Մեկնաբանություն

13.12.2019 09:20


Արցախի խնդիրը վերջին բանն է, որ հետաքրքրում է իշխող ընտանիքին

Արցախի խնդիրը վերջին բանն է, որ հետաքրքրում է իշխող ընտանիքին

Հայկական երկրորդ պետության գլխին մութ ամպեր են կուտակվում։

Ադրբեջանը, ի դեմս արտգործնախարար Մամեդյարովի, Բրատիսլավայում ասաց իր «տղամարդու խոսքը»` անվերապահ կապիտուլյացիայի վերջնագիր ներկայացրեց Հայաստանին։

Հայկական կողմը, ի դեմս արտգործնախարար Զոհրաբ Մնացակնյանի, փորձեց փրկել իրավիճակը`վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ քիչ թե շատ հոդաբաշխ ներկայացրեց կարգավորման իր «տեսլականը», շրջադարձ արեց Փաշինյանի հռչակած «նոր» կետից`«ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար» ոչինչ չասող լոզունգային կարգախոսից, ու վերադարձավ լավ մոռացված հնին` հիշեց Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշվելու իրավունքի մասին։

Մինսկի խմբի համանախագահները`Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ժամանակ տվեցին կողմերին` հորդորելով մինչեւ 2020թ. սկիզբը եւս մեկ անգամ ծանրութեթեւ անել իրավիճակը (որ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը պայթյունավտանգ գնահատեց` ասաց, որ «Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա»), եւ առանց նախապայմանների անցնել «առարկայական բանակցությունների». այն, ինչի մասին չի հոգնում կրկնել Ադրբեջանը` մեզ մեղադրելով բովանդակային քննարկումներից խուսափելու մեջ։

Բրատիսլավայի «գործընթացը»՝ կողմերի հայտարարությունները եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ արձանագրությունը, միանշանակ ցույց տվեց, որ բանակցությունների սեղանին նույն «Մադրիդյան փաստաթուղթն» է։ Ասել է թե`Փաշինյանը փափուկ բարձր էր դնում Արցախի ԱԺ մեծամասնության` «Ազատ Հայրենիք» կուսակցության վերնախավի գլխի տակ, վստահեցնելով, որ մադրիդյան սկզբունքներն այլեւս օրակարգից դուրս են եկել, բանակցություններ չկան, եւ կողմերը ոչ մի փաստաթուղթ չեն քննարկում։

Պարզվեց` լավ էլ քննարկում են, միայն թե` մեզ համար շատ ավելի անընդունելի մի «խմբագրությամբ»։ Եվ եթե ինչ-որ բան դուրս է եկել օրակարգից, ապա դա համանախագահող երկրների ղեկավարների առնվազն 5 համատեղ հայտարարություններով ամրագրված փաթեթային կարգավորման սկզբունքն է` «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։

Այդ մասին որեւէ մեկը վաղուց արդեն չի հիշում։ Փոխարենը ավելի ու ավելի հաճախ է խոսվում 1998-ին մերժված փուլային կարգավորման մասին, որով հայկական կողմը «պարտավորվում» է ազատել «Ադրբեջանի օկուպացված տարածքները», ապահովել «ադրբեջանցի փախստականների վերադարձը նախկին բնակության վայրեր»` կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային։

Վերջին նորությունն այն է, որ Փաշինյանը դեմ չէ Արցախը «հայկական եւ ադրբեջանական համայնքների» ձեւաչափով բանակցային գործընթացի մասնակից դարձնելու, այսինքն`Արցախի իշխանություններին եւ բնության մեջ գոյություն չունեցող «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին նույն հարթության վրա դնելու «ձեւաչափին»` խնդիր չի տեսնում, որ այդ, այսպես կոչված` համայնքի ներկայացուցիչները Արցախի օրինական իշխանությունների հետ նստեն մի սեղանի շուրջ եւ ինչ-որ հարցեր քննարկեն։

Փաշինյանի «կնքահայր» Տեր-Պետրոսյանի խոսնակ Լեւոն Զուրաբյանն էլ շտապեց ողջունել այդ «կառուցողական» մոտեցումը` գոհունակությամբ արձանագրեց, որ վարչապետը փորձում է վերակենդանացնել հհշական հին, բարի ժամանակներում ձեւավորված «բանակցային ֆորմատը»։ Որի վերջը, հիշեցնենք, Լիսաբոնն էր` տերպետրոսյանական «ոսկերչական» դիվանագիտության խայտառակ ֆիասկոն, երբ Հայաստանը մենակ մնաց ԵԱՀԿ 56 երկրների դեմ, եւ ստիպված եղավ կիրառել վետոյի իրավունքը` վերահաս աղետը կանխելու, Արցախի փուլային հանձնումը կասեցնելու համար։ Դրանից հետո բանակցությունները մտան փակուղի, եւ վերսկսվեցին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ու Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց նախագահ։

Իսկ «նոբելյան մրցանակի» հավակնող «վարչապետական զույգի» հե՛չ պետքը չէ. մարդ ու կին այդպես էլ չանդրադարձան այս փաստերին` ավելի կարեւոր գործեր ունեն։

Աննա Հակոբյանն անգամ ափսոսանք չհայտնեց, որ երկու ոտքով թակարդն ընկավ`օպերատիվ արձագանքելով Ադրբեջանի փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային վերագրված ֆեյք ստատուսին, ու հրավիրեց Արցախ`մուղամ լսելու։ Ավելին`փորձեց շեղել պողոսների ուշադրությունը. «կանխարգելիչ» գրառում արեց` ձեռ առնելով պոտենցիալ քննադատներին եւ ֆեյսբուքահայությանը ստիպելով կենտրոնանալ իր ընդգծված կարճ կիսաշրջազգեստի վրա, որ կարող էր աննկատ մնալ, եթե հատուկ ջանքեր չգործադրեր այդ ուղղությամբ։

Պակասը լրացրեց «ընտանիքի հայրը». իրար հետեւից լայվ մտավ` մի դեպքում գովազդելով ՀԴՄ կտրոններ խփելու, մյուս դեպքում` Հանրապետության հրապարակում 700 հազարանոց «ուրախ նոր տարի» անելու եւ Ամանորն իր, Աննայի, Մարիամիկի, Շուշոյի, Անիի, ինչո՞ւ չէ` Աշոտիկի, մի քիչ էլ Բրեգովիչի հետ, «բդատոլմայական» աժիոտաժից հեռու` «բրդուճային» գեղագիտության առինքնող մթնոլորտում դիմավորելու ճակատագրական դերը տնտեսական հեղափոխության, հատկապես զբոսաշրջության, փոքր ու միջին բիզնեսի խթանման հարցում (մոռացավ ասել, որ դա նաեւ փող լվանալու լավ միջոց է

Տիկին Աննան եւս անմասն չմնաց այդ հարվածային նախաձեռնությունից` մի ուղերձ էլ ինքը հղեց «ուրախ Նոր տարվա» սիրահարներին. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ»։

Իսկ Արցախի, Արցախի հարցի կարգավորման, շփման գծում եւ դիվանագիտական ճակատում ահագնացող մարտահրավերների հե՛րն էլ անիծած։

Դա վերջին բանն է, որ մտահոգում է տեր եւ տիկին Փաշինյաններին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը