Մեկնաբանություն

26.11.2019 10:20


Սուտ և ատելություն գեներացնելով` «սեր և համերաշխություն» են քարոզում

Սուտ և ատելություն գեներացնելով` «սեր և համերաշխություն» են քարոզում

Ինչքան ասում ես` չիջնես պրոֆեսիոնալ շահարկողների մակարդակին, չմեկնաբանես սրանց իմաստուն մտքերը, չհակադարձես էժանագին ժամկետանց մանիպուլյացիաներին, չի ստացվում։

Զորօրինակ։ Մարտի 1-ի գործով «տուժողների» շահերն իբր թե պաշտպանող Սեդա Սաֆարյանն օրերս հարցազրույց է տվել Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու հարցում մասնագիտացած լրատվամիջոցներից մեկին, եւ նոր «ստահոդ բացահայտումներ» արել երկրորդ նախագահին մեղսագրված «արարքների» վերաբերյալ` իբր թե հիմնվելով գործի նյութերի վրա։

Իրավաբանության ա-ն բ-ից չտարբերող տիկնոջ «կչկչոցից» եւ կողքից նրան «կուտ տվող» լրագրողի երկխոսությունից դյուրահավատ հպարտ քաղաքացին իր համար, մասնավորապես, «բացահայտում է», որ Ռոբերտ Քոչարյանը հայերեն կարդալ չգիտի, դրա համար էլ Սահմանադրություն չի կարդացել։

Կարող է հարց առաջանալ. լավ, ինքը «հավ» է`չի հասկանում, դիմացի՞նն էլ չի հասկանում, որ չիմանալու դեպքում, ինչն ինքնին անհեթեթ է` իհարկե, հե՛չ որ չլիներ, ռուսերեն թարգմանությունը կկարդար (ինչպե՞ս էր առանց կարդալու Սահմանադրության տեքստը դրել շրջանառության մեջ, հետո էլ` ներկայացրել հանրաքվեի, իրավական գործընթացների, իրավունքի եւ օրինականության մասին հավաքարարի մակարդակով դատող «փաստաբա՛նը» կիմանա)։

Պարզվում է` չի՛ հասկանում։ Եվ դեռ մի բան էլ «պակասը» լրացնում է, թե` բավական է լսել Քոչարյանի հարցազրույցները, որպեսզի պարզ լինի` որքանով է տիրապետում հայերենին։ Սա մի՛ բան է նշանակում` որ լրագրող կոչեցյալը Քոչարյանի՝ հայալեզու լրատվամիջոցներին տված ոչ մի հարցազրույց ո՛չ տեսել է, ո՛չ լսել. ընդամենը այդքանը։

Ինքը` «փաստաբան» Սաֆարյանը, հայերենից այնքան «լավ» է, որ չգիտի` ինչ է ասել է «ունեզրկում»։ Կարծում է` ունեզրկում են ոչ թե անձին, այլ` գույքը. հարցազրույցի ընթացքում էլ մի քանի անգամ կոպտորեն «բռնաբարեց» հայոց լեզուն` սրտաճմլիկ պատմություններ պատմելով Հյուսիսային պողոտայի կառուցման արդյունքում «հազարավոր քաղաքացիների գույքը ունեզրկելու» մասին։

Անդրադառնալով Քոչարյանի «բազմաթիվ եւ բազմակողմանի ունեցվածքներին»`կանանց հայհոյելու չեմպիոն ՍԾյոպիկի ոչ բարով իրավաբան քույրը նախագահի կողմից «ապօրինաբար ձեռք բերված գույքի» ոչ մի փաստացի օրինակ չմատնանշեց։

Ամեն ինչ «ըսի-ըսավների» շարքից էր. մերկապարանոց հայտարարություններ, բամբասանքներ, կասկածներ, ստահոդ պնդումներ, անորոշ ակնարկներ, որ ինչ-որ տեղ` հեռվում, Քոչարյանը կղզիներ եւ այլեւայլ թաքնված հարստություններ ունի։ Ոչ մի կոնկրետ փաստ` քրեական գործի նյութերից (ի՞նչ կապ ունի Քոչարյանին պատկանող կամ չպատկանող ունեցվածքն ընդհանրապես «Մարտի 1»-ի գործի հետ` ինչպես եղել, այնպես էլ մնում է առեղծված), որը կհիմնավորեր չգիտես որտեղից` ո՛չ այն է պետական բյուջեի, ո՛չ այն է`միջազգային հիմնադրամներից ստացված վարկերի հաշվին, ո՛չ այն է` օդից, երկրորդ նախագահի կուտակած 4-միլիարդանոց կապիտալի բլեֆը, որով ավելի քան 10 տարի է` կերակրում են անգրագետ պողոսներին։

Մարտի 1-ի շուրջ հերթապահ շահարկումները մի կողմ թողնենք` դա տարողունակ թեմա է։ Մի դրվագ, այնուամենայնիվ, արժե առանձնացնել։ Պարզվում է` փաստաբանի լիցենզիա ունեցող տիկինը Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՛ց է իմացել, որ դատարան մտնելուց հետո գործի նյութերն այլեւս գաղտնի չեն եւ ցանկության դեպքում կարող են հրապարակվել դատավարության մասնակիցների կողմից։ Ու լավ էլ հրապարակվում են, երբ պետք է մեղադրող կողմին։ Համաձայնեք` նման փաստաբանին ուղղակի պետք է զրկել արտոնագրից։

Ահա այսպիսի ծիծաղելի «բացահայտումներով» գեներացրել են ատելության, թշնամանքի, չարության եւ մաղձի մթնոլորտը, որին հղում անելով էլ` իջեւանցի Նիկոլ Ամենափրկիչը չքմեղանում է, փորձում տարանջատվել «նախկինների» հանդեպ ոչնչացնող ատելության քարոզից` ասելով. եթե Հայաստանում եղել է իշխանություն, որի նկատմամբ «ժողովուրդը» բացի ատելությունից ոչինչ չի զգում, այստեղ իմ մեղքը ո՞րն է։

Իրե՛նք ատելությունը գեներացնում են, հետո`«ծախում» հասարակության վրա՝ որպես «ժողովրդի կարծիք», եւ այդքանից հետո` ներկայանում որպես «սիրո եւ համերաշխության» մեսիաներ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը