Մեկնաբանություն

19.12.2019 13:05


Նախկինների դեմ պատերազմական գործողությունների նոր ալիքի «հակառակ կողմը»

Նախկինների դեմ պատերազմական գործողությունների նոր ալիքի «հակառակ կողմը»

Երեւի նկատել եք, որ «նախկիններին» տարաբնույթ չարաշահումների, վատնումների, հափշտակությունների «գծով» տարբեր մեղադրանքներ դեմ տալու թափանիվը վերջին շրջանում աննախադեպ արագություն է հավաքում։

Ի՞նչ է թաքնված դրա տակ` «կոռուպցիայի դեմ պայքարի» չերեւացող մասում։

Նախ եւ առաջ`«իշխող ռեժիմի» ֆոբիաները եւ անհանգստությունը։ Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները` որ «ժողովրդի վարչապետի» վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել, հանգիստ չի տալիս «թավշյա վարչապետին», եւ դա հասկանալի է. մարդիկ, ովքեր զարմանալիորեն դեռ ինչ-որ հույսեր են կապում Փաշինյանի հետ, մի՛ բան են ակնկալում նրանից՝ առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ում «ի վերուստ» հռչակել է գող ու ավազակ, թալանչի, ժողովրդի հաշվին «թրփոշացած» մարդակեր գազան, ու պարբերաբար հաթաթա է տալիս. «Ոչ մեկը չի պլստալու»։ Եվ քայլ առ քայլ, հետեւողականորեն «վերացնում» է այդ «պլանային առաջադրանքի» կատարմանն սպառնացող բոլոր խոչընդոտները։

Ամիսներ առաջ բողոքում էր, թե դատական համակարգն է խանգարում առանց ձեւականությունների բռնել «թալանչիների» վզից ու հատ-հատ կուլակաթափ անել բոլորին։ Ասում էր` քննիչների գզրոցներում մեկը մեկից «փայլուն» լիքը գյոզալական բացահայտումներ կան, որոնք քնեցվում են`չեն հասնում «տրամաբանական ավարտին», որովհետեւ որեւէ երաշխիք չկա, թե դատարանում ավազի տնակի պես չեն փլվի։

Հիմա, երբ դատավորներին «հիմնականում եւ 99,9 տոկոսով» բուռն է հավաքել, պարզվում է, պետական կառավարման համակարգն է դիմադրում, չի թողնում օր առաջ կյանքի կոչել «հեղափոխության» սուրբ գաղափարները։ Հատկապես իրավապահ համակարգում դեռեւս պահպանված բարեխիղճ մարդիկ, պրոֆեսիոնալները, որոնց, հասկանում եք, ապացույցներ են պետք անձին «պաշտոնապես» մեղադրանք առաջադրելու համար։

Եթե Փաշինյանը կարո՛ղ է օդում կախված լուրերը, իր ընտանեկան թերթի չստուգված հին ու նոր հրապարակումները, անապացույց մեղադրանքները հիմք ընդունելով` մարդուն հրապարակավ հանցագործի պիտակ կպցնել, ապա իրավապահները` գոնե մի մասը, դանդաղում են, երկնչում են ակնհայտ անօրինական գործողություններից`պատճառ բռնելով, թե ապացուցողական բազան թույլ է, առարկայական փաստերով, փաստաթղթերով, որակյալ փորձաքննություններով, վստահություն ներշնչող ցուցմունքներով ամրապնդված մեղադրանքների լեգիտիմ հիմքերը քչություն են անում։ Գիտեն, որ վաղ թե ուշ պատասխան են տալու ապօրինությունների համար, եւ դա ինչ-որ չափով`«մի քիչ», կաշկանդում է`սահմանափակում է նրանց ձեռքերի ազատությունը։

Սա, բնականաբար, նյարդայնացնում է Փաշինյանին։ Վարկանիշի շարունակվող անկումը պետք է կանգնեցնել` ինչ գնով ուզում է լինի, պողոսների համար նոր մոտիվացիա ստեղծել աչք փակելու իրողությունների վրա. որ մատների արանքով նայեն Փաշինյանի եւ իր բազմամարդ ընտանիքի «բուրժուական կայֆերին», ամենակուլ ագահության, չտեսության եւ գյոռմամիշության դրսեւորումներին, զինվեն համբերությամբ եւ սպասեն կուլակաթափության «դիվիդենտներին»` ասելով. «Թողե՛ք` աշխատեն»։

Եվ ահա, այստեղ է, որ «ռեժիմին» օգնության է գալիս կառավարության հավանությանն արժանացած, մոտ ապագայում ԱԺ «դակմանը» ներկայացվելիք հակասահմանադրական նախագիծը` առանց դատարանի որոշման «ապօրինի» գույքը բռնագանձելու մասին։

Տրամաբանությունը պարզ է. թիրախավորում ես քո պոտենցիալ զոհին` նշանակում «մեղավորին» ու բոլորին ի տես` մեղադրանք առաջադրում։ Կապացուցվի՞, լա՛վ, չի՞ ապացուցվի`էլի՛ լավ։ Այն, ինչը հնարավոր չէ անել քրեական պատասխանատվության տիրույթում, կարելի է գլուխ բերել քաղաքացիական իրավունքի դաշտում` կոնվեյերի ռեժիմով անաշխատ ունեցվածքի բռնագրավման հայցեր ներկայացնելու եւ կուլակաթափության ճանապարհով։ Այս դեպքում պետք չէ ընկնել փաստաթղթերի, փորձաքննությունների, իրեղեն ապացույցների հետեւից, քանզի գործում է ոչ թե անմեղության, այլ մեղավորության կանխավարկածը։

Այսինքն` ոչ թե հայցվոր կողմը, տվյալ դեպքում`պետությունն է պարտավոր հիմնավորել «կասկածելի» գույքի ապօրինի լինելու հանգամանքը, այլ պատասխանող կողմն է ստիպված ապացուցել, որ ուղտ չէ` շատ դեպքերում օբյեկտիվորեն զրկված լինելով «ապացույցներ հայթայթելու» հնարավորությունից։

Մյուս կողմից, սա իրավապահներին հնարավորություն է տալիս փորփրել «մեղադրյալին» այս կամ այն կերպ առնչվող այլ անձանց բանկային հաշիվները, քչփորել ունեցվածքը ու մի բան էլ նրանցից պոկել։ Հարկ եղած դեպքում`օգտագործել որպես մահակ «այլախոհների» դեմ։

Պարզ, հարմար, գլխավորը`շահավետ։ Պետք է, չէ՞, պողոսների սիրտը շահելուն զուգահեռ, լրացնել թաքուն կրկնապատկված չինովնիկական աշխատավարձերը, շարքային աշխատողների աղքատավարձերի եւ կենսաթոշակների այնքա՜ն թմբկահարված 10 տոկոսանոց բարձրացումն սպասարկելու համար բյուջեին անհրաժեշտ մուտքերը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը