Մեկնաբանություն

23.10.2019 09:50


Ո՞վ է անցումային անարդարադատության հաջորդ զոհը

Ո՞վ է անցումային անարդարադատության հաջորդ զոհը

Հրայր Թովմասյանի եւ իր ընտանիքի շուրջ մոլեգնող բարոյա-իրավա-քաղաքական բեսպրեդելի «ֆոնի» վրա աշխատանքային շաբաթը մի տեսակ «անհետաքրքիր» սկսվեց։

Ոչ մի զգայացունց հայտարարություն, ոչ մի աղմկահարույց «բացահայտում» նախկին իշխանությունների այս կամ այն ներկայացուցչի «հանցավոր» գործողությունների մասին, ոչ մի «սենսացիոն հաղորդագրություն» ընդդիմադիր այս կամ այն գործչին կալանավորելու կամ գոնե ձերբակալելու մասին։

«Բազմանշանակ» լռություն` ի պատասխան մեղադրանքների, թե Նիկոլն ու կամակատարների իր բրիգադը, փնտրելով ու չգտնելով Թովմասյանի կողմից իշխանական լծակների չարաշահման, պետական գույքի յուրացման, բյուջետային միջոցների վատնման կամ մսխման որեւէ փաստ, ձեռքը գցել են Նիկոլի անձնական օգտագործման «ստուկաչ» Բաբաջանյան Արմանի հայտնաբերած «իշխանության յուրացման» փրփուրներին։ Եվ անցել են բոլոր կարմիր գծերը` ՍԴ նախագահի դեմ հոգեբանական տեռորի մեջ ներքաշելով դարձնելով նաեւ 75-ամյա հորը եւ դուստրերին։

Միակ բանը, որ ասում են`սեփական կամ իրենց «կից» փաստաբանների եւ իրենց համար «փաստաբանություն» անող ակնհայտ կողմնակալ ու թվացյալ անկողմնակալ լրագրողների շուրթերով, հետեւյալն է. ինչ է եղել որ` ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել, կարո՞ղ է գիտեք`Հրայր Թովմասյանն «արտոնյալների» դասին է պատկանում, եւ քննիչներն իրավունք չունեն ենթադրյալ «առերեւույթ հանցագործության» մասին հարցեր տալ նրա հետ փոխկապակցված անձանց։ Կարծես ո՛չ տեսել են, ո՛չ լսել ՍԴ-ն «բուդկի» պես սեփականաշնորհելու շրջանակում Թովմասյանի դեմ սանձազերծված օր օրի ահագնացող «հիբրիդային պատերազմի» մասին։

Արդեն անհանգստանում էինք` հետին թվով չեղած հանցագործությունների «բացահայտման» գործում հավասարը չունեցող մեր առյուծասիրտ «մհերներին» հո բան չի՞ պատահել։ Գուցե մեջները խոսել է «մունդիրի պատի՞վը». Վանեցյանի պես ձեռքը խփել են սեղանին ու ասել` հերի՛ք է, կանգ առե՛ք, մի՛ անցեք ռուբիկոնը, առանց հետ նայելու մի՛ հատեք օրինականության եւ տարրական ողջամտության բոլոր սահմանները, եւ հրաժարվել են կատարել վերադասի հրահանգները։

Պարզվեց` «ամեն ինչ կարգին» է։ 37-ականների մեթոդներով «ժողովրդի թշնամիներին» վնասազերծելու առաջադրանքը մնում է ուժի մեջ, ցանկացած անօրինական հրաման կյանքի (սպայի արժանապատվության) գնով կատարելու պատրաստ պնակալեզների պակաս էլ չի զգացվում` «իքսը» չարեց, «իգրեկը» կանի։

Երեկոյան լրահոսում հայտնվեց «երկար սպասված բարի լուրը». հանրապետության երկրորդ նախագահից, ՍԴ որոշումը բանի տեղ չդրած վնգստացող դատավորին հարցեր տալու համար կալանավորված նրա աջակիցներից եւ ազատության մեջ գտնվելու դիմաց լռելու «դասը» չյուրացրած «Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահից`Արա Վարդանյանից հետո, վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին եւ անմեղսունակների իր թիմին քննադատելու համար ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը (բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, օվացիա, վերջում` բացականչակա՛ն նշան)։

Ձերբակալվել է` քրեական օրենսգրքով սահմանված ընթացակարգի կոպիտ խախտումներով, եւ այն էլ` 2018թ. հայտարարված «լայն համաներման» տակ «ընկած» մի հոդվածով, որով երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է ձերբակալվեր։

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը` «Սորոսի Սասունի» ղեկավարած ՀՔԾ-ն չգիտե՞ր այդ մասին։ Այնքան էր շտապել` սրբորեն կատարելու Նիկոլի հերթական հանձնարարականը, որ տեղը չէ՞ր բերել` ինչպես է ոտնակոխ անում օրենսդրությունը, որ ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել հանցավոր տարրերի չարամիտ ոտնձգություններից։

Դժվա՛ր թե։ Թովմասյանի կողմից իբր` «իշխանությունը յուրացնելու» գործողությանն օժանդակելու, ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանին հրաժարականի դրդելու եւ «փաստաթղթեր կեղծելու» անհեթեթ մեղադրանքի ներքո Արսեն Բաբայանին զրկելով ազատությունից, «ռեժիմը» դեղին քարտ ցույց տվեց բոլոր նրանց, ովքեր երբեւէ բարձր, միջին կամ թեկուզ փոքր տրամաչափի որեւէ ղեկավար պաշտոն են զբաղեցրել. զգուշացնում են, որ այդ ուղտը կարող է չոքել նաեւ իրենց դռանը, եթե խելքի չգան, չհասկանան, որ իրերն իրենց անուններով կոչելու` Նիկոլին թանին թթու ասելու գինը... ազատությունն է։

Ուզում են ասել` եթե «կրիմինալ» ենք գտել Բաբայանի գործողություններում, որտեղ «կրիմինալ» չկա ու չէր կարող լինել, դրանից հետո ում վրա մատը տնկենք, ո՛ւմ անունը տանք, ո՛ւմ կենսագրության «մութ էջերը» սկսենք փորփրել`ոնց էլ լինի, մի բան կգտնենք։

Մինչեւ «յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը