Խմբագրական

25.10.2019 17:16


Ինչու և ինչպես է ակտիվացել թուրքական 5–րդ շարասյունը

Ինչու և ինչպես է ակտիվացել թուրքական 5–րդ շարասյունը

Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում և անվտանգությանն առնչվող այնպիսի խնդիրներ ունենք, որ մեզ այլ բան չի մնում, քան հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելը։

Հավասարակշռություն՝ նշանակում է ռազմաքաղաքական դաշնակցություն Ռուսաստանի և բազմակողմանի գործընկերություն Արևմուտքի հետ։

Անվտանգության առումով, բնականաբար, մեր համակարգը պետք է ինտերգված լինի ՀԱՊԿ–ին։ Մենք օբյեկտիվորեն չենք կարող ՆԱՏՕ–ին անդամակցել։

Մենք չպետք է այն սխալները թույլ տանք, որոնք թույլ տվեցին Վրաստանը և Ուկրաինան՝ ներքին խնդիրների լուծման համար արտաքին կողմնորոշումների քաղաքականություն վարելով։ Ուկրաինան կորցրեց Ղրիմն ու կրակի մատնեց իր արևելյան հատվածները։ Վրաստանը գնաց կողմնորոշումների ճանապարհով և զրկվեց Օսիայից ու Աբխազիայից։

Մեր տնաբույծ «արևմտամետներն» ասում են, թե եկեք մենք էլ Արցախը կորցնենք ու այդ գնով ինտեգրվենք Արևմուտքին։ Ուղիղ դեռ ամաչում են ասել, բայց մտքներին դա է։ Ավելի ճիշտ՝ իրենց տերերի մտքներին։ Ավելի վտանգավոր ու դավաճանական գաղափար դժվար է պատկերացնելը։ Դա առնվազն հանցավոր մոլորություն է։ Դա «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ...» տխրահռչակ բանաձևի նորացված տարբերակն է։

Մեզ համար մե՜ծ հիմարություն կլինի ներքին քաղաքական օրակարգում առաջին տեղում արտաքին կողմնորոշման հարց դնելն ու անվտանգության համակարգի հետ խաղալը։ Որևէ դեպքում չի կարելի թույլ տալ գերտերությունների մրցակցություն մեր երկրում ու կողմնորոշումների քաղաքականություն, քանզի դրա գինը կլինի ոչ միայն տարածքային, այլ նաև պետականության կորուստը։

Չպետք է թույլ տալ, որ մեր երկրի ներսում դոմինանտային դառնա ռուսամետությունը կամ արևմտամետությունը։ Հակադրություններն էլ որևէ կենտրոնի հետ անթույլատրելի են։ Միայն հայաստանակենտրոն գիծն է, որ կարող է անվտանգ պահել մեր երկիրն այս փխրուն տարաշրջանում։

Հեղափոխական շեղում ու հակահեղափոխական քայլեր

2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունը չէր ենթադրում արտաքին կողմնորոշումներ։ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արտաքին քաղաքական ռևերսների չգնալ, սակայն այլ բանի ենք հիմա ականատես։ Նա չի ուզում, բայց այդպես է ստացվում։

Հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան վտանգված չեն եղել ու երբեք մեր երկրների ղեկավարների միջև այսպիսի անջրպետ ու «դասակարգային» հակադրություն չի եղել։

Անհասկանալի ու անբովանդակ են դարձել նաև Հայաստան–Արևմուտք հարաբերությունները։

Ու քանի որ Փաշինյանի մոտ բովանդակային դատարկություն է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական օրակարգերում և կա միայն պոպուլիզմ, ուստի այդ դատարկությունը շտապում են լցնել դրսի խաղացողները՝ հեղափոխության դրսի փայատերերը։ Արդյունքում՝ Փաշինյանը հայտնվում է այնտեղ, որտեղ չպետք է հայտնվեր և անում է այն, ինչը խոստացել էր չանել։

Փաշինյանն այժմ Հայաստանը դարձրել է «պռախադնոյ դվոռ» դրսի ուժերի (այդ թվում՝ մեր թշնամիների) և դաժան մրցակցության թատերաբեմ՝ խոշոր դերակատարների համար։ Հրապարակ է նետվել թուրքական 5–րդ շարասյունը։

Ինչպես է թուրքական 5–րդ շարասյունը գործում

Երբ բովանդակային դատարկություն է, դրսի ուժերը փորձում են առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային շահերը։ Մեզ մոտ հետաքրքրություն ունեն և ակտիվ խաղացող են ՌԴ–ն, ԱՄՆ–ը, ԵՄ–ն, Իրանը և Թուրքիան։ Նրանց շահերը հիմնականում հակադիր են, ինչն էլ ստատուս–քվո է ապահավում։

Արցախի հարցում կա որոշակի խաղի կանոն։ Հարցի լուծման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։ Այդ սխեման հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հարավային Կովկասում ճանաչվել են ինչպես համաշխարհային խոշոր խաղացողների, այնպես էլ տարածաշրջանային խաղացողներ Իրանի ու Թուրքիայի հետաքրքրությունները։

ՌԴ–ն որպես ԽՍՀՄ իրավահաջորդ այնքան թույլ չէ, որ իր ռազմավարական շահերը չկարողանա պաշտպանել մեր տարածաշրջանում, բայց այնքան ուժեղ չէ, որ միայնակ լուծի բոլոր հարցերն այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին։

ԱՄՆ–ՌԴ մրցակցությունը սառը պատերազմի շարունակությունն է։ ԱՄՆ-ը փորձում է ՌԴ–ին սահմանային երկայնքով սեղմել, իսկ վերջինս ձգտում է իր անվտանգության համակարգը ամրապնդել՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում սեփական ազդեցությունը պահելով ու իր երկրի շուրջն անվտանգության գոտի ապահովելով։

ԱՄՆ–ը ամեն մի տարածաշրջանում աշխատում է ՆԱՏՕ–ական իր օպերատորի միջոցով՝ առաջնորդվելով հարևանության սկզբունքով։ Օրինակ՝ Ուկրաինայի հետ աշխատում է Լեհաստանի ու Հունգարիայի միջոցով։ Մոլդովայի հետ՝ Ռումինիայի միջոցով։ Վրաստանի հետ՝ Թուրքիայի միջոցով։ Այս բոլոր նախկին միութենական երկրներն ունեն տարածքային վեճեր Ռուսաստանի հետ։ Եվ տանուլ են տվել այդ վեճը։

Արցախյան հակամարտությունն առանձնահատուկ է նրանով, որ գտնվում է նախկին ԽՍՀՄ գոտում, բայց վեճը ոչ թե նախկին կենտրոնի, այլ երկու հարևանների միջև է, որոնց ՌԴ–ն ուզում է պահել իր ազդեցության գոտում՝ շատ լավ հասկանալով, որ եթե Ադրբեջանի ախորժակը բավարարվի, ապա ինքը կկորցնի ոչ միայն Հարավային Կովկասը, այլ գլոբալ պարտություն կկրի թուրքական աշխարհից։ Բայց մյուս կողմից էլ Կրեմլն ուզում է նորմալ հարաբերություն ունենալ Բաքվի հետ։ Իսկ դա նշանակում է, որ հայ–ադրբեջանական հարաբերություններում Մոսկվայի դերակատարումը կախված է Երևանի ու Բաքվի միջև առկա հաշվեկշռից։ Եթե մենք շատ թուլանանք, ապա Մոսկվան չի կարող միակողմանիորեն մեզ պաշտպանել, քանզի իր ռազմավարական շահերը ստիպում են չկորցնել նաև Ադրբեջանին։ Ասել է թե՝ ամեն ինչ մեր ձեռքերում է և մենք պետք է դրսում դաշնակիցներ ձեռք բերենք ու ամրապնդենք մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ–ի հետ՝ միայն ապավինելով սեփական ուժերին ու նորմալ պետություն կառուցելով։

Ինչ մնում է արտաքին վեկտորին, ապա դրա վտանգավոր տեղաշարժը կարող է կործանարար լինել մեզ համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային փոփոխությունը, որի ուղղությամբ տանում են Փաշինյանին, օբյեկտիվորեն նշանակում է մեզանում թուրքական ազդեցության մեծացում՝ ի հաշիվ ռուսականի։

Վրաստանի օրինակը շատ ցցուն է։ Այդ երկիրը դուրս եկավ ռուսական ռազմաքաղաքական գոտուց և ընտրեց վեկտոր դեպի Արևմուտք։ Արդյունքում՝ Վրաստանը հիմա դարձել է ադրբեջանական «SOCAR» էներգառեսուրսային ոլորտի ընկերության ու թուրքական կապիտալի կցորդ։ Աջարիայում արդեն ինտենսիվ տեղի է ունենում թրքացում։

Ուշագրավն այն է, որ վրաց ազգայնականները ոչ միայն ու ոչ այնքան հակառուսական գիծ են որդեգրել, որքան հակաթուրքական, քանզի Թուրքիայի կողմից կլանվելը շատ առարկայական տեսք է ստացել։

Արժե նշել մի կարևոր դետալի մասին։ Թուրքական պետությունը կամ Ադրբեջանը չեն սպառնում Վրաստանի անվտանգությանը։ Այդ երկիրը որոշակիորեն նաև ռուսական ազդեցության տակ է՝ չնայած Աբխազիայի ու Օսիայի խնդրին։ Վրաստանում խնդիրը հաշվեկշռին է վերաբերում, այլ ոչ թե պետության գոյությանը։

Մեր դեպքում ծայրահեղ արևմտամետությունը և հակառուսականությունը, այսինքն այն գիծը, որն առաջարկում են Նիկոլ Փաշինյանի նորաթուխ գործընկերները՝ «ծռերն» ու Արման Բաբաջանյանը, ուղղակիորեն նշանակում է պրոթուրքական ուղղություն։ Ու պետք չէ խափնվել «ծռերի» «ռազմահայրենասիրական» պաթոսին կամ Արման Բաբաջանյանի հեղափոխական կուրծքծեծոցիին։ Սրանց հիմնական խնդիրը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն ու Հայաստանի անվտանգության համակարգը ՀԱՊԿ–ից դուրս բերելն է։ Թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել, տեսնում ենք սիրիական քրդերի օրինակով։

Չե՞ն հասկանում սույն շրջանակները այս ամենը։ Հասկանո՛ւմ են։ Հարց է առաջանում՝ եթե հասկանում են, ապա ինչո՞ւ են մեր երկրի անվտանգությանը սպառնացող քայլեր առաջարկում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ թուրքական ներխուժումը Հայաստան և Արցախում ադրբեջական հարձակումը կասեցվում են մեր բանակի ու նաև ռուսական ներկայության շնորհիվ։

Երբ 1993–ին մենք ազատագրեցինք Քարվաճառը (նախկինում՝ Քելբաջար), Թուրքիան զորքերի տեղաշարժ արեց ՀՀ–ի ուղղությամբ, ինչին հաջորդեց ՌԴ–ի կտրուկ արձագանքը։ Թուրքիան դրանից հետո տեղից չշարժվեց։

Բոլորի համար էլ պարզ է, որ մեր երկրի հարավ–արևմտյան սահմանները խաղաղ են բացառապես աշխարհաքաղաքական հաշվեկշռի ու ՀԱՊԿ–ի շնորհիվ։ Նրանք, ովքեր ուզում են խախտել այդ հաշվեկշիռը, միանշանակորեն հանդիսանում են թուրքական 5–րդ շարասյուն, քանզի կրկնենք՝ Արևմուտքն այս տարածաշրջանում աշխատում է իր օպերատոր Թուրքիայի միջոցով, ում ուզում է օգատգործել ՌԴ–ի դեմ։

Այնպես որ մեր ԱԱԾ–ն, եթե իր իսկական գործով զբաղվի, ապա պետք է ոչ թե Արման Բաբաջանյանին ուղեկցի մեկ այլ թուրքական գործակալ Նաիրի Հունանյանի բանտախուց, որպեսզի սրանք քաղաքական առևտուր անեն ու իրենց իրական «պապայի» գիծն առաջ մղեն, այլ մեկ այլ խուց ուղարկի Արման Բաբաջանյանին ու թուրքական 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչներին։ Բայց քանի որ իշխանությունը մեզանում բաժին է հասել դատարկ մարդկանց, ուստի մեր ներքին ու արտաքին օրակարգը լցնում են դրսից, այդ թվում՝ թուրքական 5–րդ շարասյան միջոցով։ Նիկոլ Փաշինյանը խամաճիկ է դառնում դրսի ուժերի ձեռքում։

Այլընտրանք Հայաստանի համար

Միայն Թուրքիային ու Ադրբեջանին են ձեռնտու մեր երկրի ներսում ցնցումները, քրեաքաղաքական հետապնդումները, հանրության պառակտումը, պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև թշնամանքի մթնոլորտը, Արցախը որպես ՀՀ մարզ ներկայացնելը և հակառուսական վեկտորը ՀՀ պետական գիծ դարձնելը։

Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու է այն պատկերը, որն ունեինք մեկ դար առաջ Կարսը կորցնելիս կամ պետությունից զրկվելիս։ Հիմա նրանք իրենց գործակալների միջոցով դա են քարոզում ու դա են առաջ մղում։

Մենք հիմա այնքան ենք թուլացել, որ թուրքական 5–րդ շարասյունը «արևմտամետի» ու «թունդ հեղափոխականի» պիտակի տակ փորձում է օրակարգ թելադրել ու լուրջ դերակատարում է ստանձնել ներքին կյանքում։ Ուզում են ներսից գրավել Հայաստանն ու Արցախը։ Ճիշտ այնպես, ինչպես գերմանացիներն էին ծայրահեղ հեղափոխական բոլշևիկներին հովանավորում՝ նպատակ ունենալով ներսից քանդել 1–ին համաշխարհային պատերազմում Գերմանիայի թշնամի Ռուսաստանին։

Ռուսաստանում գերմանական շարժիչով ծայրահեղական հեղափոխականներ էին ներդրվել, իսկ մեզ մոտ՝ թուրքական շարժիչով են ծայրահեղական յակոբինյան կոդեր դնում շրջանառության մեջ։ Թշնամի պետությունները միշտ էլ այդպիսի տեխնոլոգիայի դիմում են, երբ տեսնում են, որ հակառակորդը ներսից այնքան է թուլացել, որ կարելի է նույնիսկ դրա ղեկավարի քթի տակ կամ նույնիսկ այդ ղեկավարի ձեռքերով քանդել երկիրը։

Եթե մենք ունենայինք այդպիսի հնարավորություն, ապա չէի՞նք քանդի ներսից Ադրբեջանը։ Իհա՛րկե, կքանդեինք։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ նույն բանը չեն մտածել և չեն իրագործում թուրք–ադրբեջական շրջանակները՝ օգտվելով Փաշինյանի դատարկությունից։ Այնպես որ արմանբաբաջանյանները ոչ թե հեղափոխականներ են, ոչ թե արևմտամետներ են, ոչ թե ընդդիմադիրներ են, այլ բացահայտված թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։

Հայաստանակենտրոն բոլոր ուժերի խնդիրն, ըստ այդմ, պետք է լինի համախմբվելն ու այլընտրանքային ուղի առաջարկելը։ Այս իշխանությունը դատարկություն է։ Վտանգավո՛ր դատարկություն։ Հետևաբար՝ պետք է հեռանա։

Հայաստանը և Արցախը կարիք ունեն ազգային ուժերի, որոնք և՛ ՌԴ–ի, և՛ ԱՄՆ–ի, և՛ ԵՄ–ի հետ արդյունավետ հարաբերվելու բանաձև կառաջարկեն ու մեր երկիրը զերծ կպահեն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամի ֆունկցիայից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը