Մեկնաբանություն

29.11.2019 10:25


Սատանան գոռում է` բռնե՛ք սատանային

Սատանան գոռում է` բռնե՛ք սատանային

Երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը «օրերից մի օր» զարմացրեց բոլորին, նույնիսկ իր թրաշամանուկներին` ծանուցեց, որ հանձնարարական է տվել ԱԱԾ-ին` «առանց կատակի, ամենայն լրջությամբ», ուսումնասիրել եւ պարզել «որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները», թվաց` «ժողընտիրի» հերթական բզիկներից` «վնուշկեքից» մեկն է։ Կամ հերթական անհամ կատակը` տափակ սրամտությունների շարքից, երբ ի՛նքը «սրամտում» է, ինքը` գնահատում իր անկրկնելի հումորի զգացումը, ինքն էլ` քահ-քահ ծիծաղում իր կատակի վրա։

«Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա խնդիր, պետք է պարզվի։ Սա ազգային անվտանգության խնդիր է»,-ավելացրեց նա` ասես զգալով իր ասածի ողջ անհեթեթությունը։

Համապատասխան պաշտոնյաներն էլ շտապեցին հաստատել` շեֆը իսկապես նման հանձնարարական տվել է, եւ խոստացան պարզել ու «սեղմ ժամկետներում» զեկուցել «արդյունքների» մասին. «Բարձրացվել է հարց` ուսումնասիրել եւ կոնկրետ պատասխան տալ, որովհետեւ քաղաքական ուժեր ու անհատներ կան, որոնք դրանով մտահոգված են, ու անհրաժեշտություն կա դրանք փարատելու»։

Հետո, երբ «շքահանդեսի հրամանատարը» զարգացրեց թեման` հրահանգեց հընթացս ճշգրտել «QR կոդի ու սատանայի կապը», հասկացանք, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։

Մտածեցինք` կարո՞ղ է QR ասելով` այլ բան կամ ա՛յլ մեկին նկատի ունի։ Օրինակ` այն մարդուն, ում ազատության մեջ տեսնելու մտքից անգամ մահու չափ սարսափում է. նրան, որ մեկուկես տարի է՝ ոչ մի կերպ հանգիստ չի տալիս` մղձավանջային երազի պես հետապնդում է ոչնչից վարչապետ դարձած մեր «հերոսին». նրա ուղեղի մորմոքն է, անանցանելի փորացավը, վախերի, ֆոբիաների, իրեն եւ իր անփառունակ կառավարման «անվտանգությանն» սպառնացող մարտահրավերների մարմնավորողը։

Նույն Ռոբերտ Քոչարյանին, որին «վնասազերծելու» համար պատրաստ է զոհաբերել արդարադատության համակարգը եւ Սահմանադրական դատարանը, սպառնալիքի տակ դնել ֆինանսական համակարգի կայունությունը` փաստացի վերացնելով բանկային գաղտնիք ասածը, հասարակությունը բաժանել հակամարտող ճամբարների, փչացնել հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ... Մի խոսքով` ոչնչացնել ամեն ինչ, որ այս կամ այն կերպ խանգարում է կյանքի կոչել Քոչարյանին «հուսալիորեն փակելու» սեւեռուն գաղափարը։

Նախօրեին hayeli.am կայքում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի` «Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել իրավապահ մարմիններին խոշորացույցով զննել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրած քաղաքական-հասարակական եւ մշակութային գործիչների ցանկը, հստակ հանձնարարական է տրվել` մանրազնին ուսումնասիրել, թե ում դեմ ինչ կոմպրոմատով կարելի է պայքարել, քրեական գործեր հարուցել եւ այլն», հաստատում է, որ Փաշինյանի տարաշխարհիկ հանձնարարականն իրականում հենց երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջագիրն ստորագրած անձանց «կենսագրությունը» փորփրելու եւ սեւ բծեր` կոմպրոմատներ գտնելու մասին էր։

Եվ դա հասկանալի է` ընդդիմախոսների բերանը փակելու, սեփական իշխանությունն ինչ-որ չափով երկարաձգելու միակ հույսը մնացել են ուժային կառույցները, շանտաժը եւ հետապնդումները։ Այլ բան է, որ հայտարարությանը միացած գործիչները լավ գիտեին` ինչ սպասել «ժողովրդի վարչապետից», քաջատեղյակ են նրա «մեթոդներին», եւ հաշվարկել են այդ «քայլին» գնալու հետեւանքները. եթե վախենային թավշյա անարդարադատության «թրթուրների տակ ճզմվելու» հեռանկարից, պարզապես չէին ստորագրի այդ փաստաթղթի տակ։

Ո՞վ է «սատանան» այս պատմության մեջ, ո՞վ է հազարավոր թելերով կապված «սատանիզմի եւ սատանայական կոդերի» հետ, ո՞վ է վճռականորեն թեւի տակ առել քաղաքական եւ մշակութային «սատանիզմի» բոլոր դրսեւորումները եւ դրանց տարածողներին, ո՞վ եւ ո՞ւմ թույլտվությամբ (կամ հանձնարարականով) է վերացրել «սատանիստական» պրոպագանդայի արգելքը` հայտարարելով, որ որեւէ դահլիճ այսուհետ չպետք է փակ լինի դրա առաջ, եւ ովքեր են պայքարում ազգային արժեհամակարգի հենասյուները խաթարող այդ երեւույթների դեմ, թողնում ենք ընթերցողի դատին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը