Մեկնաբանություն

19.12.2019 14:31


«Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը. «Գոլդեն Փելես»

«Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը. «Գոլդեն Փելես»

Հեղափոխական իշխանության ու Մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած ստվերային բանակցությունների և նույնքան ստվերային գործարքի արդյունքում Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերվեց «պետությանը», այսինքն՝ «ժողովրդին», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին։

Թե ուրիշ էլ ի՞նչ է նվիրաբերել Ավետիսյանը «ժողովրդին», դեռ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Ավետիսյանը գտնվում է քրեական լրահոսից դուրս։

Նաև հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մինչև «թավշյա» հեղափոխությունը բոմժական կյանքով էր ապրում, այժմ փողի խնդիր չունի և բացի այդ՝ «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամ մուտքերն ապահովել են այն քայլարածները, որոնք եկամուտ չունեն, բայց միլիոնավոր դրամներ են փոխանցել նախընտրական արշավի համար։ Ինչևէ։

«Գոլդեն Փելեսն» այժմ աճուրդի է հանված, բայց չի վաճառվում։ Միայն մեկ հայտ է եղել, այն էլ վերջին պահին հրաժարվել են գնել։ Հյուրանոցը գնահատվել է շուրջ 15 միլիոն դոլար։ Հիմա դրա գինն իջեցնելու են, որ ծախվի։ Եթե կրկին գնորդ չհայտնվի, ապա այն կանցի պետական կառավարման տակ։ Թե ինչ է դա նշանակում, միայն ավարտված պողոսները չեն հասկանում և միայն պողոսներն են ծափահարում։

Այն, ինչ տեղի է ունենում «Գոլդեն Փելեսի» հետ, շատ խորհրդանշական է։ Զբոսաշրջության բում խոստացող և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրումային առատություն պլանավորող իշխանության աճուրդը, որը զբոսաշրջային գոտում գտնվող հյուրանոցին էր վերաբերում, չի կայանում։ Ո՞վ է հիմար, որ սեփականության «թավշյա» վերաբաշխման գործիք դառնա։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը