Մեկնաբանություն

30.11.2019 11:20


Ազգ-բանակից` Ազգ-բանակից թռնողներ․ ինչ էինք, ինչ դարձանք

Ազգ-բանակից` Ազգ-բանակից թռնողներ․ ինչ էինք, ինչ դարձանք

Ավելի կեղտոտ եւ վտանգավոր բան փաստացի պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար, ինչպիսին փողով կամ փողի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու «գաղափարն» է, հնարավոր չէր հորինել։

Նման «փայլուն միտք»` «ծառայի՛ր մեկ ամիս, վճարի՛ր 10 միլիոն դրամ», միայն բանակից թռած Նիկոլ վարչապետի ու մեծամասամբ դասալիք իր թրաշամանուկների լվացած-արդուկած թավշյա ուղեղներում կարող էր ծնվել։

Այս «հանճարեղ» նախագիծը շրջանառության մեջ է դրվել ոչ թե կառավարության, այլ իշխող քաղաքական աղանդի օդիոզ դեմքերից մեկի` քայլարած պատգամավոր Հայկ Սարգսյանի անունից (էն, որ «պատգամավոր Հայկ Սարգսյան» գրությամբ անվանական բաճկոն էր պատվիրել ԱԺ «ոտք դնելու» կապակցությամբ եւ հպարտությամբ կրում էր, «ծտեր» էր տանում նախագահական, ֆռֆռում «ռուսաստանաբնակ ընկերոջը պատկանող» թանկարժեք ավտոմեքենայով եւ այլն), բայց ցանկացած մեկը հասկանում է, որ առանց «գերագույն գլխավորի» գիտության եւ հավանության՝ այդ թյուրիմացությունը չէր մտնի խորհրդարան։

Սրանով քայլարածներն, իրենց ասելով, միանգամից մի քանի նապաստակ են ուզում խփել։ Առաջինը` լցնել բյուջեն (պե՞տք է, չէ, ապահովել սեփական աշխատավարձերը թռիչքաձեւ բարձրացնելու գործընթացի շարունակականությունը)։ Երկրորդ` կրճատել արտագաղթը եւ խթանել ներգաղթը նրանց հաշվին, ովքեր Հայաստանից, իրենց կարճ խելքով, հեռացել են միայն նրա համար, որ չծառայեն բանակում (բոլորին իրենց արշինով են չափում երեւի)։ Երրորդ` «ուժեղացնել զինված ուժերը»։ Ինչպե՞ս։ Շատ պարզ` մեկամսյա «արագացված ծառայության» դիմաց գանձված 10 միլիոն դրամների մի մասը ուղղելով բանակին։ Անգամ «հույս ունեն» ինչ-որ հրաշքով խրախուսել պրոֆեսիոնալ (պայմանագրային) զինծառայությունը։

Ի՞նչ է ստացվում։ Կաշառքը եւ կոռուպցիան, աղքատությունը սեփական գլխում եւ գրպանում հաղթահարելու ձեւերն օրինականացրել են` աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու, «պարգեւատրումների», «նվիրատվությունների», կամավոր-պարտադիր «բարեգործությունների» անվան տակ, նույնը այս դեպքո՞ւմ են ուզում անել` մոռանալով, որ զինծառայությունը միայն թռուցիկ ռազմական գիտելիքներ եւ պրակտիկա ձեռք բերելը չէ (որեւէ մեկը լրջորեն չի մտածում, չէ՞, թե կարելի է արագացված կարգով` ընդամենը մեկ ամսում յուրացնել այն, ինչին ժամկետային զինծառայողները տիրապետում են 2 տարում)։ Դա նախ եւ առաջ մեր սահմանների պաշտպանությունն է։

Երկամյա պարտադիր ծառայությունը մեկամսյա «ճանաչողական դասընթացով» փոխարինելու գայթակղիչ առաջարկը շատերի սրտով կարող է լինել. շատ-շատերը կցանկանան, իրենց ունեցած-չունեցածը վաճառելով, ազատել իրենց որդիներին այդ «փորձությունից»։ Եվ ի՞նչ։ Հայրենիքի առջեւ իրենց պարտքը կկատարեն միայն ամենաանապահով ընտանիքների զավակնե՞րը. նրանք, ովքեր ի վիճակի չեն լինի հայթայթել այդ 10 միլիոն դրամները։ Այդպե՞ս են պատրաստվում ամրապնդել բանակի մարտունակությունը եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, լուծել զինակոչի հարցերը։

Հայոց լեզուն եւ հայոց պատմությունը` բուհական ուսուցման պարտադիր «ծրագրերից», Հայոց Եկեղեցու պատմությունը եւ ռազմագիտությունը` հանրակրթական դպրոցներից հանելուց հետո, հիմա էլ պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելո՞վ են բարձրացնում զինծառայողների մարտական ոգին։ Թե՞ դրա կարիքն այլեւս չկա. Հայաստանը Լյուքսեմբուրգ է, եվրոպական քաղաքակիրթ երկրներով շրջապատված, անվտանգության խնդիր չունեցող մի երկիր, որ կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ։

Կարո՞ղ է` Արցախի հիմնախնդիրն արդեն «սկզբունքորեն» լուծել, պրծել ենք, եւ սա «խաղաղությանը նախապատրաստվելու» քայլերից մեկն է ընդամենը։ Այդ մտայնությա՞մբ է Հայաստանի 2020թ. ռազմական բյուջեն մնացել անփոփոխ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելանում են 20 տոկոսով։ Այսքանից հետո էլ հպարտ քաղաքացիներին ասում ենք` գրպաններդ լայն բացեք, տվեք բանակում չծառայելու «հախը», եւ ազատ եք` կարող եք գնալ, ուր աչքը կկտրի, անել այն, ինչ ուզում եք։

Քայլարածները սրա՞ համար էին ընկնավորվում ազգ-բանակի գաղափարից, Փաշինյանը սրան ընդառա՞ջ էր վարկաբեկում Արցախյան ազատամարտի լիդերներին ու հերոսներին, «ծնկի բերում» գեներալներին, բանակը եւ բանակի մարտունակությունը ասոցացնում «մայկա-տռուսիկների» եւ կուշտ փորով ուտելու հետ։ Մնում է` վերադառնա Տեր-Պետրոսյանի հայտնի կարգախոսին` «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է», որ ամեն ինչ «իր տեղն ընկնի»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը