Մեկնաբանություն

14.11.2019 11:00


Ի՞նչն է հոգեպես ավելի ազնիվ. զորակցե՞լ, թե՞ «ոչ» ասել Նիկոլի անձնիշխանությանը

Ի՞նչն է հոգեպես ավելի ազնիվ. զորակցե՞լ, թե՞ «ոչ» ասել Նիկոլի անձնիշխանությանը

Կա տեսակետ, թե չի կարելի «խփել» իշխանություններին` նկատի ունենալով, որ հենց իշխանություններն են լավ, թե վատ ներկայացնում եւ պաշտպանում մեր շահերը արտաքին գործընկերների հետ հարաբերություններում։

Առավել եւս, երբ ունենք չլուծված հակամարտություն, որի հանգուցալուծումը մեծապես կախված է իշխանության լեգիտիմությունից. որքան ամուր է իշխանությունը, ինչքան շատ է հասարակությունը եւ, մասնավորապես, քաղաքական դաշտը վստահում «ժողովրդի ընտրյալներին», այնքան անխոցելի է պետությունն արտաքին մարտահրավերների առջեւ, եւ այնքան ուժեղ են մեր խաղաքարտերը բանակցային գործընթացում։ Այլ կերպ ասած` «խփելով իշխանությանը»` թուլացնում ենք Հայաստանն արտաքին ճակատում, եւ հակառակը` լոյալություն պահպանելով իշխանությունների նկատմամբ` ամրապնդում ենք մեր դիրքերը բանակցությունների սեղանի մոտ։

Բայց արդյոք այդպե՞ս է։ Արդյոք լոյալություն դրսեւորելով Նիկոլի եւ իր «գըմփ-գըմփ-հու» իշխանության նկատմամբ, նրանց «վարած» անհոդաբաշխ ներքին եւ արտաքին քաղաքականության արատները չտեսնելու տալով, «ամոթխած» լռություն պահպանելով` նպաստո՞ւմ ենք նրան, որ հակամարտության կարգավորման նժարը մեր կողմը թեքվի, թե՞ աչքը սարքելու փոխարեն ունքն ենք քանդում։

Հատկապես, որ ինքը` Նիկոլը, ոչ միայն իրեն է նույնացնում պետության եւ ժողովրդի հետ՝ առաջնորդվելով «ժողովուրդը ես եմ» կամ «ես ժողովուրդն եմ» տխրահռչակ կարգախոսով, այլ ավելի առաջ է գնում` նույնացնում է Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների մոտեցումները Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում` հայտարարում է, որ այդ մոտեցումներն «ավելի քան երբեւէ նույնական են»։ Եվ այնպես է ստացվում, որ թավշյա «վարչապետին» Տեր-Պետրոսյանից փոխանցված պարտվողական տրամադրությունները արտաքին աշխարհի աչքում վերագրվում են Հայաստան պետությանը եւ հայ ժողովրդին, իսկ որ շատ ավելի վատ է` Արցախին ու արցախահայությանը։

Սա նկատի ունենալով` յուրաքանչյուրը ինքն իր համար պետք է հստակեցնի՝ աչք փակելով Նիկոլի եւ իր վարած ազգակործան, բառի բուն իմաստով անմեղսունակ, անհեռանկար, բարոյական եւ մարդկային արժեքների հետ շփման եզր չունեցող «քաղաքականության» վրա, դրանով իսկ` երկարաձգելով սրանց անփառունակ կառավարումը, «ֆորա» տալով` օգնո՞ւմ է, թե՞ վնասում Արցախյան հակամարտության հայանպաստ կարգավորմանը, ընդհանրապես` պետության եւ պետականության կայացմանը, թե՞ արջի ծառայություն է մատուցում նույն պետությանը եւ ժողովրդին։

Ժամանակն է կողմնորոշվել`Նիկոլի հե՞տ ենք, թե՞ Նիկոլի կամայականությունների դեմ, որովհետեւ շարունակել «ոչ մի տեղ չտանող» այս ընթացքը`«այո» ասել պետական ինստիտուտների, դատական համակարգի փլուզմանը եւ սահմանադրականության վերջին նշույլների ոչնչացմանը, Արցախյան ազատամարտի առաջնորդների, հրամանատարների, բանակաշինության ակունքներում կանգնած գեներալների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարներին, իրավական նիհիլիզմին եւ արժեքների սրընթաց այլասերման «գործընթացին», «թավշյա անձիշխանությանը», որ անիշխանությունից էլ վատ է, նշանակում է` ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։

Վերջին հաշվով` պետականությունը տանել կործանման...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը