Մեկնաբանություն

14.11.2019 22:45


Լավ, ասենք` Նիկոլը «էնպիսին» է, բա մյուսնե՞րը

Լավ, ասենք` Նիկոլը «էնպիսին» է, բա մյուսնե՞րը

Փաշինյանը մի օրում` նախ, հեռավոր Ֆրանսիայից, ապա` ԱԺ ամբիոնից, տվեց-անցավ «ոչ ադեկվատության» իր իսկ սահմանած բոլոր ռեկորդները։

Սկսած նրանից, որ վերջին մեկուկես տարում «արտագաղթի միտումները» 2016թ. համեմատ 90 տոկոսով կրճատվել են (երբ պաշտոնական տվյալներով 2016թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 939 900, 2017թ. նույն ժամանակահատվածում` 2 միլիոն 979 600, 2018թ.՝ 2 միլիոն 969 200, 2019թ.՝ 2 միլիոն 957 500), վերջացրած նրանով, որ բոլոր հնարավոր եւ անհնար ուղղություններով, հատկապես` դպրոցները սպորտային ատրիբուտներով ապահովելու «ոլորտում», այնպիսի վագրային թռիչքաձեւ աճ ենք արձանագրել, որ «տեսանելի անցյալում» երազել իսկ չէինք կարող։

Ինչո՞ւ էր նյարդայնացած, գրգռված, եթե չասենք` կռվազան տոնով խոսում «նոր Հայաստանի» կառավարության «անուրանալի ձեռքբերումների» մասին` մե՛կ քչփորելով «սատանիստական» ճերմակաթույր մորուքը, մե՛կ գլուխը, մե՛կ քիթը քորելով, անհանգիստ շարժումներ անելով, աչքերը սպառնալի ոլորելով, չգիտես` ում վրա եւ ինչի վրա մուննաթ գալով, ի՞նչն էր պատճառը, որ նույնիսկ իր լավագույն կեսը չկարողացավ թաքցնել զարմանքը եւ տարակուսանքը ամուսնու «հաջողության պատմություններով», չխորանանք։ Դա, ինչպես ասում են, այլ խոսակցության առարկա է։

Փաստն այն է, որ Ֆրանսիայում իրեն ցույց տրված ընդունելության մակարդակից զայրացած`Փաշինյանը երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից շանթուորոտ արձակեց աներեւույթ թշնամու` ԿԳ եւ զանազան այլ բաների սուպերնախարար, «մշակութային հեղափոխության» ռահվիրա, հույս ու ապավեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների, կառավարության հրաշք նախագծերի դեմ քվեարկողների, կողմ քվեարկողներին «սպառնացողների» վրա, որոնք թալանել» են հանրապետության երկրորդ քաղաքը (եթե թալանել են` ինչո՞ւ չեն պատժվում, սատանան գիտի, մեկ էլ ինքը), դեղին քարտ ցույց տվեց սատանիզմի քարոզչության վրա սուր ճոճողներին` ներկայացրեց դա որպես հավերժական պայքար «սակավագիտության եւ լայնամտության միջեւ», եւ այլն:

Սատանիզմի թեման առհասարակ բառի բուն իմաստով տակնուվրա է արել Փաշինյանի առանց այն էլ անկայուն հոգեկան աշխարհը։ Ցնցել է`այն աստիճան, որ չխորշեց մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի մատույցներում բեմականացված «ֆուտուրիստական մայմունության» հեղինակներին, ո՛չ ավել, ո՛չ պակաս, համեմատել Փարաջանովի, Բուլգակովի, Չարենցի, Գալիլեյի հետ, որին խարույկի վրա այրել են «Երկիրը կլոր է» ասելու համար…

Վերջին նորությունն էլ այն էր, որ կառավարության նիստում ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել «որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»։ «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,-հայտարարել է Փաշինյանը։

ԱԱԾ պետի պաշտոնակատարն էլ գլուխը տմբացրել է։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Վանեցյանը եւ Օսիպյանն էին տմբացնում գլուխները` ի պատասխան «սեւազգեստ խմբերին տեղորոշելու, սեւ շորերի հարցը լուծելու, ծաղկավոր բաբըչկան կապելու եւ վառ ծաղիկներով հնարավորինս քաղաքակիրթ, օրինական կյանքի ճանապարհելու» հանձնարարականի։

Բայց վարչապետի մտքի գոհարներից ամենահուզիչը մեր ժամանակի սեռափոխված «հերոսներին» իր անձնական հովանու տակ առնելու խոստում-սպառնալիքն էր։ Փաշինյանը երկար եւ ներշնչանքով խոսեց այդ մասին` պատմելով «Եվրոպայի եռակի չեմպիոն եւ ռեկորդակիր» Մելինեի Մել դառնալու սրտաճմլիկ պատմությունը։

Ոչինչ, որ սա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից ու լքել երկիրը, դեռ մի բան էլ անբարեխիղճ մրցակցության համար` ռեկորդներ սահմանելու ժամանակ «դոպինգի» տակ լինելու պատճառով որակազրկվել է, զրկվել մեդալներից եւ զրկել մեր հավաքականին օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Փաշինյանին դա չի մտահոգում. նրան ա՛յլ բան է մտահոգում` որ «մարդը, որի պատվին երեք անգամ դրոշ է բարձրացվել, խնդրի պատճառով հասել է ինքնասպանության եզրին», որովհետեւ հետադիմական տարրերը «թարս են նայել նրան, հետեւից փսփսացել են», անուն են դրել...

Ի վերջո, մարդը «վաստակ» ունի` «տառապանքով» է նվաճել բյուջեի համաֆինանսավորմամբ «կինոյի տղա» (կամ «աղջիկ») դառնալու իրավունքը. «Երբ նա խնդիր` տառապանք ունի, խաչ քաշե՞նք վրան։ Երբ չեմպիոն է, հետը նկարվենք, բայց երբ խնդիր ունի, հետը գործ չունենա՞նք»: Ինքը հպարտ է, որ նախարարությունը ֆինանսավորել է սեռափոխությունը գովազդող ֆիլմը` վստահ է, որ չֆինանսավորելը «խարան կլիներ Հայաստանի համար», եւ ոչ մի դեպքում թույլ չի տա «կոռուպցիոն տաշտակից` լափամանից զրկված կոռուպցիոներներին, երկիրը թալանածներին ու ընտրությունները կեղծածներին»`Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցել ոտքերի տակ. «Նա իմ անձնական պաշտպանության ներքո է: Նա Հայաստանից փախել է, բայց էլի տեսնում է, թե ինչ է կատարվում: Ամեն օր նրան քոռ դանակով մորթում են»։

Իմքայլական ախպերությունը, բնականաբար, երկարատեւ եւ բուռն ծափահարություններով ողջունեց շեֆի մտքի փայլատակումը։

Ու ոչ մեկը իրեն հարց չտվեց. լավ, բա մեր իրական հերոսները (կանխավ ներողություն եմ խնդրում «համեմատության» համար)` պատերազմում հաղթած հրամանատարները, պետականության, պետության, բանակի ակունքներում կանգնած գեներալները, բոլորովին վաստակ չունե՞ն էս ժողովրդի առջեւ, որ «ամեն օր քոռ դանակով մորթում եք» այդ մարդկանց, հայհոյում, զրպարտում, վիրավորում վերջին խոսքերով։

Նույն Մանվել Գրիգորյանը, որին բառի բուն իմաստով սպանում եք, դատապարտել եք դանդաղ մահվան` հերթով մերժելով կյանքի հետ անհամատեղելի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները, զրկելով որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից, ոչինչ չի՞ արել էս երկրի համար...

Հասկացանք` Ձեր սիրելի «առաջնորդը» «էնպիսին» է, դո՞ւք էլ եք վերջնականապես կորցրել սթափ դատելու կարողությունը, թե՞... ընդամենը ձեւացնում եք։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը