Լրահոս

07.05.2010 12:07


Շուշիի ազատագրման մասնակիցը ցավում է, որ 92թ. Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ և խելացի չգտնվեց

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էին Շուշիի ազատագրման մասնակիցներ Իգոր Սարգսյանը (ՀՅԴ ԳՄ անդամ) և Աիդա Սերոբյանը («Արցախյան պատերազմի մասնակից կանանց» հ/կ նախագահ):

-Շուշին բավական  անառիկ ամրոց է, իսկ Ստեփանակերտն ափի մեջ է: Շուշիից փողոց առ փողոց, տուն առ տուն կրակում էին Ստեփանակերտի վրա: Մարդիկ չէին կարողանում տարիներով Ստեփանակերտի փողոց դուրս գալ: Երեխաները, որոնք ծնվել էին նկուղային հարկերում, մեծացել, 2 տարեկան էին դարձել, այդպես էլ փողոցը չէին տեսել: Շատ երկար ժամանակ էին պատրաստվում Շուշիի ազատագրմանը, բայց հիմնականում Ստեփանակերտին Աղդամից ու Շուշիից էին խփում, ու արդեն օրհասական պահ էր, և պետք է  ազատագրվեր Շուշին,- լրագրողներին իր հուշերն է փոխանցել Ա. Սերոբյանը:

Ի. Սարգսյանն էլ նշել է, որ առանց Շուշին ազատագրելու չէր կարելի ակնկալել ընդհանրապես Ղարաբաղի ազատագրումը:

-Դարերով, հազարամյակներով եկած համակարգը պետք է հզոր պահել: Պետք չէ նվնվալ, պետք չէ խոսել պարտություններից, հողեր տալուց: Ընդհանրապես երբ մարդու ուղեղի մեջ մտնում է, թե կարելի է այսքանը զիջել, ուրեմն նա ամբողջն է զիջում, նա պատրաստ է ամբողջը զիջել, իսկ զիջել նշանակում է անվտանգության ամբողջ համակարգը խաթարել, և եթե մի թիզ էլ տրվեց, ուրեմն կտրվի 2-րդը, 3-րդը, 4-րդը,- ասել է Ի. Սարգսյանը,- մենք ոչ մի կտոր հող թշնամուն չենք տալու: Մենք դեռ ունենք հետ բերելու մեր պատմական տարածքները: Ես ցավում եմ, որ 92-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ, խելացի չգտնվեց, որ չվերցրինք Նախիջևանը: Դրանով մեր անվտանգության համակարգը շատ ավելի հզոր կլիներ:   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը