Մեկնաբանություն

06.11.2019 23:35


Անպարագիծ նկրտումներով վախկոտ, կարճամիտ, կարճատես, սնափառ, սնամեջ պուճուր մարդու հոգեբանությամբ ՅՈ՞ ԵՐԹԱՍ

Անպարագիծ նկրտումներով վախկոտ, կարճամիտ, կարճատես, սնափառ, սնամեջ պուճուր մարդու հոգեբանությամբ ՅՈ՞ ԵՐԹԱՍ

Ինչքան երկարում է Նիկոլ Ամենակարողի «աստեղային ժամը», այնքան ակնհայտ է դառնում, որ անգրագետ Պողոսի եւ իր բազմանդամ անգրագետ ընտանիքի սրտի քաջ նազարը լռվել-մնացել է ոչ հեռու անցյալի «թավշյա բոլոլաների» խաչմերուկում. մինչեւ ականջները խրվել է իրեն վճարովի եւ անվճար ծառայություններ մատուցող «խեղափոխական» ֆեյսերի, ֆեյքերի, ֆեյքնյուզերի եւ ընտրովի-սարքովի վիճակագրության «գծած» վիրտուալ իրականության մեջ, որտեղ ամեն ինչ «փայլուն» է, ու ոչ մի կերպ չի ուզում վերադառնալ «անփառունակ ներկա»... Չի ուզում, եւ վերջ...

Ջայլամի պես գլուխը մտցրել է ավազի մեջ, ձեւացնում է, թե ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում։ Հե՛նց աչքին «բան» է երեւում` վախն ընկնում է սիրտը, Նազարի պես ձայնը գցում է գլուխը ու սպառնալի թափահարում թավշյա դրոշը, որի վրա գրված է` «Անհա՛ղթ հերոս, քաջ Նազար, որ մին զարկի, ջարդի՛ հազար» (հիմա դրան ասում են` «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը` իմ ընտանիքը»). Տեղնուտեղը լայվ է մտնում եւ ինքն իրեն «դուխ» տալիս, թե ոչինչ չի փոխվել` «ժողովրդի» ջախջախիչ մեծամասնությունը, սարի պես կանգնած է իր մեջքին, առավոտից իրիկուն աղոթում է իր քաջառողջության եւ «հոգու հանգստության» համար, Աստված է կանչում, որ քաղցր աչքով նայի իր «ընտրյալին»`չար աչքից հեռու պահի, կամք եւ զորություն տա` շարունակելու եւ հաղթական ավարտին հասցնելու մեկուկես տարի առաջ ցրցամ տված «հեղաշրջիչ ծրագրերը»։

Մեկ-մեկ էլ` երբ «դոզայի» տակ է մնում, ասում է, որ իր ու նազիր-վեզիրների հանդեպ վստահությունն «է՛լ ավելի է մեծացել». երկնքի աստղերին հաշիվ կա, իր արեւով երդվողներին հաշիվ չկա։

Որպեսզի այս «բյուրեղյա երազանքը» փշուր-փշուր չլինի` բախվելով դաժան իրականությանը, ինքն իրեն ներշնչում է, որ իր ստեղծած ծուռ հայելիների թագավորության մեջ ընդդիմություն չկա ու չի կարող լինել. կան մի խումբ ռեւանշիստներ (դավադիրներ), որոնք, օգտվելով իր մեծահոգությունից (որ հանդուրժում է նրանց ներկայությունը մեդիա դաշտում, կացնային մեթոդներով կուլակաթափ չի անում, բոմժ չի դարձնում, որ «պեռաշկիին կակա ասեն» ու չմտածեն ուրիշ բաների մասին), փորում են իր տակը` ինչպես կարող են, փորձում իրենից սուլթանական կայֆերից աչք չբացող, ժողովրդի հոգսուցավին անհաղորդ, չտես-գյոռմամիշ պողոսների թագավոր սարքել։

Եվ այդպես էլ ապրում եւ «կառավարում» է` դեղերը ժամանակին խմելով, որ պատրանքը չցնդի՝ հավատալով, որ «նոր Հայաստանի» արեւի տակ դժգոհներ չկան, դժգոհություն չկա` կա դժգոհության իմիտացիա, եւ կան շահարկողներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում`նսեմացնելու իր մեծագործությունները, տնտեսական թռիչքաձեւ աճից մինչեւ Արցախի հարցում նշմարվող «հետաքրքիր դինամիկա» եւ ռազմատեխնիկական հեղափոխություն։

Ու կողքին չկա մեկը, որ ասի`լավ, հո ձեռքդ կրակը չենք ընկել. նրա համա՛ր չենք քեզ գլխներիս թագավոր կարգել, որ սրընթաց բարելավես կյանքդ, աղքատությունը հանես գլխիցդ` թքած ունենալով Պողոսի եւ իր բազմամարդ ընտանիքի վրա, նախարարներիդ, փոխնախարարներիդ, «գլխավոր քարտուղարներիդ» աշխատավարձերը կրկնապատկես, հասցնես 1,5 միլիոն դրամի, իսկ կենսաթոշակներն ավելացնես 3500 դրամով, հարկատուների հաշվին մեկի տեղը երկու երկու գերժամանակակից զրահապատ «Մերսեդես» առնես, երկու միլիոնանոց «ռեմոնտ» անես ապօրինաբար ձեռք բերած առանձնատանդ, դեռ մի բան էլ` 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռի հայտ ներկայացնես։

Նրա համա՛ր չենք վստահության քվե տվել, որ «Ստամբուլյան կոնվենցիան» դեմ տաս ժողովրդին, ու պղծես, այլասերես «տեղական արտադրության» եւ արտասահմանից ներմուծված ամեն տեսակ դուրսպրծուկների`սեռախեղված-սեռափոխ-դավանափոխ փոքրամասնությունների «առաջադիմական» փերֆորմանսներով, թիրախավորես ընտանիքը, լկտի մարտահրավեր նետես Եկեղեցուն, հայոց լեզվին, գրականությանը եւ պատմությանը, հանես Հայ Եկեղեցու պատմությունը հանրակրթական դպրոցներից, ռազմագիտությունը՝ որպես անպետք իր, նետես «պատմության աղբանոց»։

Կամ` բանտերը լցնես «էլիտար» քաղբանտարկյալներով, պատանդ վերցնես Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին ու իր աջակիցներին, գործեր կարես ՍԴ նախագահի եւ իր հետ «փոխկապակցված անձանց» վրա, «ծնկի բերես» Արցախի հերոսներին ու գեներալներին, «Ադրբեջանին բավարարող» լուծում փնտրելու անվան տակ` սուր ճոճես Արցախի վրա, թշնամանք սերմանես արցախցիների հանդեպ` վերակենդանացնելով ԼՏՊ-ից ժառանգած «քանի Արցախը չենք հանձնել, վատ ենք ապրելու» արատավոր թեզը։

Եվ սուպերվարչապետական անսահմանափակ լծակները հաստա՛տ նրա համար չենք ձեռքդ տվել, որ դատական համակարգի հերն անիծես, Սահմանադրությունը դարձնես «չուլ», փորձես «բուդկի պես սեփականաշնորհել» Սահմանադրական դատարանը, կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով վերացնես սեփականության ինստիտուտը, որպես այդպիսին`սեփական քմահաճույքներդ ներկայացնես որպես «ժողովրդի պահանջ», բզբզաս Հոկտեմբերի 27-ը` մարդասպան ահաբեկչին «երկրորդ շնչառություն» տալով եւ դարձնելով քաղաքական բանսարկությունների գործիք։

2018թ. ապրիլին` կողքիդ կանգնելով, չենք պատվիրել քանդել Հայաստանը եւ կազմալուծել Հայաստան-Արցախ միասնությունը։ Եթե դա՛ է ուզածդ, բարի եղիր` վստահության հանրաքվե անցկացրու, ստացի՛ր ժողովրդի թույլտվությունը, ու... սատանա՛ն քեզ հետ` արա՛ այն, ինչ թելադրում են տերերդ, եթե կարող ես...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը