Մեկնաբանություն

31.10.2019 10:33


Ովքեր են Հոկտեմբերի 27-ի շուրջ քարոզչական ահաբեկչության շահառուները

Ովքեր են Հոկտեմբերի 27-ի շուրջ քարոզչական ահաբեկչության շահառուները

Որեւէ իրադարձության, երեւույթի ճիշտ կամ սխալ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գնահատական տալու համար կարեւոր է, թե ինչ մեկնակետից ես նայում դրան` ի՞նչ ես դնում դրա հիմքում։ Առավել եւս, երբ խոսքը պետության «մեջքը կոտրած» հրեշավոր ոճրագործության մասին է, ինչպիսին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր։

Մեր պատմության այդ ամոթալի էջը 20 տարի անխնա շահարկվել եւ շահարկվում է`սկսած այն «պատմական» պահից, երբ խելամտության կանխավարկածին հակառակ` գործի քննությունը, հայտնի շրջանակների պահանջով, հայտնվեց ոչ թե գլխավոր դատախազության, այլ զինդատախազության վարույթում` Գագիկ Ջհանգիրյանի «հովանու» ներքո։ Մեկը, որի տխրահռչակ մեթոդների, մինչ այդ վարած աղմկալի գործերի «որակի» մասին բազմիցս բարձրաձայնել են իրավապաշտպան կազմակերպությունները։

Գործը հենց սկզբից ուղղորդվեց կեղծ հետքով

Քննչական խումբը կենտրոնացել է բացառապես մեկ վարկածի վրա` ելնելով ի սկզբանե կեղծ մեկնակետից, որ «Միասնություն» դաշինքը ստեղծվել եւ ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել` ի հեճուկս նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Այսինքն`ոչ թե «հանուն», այլ` ընդդեմ. որպես իշխանական եռյակում` մի կողմից նախագահի, մյուս կողմից` վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի միջեւ գլուխ բարձրացրած «հակամարտության հանգուցալուծում»։

Սա` այն դեպքում, երբ չկա եւ չի եղել հրապարակային որեւէ դրսեւորում, որ կհիմնավորեր այդ «վարկածը»։ Միայն`ՀՀՇ-ական շրջանակներում եւ մամուլում, առաջին հերթին` Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ում փութաջանորեն շրջանառվող անապացույց «պնդումներ»` առ այն, որ Քոչարյանը, բան ու գործ թողած, մտածում է «Միասնություն» դաշինքը թուլացնելու եւ իր դիրքերն ամրապնդելու մասին, Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանն իրենց հերթին դավեր են նյութում նախագահի դեմ։ Այսինքն` ունենալով ծանրակշիռ մեծամասնություն ԱԺ-ում, «էնքան չկային», որ հրապարակավ հակադրվեին Քոչարյանին ու իր վարած քաղաքականությանը, ինտրիգների, խարդավանքների դաշտում էին փորձում «ազատվել» նրանից։

Հարց է ծագում. Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի մերձավորները` ընտանիքի անդամները («մերձավոր զինակիցներ» եւ «մտերիմներ» ներկայացողները, որ տարիներ շարունակ հայտարարություններ էին անում եւ այսօր էլ խոսում են սպանված գործիչների անունից, հաշիվ չեն), որեւէ թթու խոսք լսե՞լ են նրանցից Քոչարյանի մասին։ Արամ Սարգսյանը լսե՞լ է։ Չի՛ լսել։ Եթե լսած լիներ, հիմա 100 անգամ արդեն ասել էր, բարձրաձայնել էր, որ եղբայրը «փոշմանել» էր 1998-ի իր ընտրության` Տեր-Պետրոսյանից տարանջատվելու եւ Քոչարյանի կողքին կանգնելու համար, եւ ուզում էր «ուղղել իր սխալը»։

Ինչի համար էլ, ըստ շահարկողների, նախագահը «պլանավորել եւ իրականացրել» է Հայաստանի «ճակատին» խարան դարձած, երկիրը տեւական ժամանակ անկայունության, փոխադարձ մեղադրանքների, կասկածամտության պատանդ դարձրած դարակազմիկ հանցագործությունը։ Մինչդեռ, պետք չէ շատ խորաթափանց լինել` հասկանալու համար, որ միայն խելագարը կարող էր սեփական երկրում նման «նախճիր» կազմակերպել` քաջ իմանալով, որ հետո իրեն են մեղադրելու դրա համար։

Ավելին`ահաբեկչությունից 20 տարի անց Արամ Սարգսյանն ուղիղ տեքստով ասաց, որ որեւէ լարվածություն չի նկատել եղբոր եւ նախագահի հարաբերություններում, Քոչարյանին կասկածելու որեւէ հիմք չի ունեցել` համարել է նրան ընտանիքի բարեկամ, Վազգենի ընկերը եւ զինակիցը։ Իսկ թե հետո ով կամ ովքեր նստեցին նրա ականջին` ստիպելով «նորովի» անդրադառնալ տեղի ունեցածին` երեւիթե պետք չէ բացատրել։

Ռոբերտ Քոչարյանի շուրջ պնդերես շահարկումների մասին ամենից լավ ասել է ինքը` Վազգեն Սարգսյանը, 1999թ. հունվարի 29-ին` ՀՀԿ 5-րդ (նախընտրական) համագումարում իր հայտնի ելույթում. «Իմ եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասին։ Վերջին մեկ տարում ով չի հոգնել` այս մասին խոսել է։ Ասում եմ մեկընդմիշտ` առաջին եւ վերջին անգամ. մենք մտերիմ ընկերներ ենք, մենք մարտական ընկերներ ենք` կապված ենք նաեւ ճակատագրով։ Ես երբեք Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու` հույսներդ կտրե՛ք։ Մենք նաեւ ապացուցելու բան ունենք։

Լեւոն Տեր-Պետրոսյանը, հեռանալով, մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել։ Մենք գիտենք, որ ճիշտը մե՛նք էինք, բայց նաեւ ձեզ, մեր ժողովրդին պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք էինք։ Նախագահական արտահերթ ընտրությունների մասին մտքներիցդ հանեք։ Հաջորդ նախագահական ընտրությունները կարող են Հայաստանի համար կործանարար լինել» (եվ ո՞վ գիտի` Հոկտեմբերի 27-ը կլինե՞ր, եթե Վազգենն այդքան պարզ եւ աներկբա չասեր` հույսներդ կտրե՛ք)...

Գեբելսյան քարոզչությունը եւ Հոկտեմբերի 27-ը

Այդքանից հետո էլ ՀՀՇ-ական թերթերը՝ ՀԺ-ի «առաջնորդությամբ», շարունակում էին պտտացնել Քոչարյան-Վազգեն Սարգսյան, Քոչարյան-Կարեն Դեմիրճյան «սուր հակասությունների» վարկածը։ Վազգենի վարչապետ նշանակվելուց հետո «շիրա էին տալիս», թե` կառավարությունը ուր-որ է կտապալվի, չի կարող տեսանելի, արագ արդյունքներ արձանագրել, ու Քոչարյանը, դրանից օգտվելով, պաշտոնանկ կանի վարչապետին։ Թե Վազգենը օր առաջ պիտի իրենով անի Հանրային հեռուստաընկերությունը` պաշտոնանկ անի Տիգրան Նաղդալյանին եւ իր «մարդուն» նշանակի Հ1-ի տնօրեն, թե չէ` վերջը վատ կլինի եւ նման բաներ։

Պատահական չէ, որ միակ լրատվամիջոցը, որին Վազգեն Սարգսյանը երբեւէ հրապարակավ քննադատել է` հորդորելով զերծ մնալ անբարո շահարկումներից, չխեղաթյուրել իրականությունը, Նիկոլ Փաշինյանի ՀԺ-ն է։

Բայց շահարկողներին այս ամենը չի «հետաքրքրում»։ Ժողովրդին` մեծ հաշվով, նույնպես... Ժողովուրդը այդ «նրբությունների» մեջ խորամուխ լինելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն` երկու տասնամյակ շարունակ լսել է այն, ինչ իրեն մատուցել են ՀՀՇ-ական, ՀՀՇ-ամերձ լրատվամիջոցները` ստեղծելով քարոզական այն ֆոնը, որի վրա կարելի էր մատը տնկել գործող նախագահի վրա եւ ասել` նա՛ է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը։ Եթե անգամ չի կազմակերպել, ապա` ամեն ինչ արել է պատվիրատուներին ու դրդիչներին կոծկելու համար։

Երկրորդ վարկածը, երկրորդ մեկնակետը`դրանից բխող բոլոր հետեւանքներով, ընդհանրապես քննության առարկա չի դարձել։ Ավելին` համառորեն կառչելով հիշյալ վարկածից եւ շրջանցելով բոլոր մնացած հնարավոր տարբերակները, քննչական խումբը գիտակցաբար կամ ակամա գործը ուղղորդել է կեղծ հետքով. շեղել է «հարվածի ուղղությունը» Հայաստանի իշխանությունը սասանելու, ջլատելու հարցում շահագրգիռ արտաքին եւ ներքին ուժերից։

Ահաբեկչական գործողության «արտաքին հետքը» գրեթե անտեսվել է՝ չնայած գործում կան տվյալներ գլխավոր ահաբեկչի «թուրքական կապերի», Թուրքիա կատարած «այցելության» մասին, որի ընթացքում Հունանյանը զարմանալիորեն «բարձր մակարդակի» ընդունելության է արժանացել. մի բան, որ որեւէ կերպ չէր բխում իր կարգավիճակից`նա այնտեղ էր անհասկանալի «լրագրողական առաքելությամբ», որի արդյունքն այդպես էլ չներկայացվեց հանրությանը. Հանրայինը հրաժարվեց հեռարձակել Հունանյանի ստեղծագործական որոնումների պտուղը (այստեղից` թշնամական վերաբերմունքը Տիգրան Նաղդալյանի նկատմամբ, որին իր սեւ գործն անելուց հետո հայհոյել էր վերջին խոսքերով, թեեւ դա չխանգարեց, որ Տիգրանին էլ փորձեն «կապել» գլխավոր ահաբեկչի հետ)։

Ինչ վերաբերում է ներսի «շահագրգիռ ուժերին», ապա դա նախ եւ առաջ ՀՀՇ-ն էր՝ իշխանության մեջ դեռեւս պահպանված իր վերջին «մնացորդներով», որ ուղիղ երկու տասնամյակ ջանք ու եռանդ չեն խնայում` իրացնելու ահաբեկչությունը Քոչարյանի ուսերին բարդելու իրենց նկրտումները, հիմա էլ` «գործ տվող» հայտնի պատգամավորի ձեռամբ։

Ո՞ւմ էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ի ահաբկչությունը

Հիշեցնենք` 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀՇ-ն դուրս էր մնացել խորհրդարանից եւ զրկված էր որոշումների վրա ազդելու լծակներից։ Միակ բանը, որ կարող էր փրկել ՀՀՇ-ին վերջնական փլուզումից, կարող էր լինել իրավիճակի կտրուկ փոփոխությունը։

Կարկառուն ՀՀՇ-ական, այն ժամանակ` ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի նկատմամբ ՆԳ համակարգում պատվիրված սպանություններ իրականացնող զինված բանդա ստեղծելու եւ հովանավորելու մեղադրանքով հարուցված քրեական գործի դատաքննությունը մտնում էր վճռական փուլ. եթե մինչ այդ Վանոյին դեռ հաջողվում էր «պլստալ» ճաղերի հետեւում հայտնվելուց, ապա 27-ի նախօրեին նրա կալանքի հարցը սկզբունքորեն արդեն լուծված էր։

Հենց այդ շրջանում` ԱԺ-ի վրա զինված հարձակումից մեկ, թե երկու օր առաջ, Սիրադեղյանը «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց եւ լրագրողի հարցին, թե` ինչը կարող է կանխել իրադարձությունների «անցանկալի» զարգացումը, միանշանակ ասաց. «Քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունը»։ Արխիվները փորփրելու դեպքում «Ազատությունը» կարող է գտնել հարցազրույցի ձայնագրությունը։

Գրեթե միաժամանակ «Հայկական ժամանակը» շատ կարճ` երկու-երեք տողով խոր հիասթափությամբ արձանագրեց. սուտ է, թե Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը տարաձայնություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ. ոչ մի տարաձայնություն էլ չկա` միասին նույն գործն են անում։

Ու... եղավ այն, ինչ եղավ։ Հոկտեմբերի 27-ը ցնցեց մեր պետության հիմքերը, եւ եթե ամեն ինչ գնար նախանշված սցենարով`Ռոբերտ Քոչարյանը չկարողանար իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել, տեղի տար «ռազմահհշական վերնախավի» ճնշումներին`ձեռքերը վեր բարձրացներ եւ փաստացի իշխանությունը հանձներ հայտնի ցուցակում նշված անձանց, որից հետո նախագահի «հրաժարականը» տեխնիկայի հարց կլիներ, կգար «անտառապահը»` «հիմնադիր նախագահը», եւ ամեն ինչ «իր տեղը» կդներ։

Իրադարձությունների նման զարգացման դեպքում շահարկողները հաստա՛տ մատը չէին տնկի «հիմնադիրի» վրա, հեռահար ակնարկներ եւ ուղղակի մեղադրանքներ չէին հնչեցնի հանցագործության «իրական կազմակերպիչների» եւ «շահառուների» հասցեին, իրենց չէին կոտորի` փնտրելով իրենց տանջող հարցի պատասխանը. ո՞ւմ էր ձեռնտու 27-ի ահաբեկչությունը, ո՞վ եւ ինչ շահեց դրա «արդյունքում»։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը