Մեկնաբանություն

14.11.2019 11:05


Խափանման միջոցն իբրև պատժամիջոց օգտագործելու «նուրբ արվեստը»

Խափանման միջոցն իբրև պատժամիջոց օգտագործելու «նուրբ արվեստը»

«Թավշյա գեներալները» սաստիկ մտահոգ են, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր փաստաբանները ոչ մի կերպ չեն ուզում խաղալ իրենց պարտադրվող խաղի`առանց կանոնների մարտի կանոններով. համաձայն չեն համակերպվել նախագահի իրավունքների, այդ թվում` պաշտպանության իրավունքի ճչացող խախտումների հետ եւ փորձում են ողջ ծավալով իրացնել օրենքով սահմանված իրենց իրավասությունները։

Արդեն տեւական ժամանակ է` սրանք մեղադրանքը պաշտպանող դատախազների, տուժողների իրավահաջորդների, փաստաբանների եւ լրատվական «կցորդների»` քարոզիչների միջոցով առաջ են «բրթում», տանում ակնհայտ կեղծ թեզը, թե երկրորդ նախագահի պաշտպաններն իբր ամեն ինչ անում են` կոծկելու ճշմարտությունը։ Ու դրա համար «պերմանենտ» միջնորդություններով ամեն կերպ ձգձգում են գործի քննությունը` չեն թողնում, որ դատական գործընթացը դուրս գա փակուղուց (Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության դաշտից) եւ վերջապես մտնի «ապացույցների հետազոտության»`վկաների հարցաքննության փուլ։

Քարոզչական այս պղպջակի միջոցով փորձում են թոզ փչել անգրագետ Պողոսի եւ իր բազմանդամ անգրագետ ընտանիքի աչքերին, ստեղծել պատրանք, թե 80 հատորից կազմված հաստափոր գործում կան Քոչարյանին մեղսագրված «ծանր հանցագործությունը» մերկացնող հզոր փաստեր`անհերքելի ցուցմունքներ, որոնք լիուլի բավարար են երկրորդ նախագահին առնվազն ցմահ «փակելու» համար։ Եթե, իհարկե, «թավշյա իրավագիտության» մտքի տիտանները մի բան չհորինեն։

Մեղադրող կողմի «տվայտանքները» կարելի է հասկանալ։ Խնդիրն այն է, որ հետամուտ լինելով նախագահի խախտված իրավունքներին` հետեւողականորեն վիճարկելով կալանքի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, մատնացույց անելով դատական այս ռազբորկայի ընթացքում ընդունված բացահայտ անհիմն ակտերի անօրինականությունը, Քոչարյանի փաստաբանական խումբը խփում է պատվիրատուի գործին, եւ շատ ցավոտ։

Եթե հիշում եք, գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող Արթուր Դավթյանը գործը դատարան ուղարկվելուց առաջ անթաքույց հպարտությամբ ազդարարեց` մարտիմեկյան «շոուն» սկսվում է. «շա՜տ հետաքրքիր ներկայացում» է լինելու` բոլոր երեք նախագահների եւ նախկին բարձրաստիճանների մասնակցությամբ, այնպես որ սուր զգացողությունների սիրահարները ձանձրանալու առիթ չեն ունենա։ Բայց արի ու տես, որ պաշտպանական կողմը դիմադրում է, թույլ չի տալիս, որ շոուն մտնի հունի մեջ եւ ընթանա նախապես գծված սցենարով։

Իսկ սցենարը «հանճարեղության չափ» պարզ է. չորս-հինգ (հաշվի առնելով դատական նիստերի հաճախականությունը`շաբաթը մեկ, առավելագույնը երկու նիստ, գուցե` վեց կամ յոթ) տարի ծամոնի պես ձգել դատական գործընթացը։ Հարցաքննել դատակոչված 800-ից ավելի վկաների, որոնց «սարսափ պատմությունները» Մարտի 1-ի հեղափոխական «բոլոլաների» մասին, որպես կանոն, որեւէ առնչություն չունեն Քոչարյանին մեղսագրված արարքների` «սահմանադրական կարգը տապալելու» եւ «բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու» հետ. այն, ինչ այսօր էլ մեծ հաճույքով անում են տուժողների իրավահաջորդներն ու սրանց փաստաբանները, որոնց ասելիքը մեկն է`ինչ որ մեկը պետք է պատասխան տա 10 չբացահայտված սպանությունների համար, եւ այդ մեկը Ռոբերտ Քոչարյանն է, անկախ նրանից` գործով սույնը հիմնավորող ապացույցներ ձեռք բերվե՞լ են, թե՞ ոչ։

Ինչո՞ւ հենց նա. որովհետեւ իրեն հասու միջոցներով` իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, կանխել է պետական հեղաշրջման փորձը` մայրաքաղաքի կենտրոնը գրաված «խաղաղ ցուցարարներին» թույլ չի տվել 22 տոկոս ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանին տանել նախագահական ու «նստեցնել» նախագահի աթոռին։ Իսկ դա, մեղադրող կողմի գնահատմամբ`այլ բան չէ, քան սահմանադրական կարգի տապալում, եւ ամենեւին կապ չունի, որ «հանցագործության» պահին Քրեական օրենսգրքում նման հոդված չի եղել։

Այդ ամբողջ ժամանակահատվածում, սցենարի համաձայն, նախագահը պետք է գտնվի անազատության մեջ։ Եվ գլուխը քարը, թե «դատաքննության արդյունքում» մեղադրանքը կարող է եւ չհաստատվել (Դանիբեկյան Աննայի նախագահությամբ ընթացող պրոցեսը գործնականում բացառում է այդ հնարավորությունը, բայց դե`տեսականորեն ամեն ինչ հնարավոր է)։

Այսինքն` դատարանը, ըստ սցենարի հեղինակի (բոլորը գիտեն, որ դա Հայաստանի թիվ 1 ստեղծագործող Նիկոլ Փաշինյանն է), պետք է գնահատական տա ոչ թե «մեղադրյալի» գործողություններին`պարզի, որքանո՞վ այդ գործողությունները համապատասխանել կամ հակառակը` հակասել են Սահմանադրությանը, եւ ըստ այդմ` որոշում կայացնի, ելնելով բացառապես այն վկաների ցուցմունքներից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են արտակարգ դրություն մտցնելու մասին Քոչարյանի հրամանագրին կամ բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը կանխելուն ուղղված քայլերին, այլ` մեղադրանքի հետ զրո առնչություն ունեցող «լոլոներին»։

Սրանով մի հարց է լուծվում. խափանման միջոց կալանքը օգտագործել որպես պատժամիջոց` անձին առանց դատավճռի տարիներ շարունակ փակի տակ պահելու գործիք։

Մի բան, որ արմատապես հակասում է ոչ միայն աղքատ ազգականի վիճակում հայտնված «ազգային օրենսդրությանը», այլեւ միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Եվ իրավական այս «անվերծանելի շիլան» եփողները երբ էլ լինի` պատասխան են տալու դրա համար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը