Աշխարհ

26.11.2019 18:35


Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած օսմանյան բաղնիքը

Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած օսմանյան բաղնիքը

Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ):

Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պիտի վերականգնել, այլ ոչ թե վաճառել, և «չպետք է վաճառվի իրենց պատմությունը»:

Աղբյուրի փոխանցմամբ` հնամենի բաղնիքի ներսն ավերված է և օգտագործվում է որպես ավտոտեխսպասարկման կենտրոն:

Նշվում է, որ 1582թ. Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի մայրը ճարտարապետ Սինանին պատվիրել է կառուցել այդ բաղնիքը:

1947թ. Այաքափը բաղնիքը սկսել է օգտագործվել որպես փայտանյութի պահեստ: Այժմ բաղնիքի որոշ մասեր աղբակույտերով են լցված:

Չնայած պատմական բաղնիքի տանիքը և պատերի մի մասը քանդված են, այնուամենայնիվ, այն շարունակում է պահպանել երբեմնի շքեղ տեսքը:

Հիշեցնենք, որ ծագումով հայ Միմար Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը 16-րդ դարում։ Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մուսուլմանական, այլև համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տևել է 50 տարի՝ 1538-1588թթ: Միմար Սինանի անունով է սկսվել օսմանյան վերածծնդի պատմությունը կամ «մուսուլմանական ճարտարապետության դասական ժամանակաշրջանը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը