Մեկնաբանություն

01.11.2019 11:20


Սապատավորին միայն գերեզմանը կուղղի

Սապատավորին միայն գերեզմանը կուղղի

Պառլամենտարիզմի «անհաս գագաթ» Արարատը`ԱԺ խոսնակ աշխատող Արարատ Միրզոյանը, Արդարադատության դեղնակտուց նախարարը`Ռուստամ անունով, եւ եվրոպացի պաշտոնյաների հետ «տվող-առնող» մյուս քայլարածները հավանաբար շա՜տ են ջանացել` Վենետիկի հանձնաժողովից կորզելու դիվանագիտական շրջանցիկ, անորոշ ձեւակերպումներով լղոզված մի հայտարարություն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որ շա՜տ ջանալու (իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դնելու) դեպքում կարող են մեկնաբանել որպես «հաջողություն» եւ անգամ` «հաղթանակ»։

Արարատը, որ անձա՛մբ է ընդհուպ` «պինցետով» (մեջտեղ բերելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «հիմնական խոչընդոտը»` ՍԴ ներկայիս կազմից եւ հատկապես ՍԴ գործող նախագահից ազատվելու անհետաձգելի անհրաժեշտությունը) քերել-հանել համեմատաբար զուսպ այդ փաստաթուղթը, եւ լավ գիտի` ինչ է մտածում Վենետիկի հանձնաժողովը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սանձազերծված պատերազմի մասին, դեռ չի ասել «տղամարդու» իր խոսքը։

Նրա փոխարեն դա արեց Արդարադատության երիտնախարարը` խոստանալով հետեւություններ անել եվրոպացի փորձագետների «պոլիտկոռեկտ» գնահատականներից։ Բայց... այստեղ կա մի մեծ բայց, որ ամբողջությամբ փոխում է «ճգնաժամի հանգուցալուծման» իրենց տեսլականը։

Փոխադարձ հարգանքը, որի մասին խոսում է Վենետիկի հանձնաժողովը` փոխադարձ հարգանք, «սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ` ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունք է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է այդ պաշտոնում»,-հայտարարեց նա։ Եվ երդվեց` «որեւէ ճնշում որեւէ անձի նկատմամբ չի եղել»։ Ինչո՞ւ այդ «խնդիրը» գլուխ բարձրացրեց միայն Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի որոշումից հետո`չասաց։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, արտաքին քաղաքականության «աս» Ռուբեն Ռուբինյանն իր հերթին իրեն «ռետինե խողովակի» տեղ դրեց` ասելով. «Այս հայտարարությամբ եւ հատկապես դրա վերջին մասով հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանում սահմանադրականության խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել։ Սա հենց այն է, ինչ մենք շարունակ ասում ենք»։

Գործընկերներից հետ չմնաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «հին» Հայաստանում`Թովմասյանի աշխատակազմի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Իմ կարծիքով` որեւիցե եղանակով այս հարցի վերաբերյալ մտահոգվելու որեւիցե հիմք չունենք, ընդհակառակը`հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծում է այն, որ ՀՀ կառավարությունը, Վենետիկի հանձնաժողովը բավականին ակտիվ համագործակցում են»։ Իբր` ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, թե ԱԺ-ը կամ կառավարությունը խոչընդոտեր ՍԴ բնականոն գործունեությունը։

Քայլարածներն անգամ խմբակցության փակ նիստ հրավիրեցին` քննարկելու եվրոպացի փորձագետների «վերդիկտը» եւ Սահմանադրական դատարանի դեմ «ահաբեկչական գործողությունների» հետագա մարտավարությունը։ Եվ ի՞նչ։ Պարզվեց`միակ հետեւությունը, որ արել են, այն է, որ ոչ մի հետեւություն էլ պետք չէ անել այդ ամենից. մինչեւ արյան վերջին կաթիլը կկռվեն, կյանքը կտան օրինականության, սահմանադրականության եւ ժողովրդավարության դեմ կենաց-մահվան պատերազմում, բայց մազաչափ չեն նահանջի ՍԴ-ն Նիկոլի դռանը վնգստացող շուն դարձնելու պլանային առաջադրանքից։

Չօգնեց նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հարցազրույցը, որտեղ նա հատուկ` ուշ հասկացողների համար բացատրեց. «Մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում ՍԴ-ը շատ հարվածների տակ է հայտնվել, եւ բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»։

«Կրուտիտների» տեղ չթողնելու համար նաեւ արձանագրեց այն, ինչը ակնհայտ եւ անառարկելի է ցանկացած մեկի, բայց ո՛չ երբեք Նիկոլի ու իր արբանյակների համար. «Ընդունված պրակտիկա չէ յուրաքանչյուր կառավարության փոփոխությունից հետո ձեռնամուխ լինել նաեւ ՍԴ կազմի փոփոխության. Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է, որ դատավորները նշանակվում են` պաշտպանելու Սահմանադրությունը եւ ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինխրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ»:

Ավելին՝ «նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել` քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը»։

Իսկ ամենաարտառոցն այս պատմության մեջ այն է, որ Բուքիքիոյին առաջիններից մեկը, եւ շատ հուժկու, հակադարձեց ոչ թե Արարատը, ոչ թե Ռուստամը կամ թեկուզ Վլադիմիր Վարդանյանը, այլ... պապից ավելի կաթոլիկ նիկոլական, տեղ-տեղ ընդդիմադիր «կլասիկ» պատգամավորը` մուննաթ գալով. ո՞վ է Բուքիքիոն, որ մեր գլխին խրատ կարդա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը