Լրահոս

06.05.2010 15:31


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում է Արթուր Սաքունցի հայտարարությունները

ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մայիսի 5-ին հարցաքննվել են ոստիկանության բաժին կանչված Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի հարազատները: Վերջիններս  հերքել են  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի  հնչեցրած հայտարարությունները Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին ոստիկանների նախաձեռնությամբ Հայաստանից հեռացնելու, ոստիկանության բաժնում Ն.Չիլյանի նկատմամբ կիրառված  բռնությունների մասին՝ դրանք որակելով բացահայտ սուտ:

Վկայակոչելով Արթուր Սաքունցի  տրամադրած տեղեկությունները՝ մամուլում մաասնավորապես հրապարակվել էր, թե գողության կասկածանքով Վահան Խալաֆյանի հետ միասին ոստիկանության բաժին բերման ենթարկված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին, ովքեր ներկայումս բացակայում են  Հայաստանից Հանրապետությունից եւ որոնց հեռանալու «առաջարկություն են» ներկայացրել ոստիկանները՝ վերադարձնելով նրանց անձնագրերը: Նույն հրապարակումների համաձայն՝ այդպիսով փորձ է արվել հեռացնել կարեւոր վկաների, որոնցից առաջինին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ապրիլի 14-ին «հայտնաբերել էր ծեծված, անկողնային վիճակում»: Ըստ Ա.Սաքունցի՝ Ն.Չիլյանի ծնոտը եղել է կոտրված:

Ապահովելով քննության բազմակողմանիությունն ու լրիվությունը՝ նախաքննական մարմինը ճշտել է Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի Հայաստանից հեռանալու կոնկրետ ժամկետները եւ ուղղությունը, հարցաքննել նրանց հարազատներին:

Այսպես՝ Նորայր Չիլյանը Հայաստանից մեկնել է 2010 թվականի ապրիլի 16-ին՝ Բելգիա,  իսկ Արայիկ Առաքելյանը 2010թ ապրիլի 18-ին՝ Ռուսաստանի Դաշնություն:  05.05.10 հարցաքննվել են Ն.Չիլյանի կինը,  Ա.Առաքելյանի կինն ու մայրը: Պարզվել է, որ Ա.Առաքելյանի հայրը ժամանակավորապես բնակվում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ն.Չիլյանի հայրը՝ Բելգիայում, մայրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ հարցաքննությունների ընթացքում հարազատները հերքել են կիրառված բռնությունների վերաբերյալ Ա.Սաքունցի հնչեցրած հայտարարությունները: Մասնավորապես Ն.Չիլյանի կնոջ՝  Հասմիկ Նաղդալյանի ցուցմունքի համաձայն՝ ամուսինը 2010 թվականի ապրիլի 13-ին՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, առանց ինչ-որ բան ասելու տանից դուրս է եկել ու վերադարձել 19-ի սահմաններում: «Կլիներ 13-14-ի սահմանները ես զանգահարեցի Նորիկի բջջային հեռախոսի համարին, որ իմանամ որտեղ նա եւ ասեմ, որ գա տուն ճաշելու, նա ինձ պատասխանեց միայն, որ մի քիչ հետո կգամ, այլ բան չասաց», - ցուցմունքում նշել է Հ.Նաղդալյանն ավելացնելով, որ 19-ի սահմաններում տուն վերադառնալուց հետո Նորիկը ասել է, որ «...իրեն տարել էին ոստիկանության բաժին գողություն կատարելու կասկածանքով, պարզվել է, որ ինքն անմեղ է եւ իրեն բաց են թողել»: Վկան նաեւ հայտարարել է, որ իր ամուսինը ոստիկանության բաժնից տուն է վերադարձել առողջ, առանց մարմնական վնասվածքների եւ կոտրվածքների. «ապրիլի 13-ին, երբ ամուսինս երեկոյան վերադարձել է տուն, ապա նրա դեմքին կամ մարմնին որեւէ վնասվածք չի եղել, ամուսինս գանգատ չի ներկայացրել»: «Ամուսինս ոչ ինձ, ոչ այլ հարազատների երբեւէ չի ասել, որ Չարենցավանի ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել: Եթե լիներ այդպիսի դեպք, եթե ամուսնուս ծեծած լինեին, ապա ես հաստատ այդ մասին կիմանայի»,- նշել է վկան իր ցուցմունքներում: Պատասխանելով քննիչի այն հարցին, որ ըստ մամուլի հրապարակումների, Ն.Չիլյանի ծնոտը եղել է կոտրված եւ, որ ծողները նշել են, թե Նորայրն ազատ է արձակվել ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երբ ոստիկանությունից զանգել են ու ասել՝ եկեք ձեր տղային տարեք՝  Ն.Չիլյանը կինը հայտարարել է. «Մամուլում եղած այդ հրապարակումները ամբողջովին սուտ են, որեւէ նշված իրականությանը չի համապատասխանում: Ինչպես կարող է ամուսնուս ծնոտը կոտրված կամ վնասված լինել, ես դրա մասին չիմանամ, չտեսնեմ, մենք բժշկի չդիմենք եւ նա այդ կոտրված ծնոտով մեկնի Հայաստանից: Բացի այդ՝ ամուսնուս հայրը երկար տարիներ բնակվում է Բելգիայում, իսկ մայրը բնակվում է Ղարաբաղում եւ վերջին անգամ նա Չարենցավանում է եղել երեք տարի առաջ, այդ դեպքում ինչպես կարող էին այդ դեպքի մասին հայտարարություն անել: Ինչպես նշեցի ամուսինս Բելգիա է գնացել սեփական նախաձեռնությամբ աշխատանք գտնելու նպատակով դեռեւս ապրիլի 2-ին պատվիրված տոմսով»: Հասմիկ Նաղդալյանը հերքել է նաեւ Ա.Սաքունցի այն հայտարարությունը, թե իր այցելության ժամանակ Ն.Չիլյանը եղել է անկողնում պառկած: Ըստ նրա՝ Սաքունցը ապրիլի 14-ին իրոք ացելել է, բայց ամուսինը նրան դիմավորել է առողջ վիճակում: Վկայի ցուցմունքի համաձայն՝ Սաքունցն այցելել է ցերեկվա ժամերին եւ այդ պահին տանն են եղել ինքը, Նորիկը եւ իր մայրը՝   Նաղդալյան Լաուրան, եւ ցանկություն հայտնել զրուցել Նորիկի հետ առանձին: Հանդիպումը տեւել է 1 րոպե, որից հետո Սաքունցն իր հետ եկած մարդկանց հետ միասին գնացել է: Ն.Չիլյանի կնոջ փոխանցմամբ՝ Սաքունցին ինչ-որ հարցեր են հետաքրքրել, սակայն ամուսինը դրանց չի պատասխանել՝ ասելով, որ «զրուցելու ոչինչ չունի», իսկ թե ինչ հարցեր են դրանք եղել՝ Հ.Նաղդալյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ դրանց բովանդակությունը ամուսինը չի մանրամասնել: «Երբ Սաքունցը եկել է մեր տուն ամուսինս նրանց նորմալ, առողջ դիմավորել է եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է թերթերոմ  այդպիսի սուտ տեղեկություններ տպում»:  

Արայիկ Առաքելյանի կնոջ՝ Լիա Առաքելյանի ցուցմունքի համաձայն՝ ամուսինը ոստիկանության բաժին է գնացել ապրիլի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, եւ տուն վերադարձել ժամը 14-15-ի սահմաններում: «Արայիկը վերադարձավ տուն եւ հայտնեց, որ բաժին բերման ենթարկված ոմն Դավիթի հեռախոսում հայտնաբերել էին իր հեռախոսահամարը  եւ ուզում էին  պարզաբանել, թե ինչ նպատակով են իրենք միմյանց զանգել եւ Արայիկը բացատրել է, որ  Դավիթը զանգել է իրեն ուզեցել է հեռախոս վաճառել, սակայն ինքը հրաժարվել է  նրանից հեռախոս գնալ: Արայիկը հայտնեց, որ իր հետ զրուցել են նորմալ, զրույցից հետո որոշ ժամանակ սպասել է բաժնի դիմաց, որից հետո ուղարկել են տուն»,- ցուցմունքում նշել է Լ.Առաքելյանը՝ պնդելով, որ ոստիկանության բաժնից տուն վերադառնալուց հետո իր ամուսնու վրա բռնության հետքեր, կապտուկներ չեն եղել: Ըստ նրա՝ Ա.Առաքելյանը մեկնել է Մոսկվա՝ հոր մոտ՝ աշխատելու նպատակով, որպիսի մտադրություն ունեցել է ավելի վաղ: Հարցաքննվել է  նաեւ Ա.Առաքելյանի  մայրը՝  Էլմիրա Առաքելյանը, ով նույնպես հերքել է որդու նկատմամբ ոստիկանության բաժնում բռնությունների կիրառելու  մասին լուրերը: «Նրա նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործադրել, նրա դեմքին կամ մարմնին ոչ մի վնասվածք չի եղել,  հակառակ դեպքում ես կամ նրա կինը, կամ ընտանիքի մյուս անդամները կիմանային»,- ցուցմունքում նշել  է Է.Առաքելյանը՝ հերքելով նաեւ այն լուրերը, թե  անձնագրերը վերադարձնելով ոստիկաննություն է «առաջարկել» որդուն հեռանալ Հայաստանից: «Դա միանշանակ սուտ է, որդուս անձնագիրը միշտ եղել է ինձ մոտ՝ տանը, ոստիկանները անձնագիրը չեն վերցրել եւ չեն վերադարձրել եւ որեւէ մեկը նրան չի ստիպել կամ պարտադրել մեկնել Հայաստանից»,- շեշտել է մայրը: 

Ակնհայտ է, որ ոմանք փորձ են անում օգտագործել ՀՀ ոստիկանության  Չարենցավանի բաժնում տեղի ունեցած դեպքը՝ հանրությանը տրամադրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ ապակողմնորոշելով հասարակական կարծիքը:  

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը