Մեկնաբանություն

21.11.2019 09:55


Գող` սիրտը դող կամ «արջը վախից է գոռում»

Գող` սիրտը դող կամ «արջը վախից է գոռում»

Շատերն են արձանագրել, որ «Վերնատուն» ակումբի համաժողովի շուրջ բարձրացված եւ այսօր էլ չդադարող վայնասունը քայլարածների կառավարության, անձամբ Փաշինյանի խոցելիության, ֆոբիաների, վաղվա օրվա հանդեպ օր օրի խորացող անվստահության, սեփական ապիկարության եւ ժամանակավորության գիտակցման, գաղափարական, հոգեւոր, քաղաքական սնանկության լավագույն ցուցիչն է։

Լակմուսի թուղթ, որ ակնհայտ դարձրեց անգամ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար, թե «ալամ աշխարհի հայոց վարչապետն» ի՜նչ վախեցած է խորհրդարանից դուրս ընդդիմադիր լուրջ բեւեռի ձեւավորման համախմբման հեռանկարից, ինչ աստիճան՝ անպատրաստ է բովանդակային բանավեճի, եւ ինչ պարզունակ, խղճուկ «մեթոդներով» է իմքայլական ագիտպրոպը պայքարում այդ «աղետի» դեմ։

Քարոզչական հիմնական կարծրատիպը` «կլիշեն», որով պիտակավորում են դեռ սաղմնային վիճակում գտնվող ընդդիմադիր հարթակի մասնակիցներին, այն է, որ սա «ռեւանշիստների միավորում» է, «հակահեղափոխականության օջախ», «իշխանությունից (կամ, ինչպես Փաշինյանը կասեր, լափամանից) զրկվածների եւ իշխանության հետ լեզու չգտածների» ի սկզբանե ձախողված (տապալված, դատապարտված) համախմբում «մերժվածների», այսինքն` նախկին իշխանությունների շուրջ։

Եվ սա` այն դեպքում, երբ իշխանության առաջին դեմքը` Նիկոլը, նախկինից էլ նախկին է. Տեր-Պետրոսյանի «գաղափարական ռեինկարնացիան», որի շրջապատում ՀՀՇ-ական «օդիոզ» դեմքերի պակաս չի զգացվում։ Եվ ինչքան էլ փորձի տարանջատվել քաղաքական «կնքահորից»` ասելով, որ 2012թ.-ին է հեռացել նրանից, դրանից հետո երեսը չի տեսել, չհաշված` «հիմնադրի» խնդրանքով 2018թ. հունիսին տեղի ունեցած «թեթ ա թեթ հանդիպումը» (որ իբր Արցախյան կարգավորման մասին էր, բայց հաստա՛տ չի շրջանցել Ռոբերտ Քոչարյանից քավության նոխազ սարքելու, նախագահի անձեռնմխելիության վրա թքած ունենալով` «փակելու» խնդիրը), չի՛ ստացվի։

Կարո՛ղ է էլի միառժամանակ թոզ փչել իր ֆանատների աչքին, բայց հիշողության կորստով չտառապող, ոչ հեռու անցյալի իրադարձությունները, դեպքերը համադրելու ու դրանից հետեւություններ անելու ունակ ցանկացած մեկը լավ գիտի, որ ինքը Լեւոնի քաղաքական կապիտալի կրողը եւ ժառանգորդն է` բոլոր ապազգային դրսեւորումներով, որ այսօր բոլորիս աչքի առաջ են։ Միայն թե` ավելի ցինիկ, ավելի կոպիտ եւ ուղղակի գռեհիկ «ձեւաչափի» մեջ։

Իշխանությունն ու իշխանական քարոզիչները մինչեւ հոգու խորքը ցնցված են, որ ընդդիմախոսներին շանտաժի ենթարկելու, իրենց տոտալ վերահսկողությունից դուրս ամեն ինչ, «անհնազանդության» յուրաքանչյուր դրսեւորում «մերժված հինը վերադարձնելու» միտում ներկայացնելով` առողջ ուժերին «կլոր սեղանի» շուրջ նստելու գաղափարից խրտնեցնելու սցենարը չի աշխատում. «Վերնատան» շրջանակում համագործակցելու պատրաստ շրջանակների «վախը չափած» է` թավշյա մաշված «խրտվիլակներն» այլեւս իրենց սպառել են։

Իրողությունն այն է, որ նրանց մեծամասնությունը որեւէ կերպ չի ասոցացվում «նախորդ իշխանությունների» հետ։ Շատերը ընդգծված ընդդիմադիր են եղել եւ ակտիվորեն, շատ դեպքերում` տեղին, քննադատել են ՀՀԿ-ին ու իր վարած քաղաքականությունը։ Կան մարդիկ, որոնք տարբեր պաշտոններ, այդ թվում` առանցքային պաշտոններ են զբաղեցրել իշխանական բուրգում, բայց ստվեր չեն նետել իշխող քաղաքական ուժի վրա` իրենց ոլորտներում կայացած մասնագետներ են, պրոֆեսիոնալներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած կայացած կուսակցության։

Իսկ վարկաբեկված «դեմքերը», որոնք իրենց ներկայությամբ արդեն բացասական ֆոն էին ստեղծում Հանրապետականի շուրջ, այսօր Նիկոլի կողքին են, եթե չասենք` Նիկոլի տակ. վաղուց հետը «լեզու են գտել», դարձել նրա սրտի «սեփականատերերը», պաշտոնյաները, իրավապահ համակարգի «ասողները», եւ առաջվա պես անարգել օգտվում են «լափամանից»։

Ի վերջո, «իշխանության հետ լեզու գտնելու»` Նիկոլի թեւի տակ մտնելու կամ առնվազն նրա «ուղիղ նշանառության տակ» չհայտնվելու, վրեժխնդրության, հետապնդումների թիրախ չդառնալու համար շատ բան պետք չէր։ Ընդամենը` աչք փակել երկրում ստեղծված եւ օրըստօրե ահագնացող իրավական, քաղաքական, բարոյահոգեբանական բեսպրեդելի վրա, գլուխը մտցնել ավազի մեջ եւ ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում, մուծվել համապատասխան հիմնադրամներին եւ հանգիստ նստել տեղը։

Չեն արել, որովհետեւ ունեն սկզբունքներ, կարմիր գծեր, որոնց վրայով չեն կարող անցնել։ Դրա համար էլ այսօր ոչ թե իշխանական ճամբարում են, այլ ընդդիմադիր դաշտում։ Օրինակ, «Վերնատան» կլոր սեղանի շուրջ։

«Թավշյա» պարագլուխները հե՛նց դրանից են վախեցած։ Գիտակցում են, որ այստեղ կա այն, ինչ իրենց «կուռ շարքերում» չկա ու երբեք չի եղել. ինտելեկտ, բարոյականություն, պատասխանատվության զգացում, վաղվա օրվա տեսլական, որտեղ ապազգայնությունը, կամայականությունը, փոքրամասնական անընդունելի դրսեւորումները, դրանց պրոպագանդան տեղ չունեն, պետական մտածելակերպ։ Եվ արդեն իսկ հասկացել են, որ իրենց հիստերիկ արձագանքով միայն ի ցույց են դրել իրենց վախերը ու բարդույթները։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը