիրքորոշումը, որ այգին պետք է ազատվի այդ երկու շինօբյեկտներից և վերադարձվի հանրությանը։

Նախաձեռնողները շեշտել են, որ սա քաղաքացիական բաց նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները՝ որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ: Խմբի փաստարկները լսելուց հետո քաղաքապետը խոստացել է արգելել ապագա կառուցապատումները և բացառել գետնափոր կառույցները Երևանի հանրային կանաչ տարածքներում։ Նա նաև ասել է, որ բոլորս ենք այս քաղաքի տերը, և ինքը պակաս մտահոգ չէ զբոսայգիների պահպանության և ընդլայնման խնդիրներով։

Քաղաքապետն առաջարկել է համագործակցել քաղաքի հրատապ խնդիրները լուծելու նպատակով։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ թեև որևէ հստակ պայմանավորվածության չհասան, և այգու խնդրի հետ կապված առաջընթաց տեղի չունեցավ, բայց հիմնական ուղերձը հասավ քաղաքապետին։ Նախաձեռնության ներկայացուցիչները վերահաստատել են, որ Ուսանողական այգու ճակատագիրը սկզբունքային նշանակություն ունի, և բոլոր հնարավոր միջոցներով շարունակվելու է պայքարն Ուսանողական այգու համար։

Թյուրիմացություններից խուսափելու համար ընդգծենք, որ քաղաքապետը որևէ կոնկրետ խոստում չի տվել Ուսանողական այգում կառուցապատման դադարեցման վերաբերյալ: Նրա խոստումները վերաբերում են միայն ապագա նախագծերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը