Աշխարհ

22.02.2011 17:25


Կիրո Մանոյան. «Պատերազմի ժամանակ մենք միացում պետք է հայտարարենք, ու վերջանա»

Կիրո Մանոյան. «Պատերազմի ժամանակ մենք միացում պետք է հայտարարենք, ու վերջանա»

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիվանագիտության մասին խոսելիս Կիրո Մանոյանն ասել է, թե դիվանագիտությունը շատ մեծ կարևորություն ունի, բայց, դրանից բացի, ամենակարևորը իրականությունն ամրապնդելն է։

Այդ իրականության ամրապնդումը կկարողանա ժամանակի այս ձգձգումն ինչ–որ չափով իմաստավորել, այլապես այս ձգձգումն անպայման մեր շահերից չի բխում, եթե ոչինչ չենք անելու այդ ընթացքում։ Հակառակ բոլոր ճնշումներին՝ անհրաժեշտ է գետնի վրա իրականությունն ամրապնդել,–ընդգծել է  նա։

Նա նշել է, թե դիվանագիտությունը շատ ավելի կոշտ պետք է լինի, և հստակ ասվի, որ սա վերջին հանգրվանն է, ու սրանից այն կողմ անիմաստ է բանակցություններ վարել առանց ԼՂՀ ուղղակի մասնակցության։

Մյուս կողմից, ըստ Կ. Մանոյանի, անհրաժեշտ է նախաձեռնություններով հանդես գալ թե՛ ՀՀ–ի, թե՛ Արցախի կողմից՝ Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու ուղղությամբ, ինչը բանակցություններին չի խանգարում, ընդհակառակը, դա կարող է ինչ–որ արդյունքի հասնելու մղիչ ուժ դառնալ։

Անդրադառնալով ԼՂՀ հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը՝ նա ընդգծել է, թե դա, բնականաբար, ինչ–որ բան կփոխի, և պետք է արվի, սակայն թե ինչո՞ւ չի արվում, պետք է հարցնել իշխանություններին։

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե պատերազմի դեպքում ՀՀ–ն այլընտրանք չի ունենա, քան ճանաչել Արցախի անկախությունը, այդ ժամանակ, ըստ Կ. Մանոյանի, արդեն ուշ կլինի.

Պատերազմի ժամանակ մենք այլ բան պետք է անենք՝ միացում պետք է հայտարարենք, ու վերջանա։ Եթե իրենց մտահոգությունն այն է, որ այսօր Հայաստանի կողմից Արցախի «դե յուրե» ճանաչումը կարող է խանգարել բանակցություններին, նշանակում է, որ դրանց տապալման դեպքում արդեն պետք է ճանաչենք, ոչ թե սպասենք՝ պատերազմ սկսվի, նոր։

Նա նշել է նաև, թե կան կեցվածքներ, որոնք դրանցից հետ գալու տեղ չեն թողնում, հատկապս երբ դա նախագահի մակարդակով է լինում։

Անդրադառնալով «կանխարգելիչ (պրիվենտիվ) պատերազմ» հասկացությանը՝ Կիրո Մանոյանն ասել է, թե չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է պատերազմ սկսել և ասել՝ այստեղ մենք կանգնելու ենք.

Ռազմական գործողությունները մեծածավալ մասշտաբով սկսելուց հետո, կարծում եմ, ոչ ոք էլ չի իմանա՝ ելքն ինչ կլինի։ Դա խիստ վտանգավոր է։ Այդ կանգնելու պահը ես չեմ հասկանում,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը