Լրահոս

07.05.2010 17:15


Չեխիայի ԱԳ նախարարը հուսով է, որ մադրիդյան նորացված փաստաթուղթը հակամարտության կարգավորման հիմք կհանդիսանա

Չեխիայի ԱԳ նախարարը հուսով է, որ մադրիդյան նորացված փաստաթուղթը հակամարտության կարգավորման հիմք կհանդիսանա

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում Չեխիայի արտգործնախարար Յան Կոգոուտն ասել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին։

-Ինչպես գիտեք, նախկին Չեխոսլովակիան Մինսկի խմբի առաջին անդամներից մեկն էր, և մենք վստահ ենք, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում այդ խումբը պետք է պահպանի իր առաջնային դերը։ Այդ կապակցությամբ Չեխիայի Հանրապետությունը կողմ է արտահայտվում հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Մինսկի խմբի շրջանակներում ամրագրված բոլոր սկզբունքների վրա, ներառյալ ինքնիշխանության հարգումը, տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Եվ Չեխիան պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Չեխիայի ԱԳ նախարարը։

Նա նաև հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն ուղիղ բանակցություններն են և այդ առումով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների նախորդ տարվա ակտիվացումը.

-Հուսով եմ, որ մադրիդյան նորացված փաստաթուղթը, որը հունվարի վերջին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, հակամարտության վերջնական կարգավորման հիմք կհանդիսանա։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը