Մեկնաբանություն

20.12.2019 12:30


Մի «մուտիտի» պատմություն

Մի «մուտիտի» պատմություն

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ Փաշինյանը խուլուհամր է ձեւանում`որեւէ կերպ չի արձագանքում երկրի համար կենսական խնդիրների վերաբերյալ հարցադրումներին, ինչպիսին, օրինակ, Արցախյան կարգավորման գործընթացն է`մինչեւ հիմա կես խոսք չի ասել Բրատիսլավայի «զարգացումների» մասին, եւ խիստ «նրբանկատ» է, երբ խոսքը վերաբերում է անձամբ իրեն ու իր ընտանիքի անդամներին։

Այս դեպքում էլ, ահա, մի քանի օր «համեստորեն լռելուց» հետո` քիչ համարելով Մարիամիկի «բացատրությունները», «շեղվեց աշխատանքային գրաֆիկից»` լայվ մտավ եւ ամբողջ 23 րոպե փորձում էր «ֆունդամենտալ ձեւով» ջրել բյուջեի հաշվին դստեր 27 հազար դոլարանոց նոփ-նոր ամենագնացի թեման։ Բայց ստացվեց ինչպես միշտ. հանրությանը մոլորեցնելու պարզունակ փորձ, մանիպուլյացիա, որի վրա միայն եփած հավը չի ծիծաղի։ Մեկ էլ` իր ամեն շարժումից էքստազի մեջ ընկնող քառակուսի ուղեղների բազմությունը։

«Էնտեղ մի դրույթ կա օրենքում, որը կարելի է մեկնաբանել, որ վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից։ Բայց ընդհանուր առմամբ, տրամաբանությունն այն է, որ ինչպես ընդունված է ասել, օրենքը հստակ ասում է, կարճ ասած, ո՛չ վարչապետը, ո՛չ վարչապետի ընտանիքի անդամները, չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից»,-այսպես խոսեց Փաշինյանը` հղում անելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին, որտեղ, իր ասելով, սեւով սպիտակի վրա գրված է, որ վարչապետն ընդհանրապես, վարչապետի ընտանիքի անդամները` «ըստ էության», չեն կարող հրաժարվել պետության կողմից պաշտպանված լինելու տհաճ պարտականությունից։

Եվ մտքի «թեթեւ շարժումով» եկավ-հանգեց այն եզրակացության, որ Մարիամիկի համար ոչ թե 2019, այլ մի տարի առաջ` 2018-ին գնված մեքենան Մարիամիկի համար չի ձեռք բերվել, այլ` նրա անվտանգությունն ապահովողների։ Չհամաձայնել սրա հետ, նույնն է թե` ասել. «Մարիամ Փաշինյանի համար Կալաշնիկովի ավտոմատներ են ձեռք բերվել, Մարիամ Փաշինյանի համար զրահաբաճկոններ են ձեռք բերվել, Մարիամ Փաշինյանի համար ռադիոկապ ա ձեռք բերվել, եւ այլն, եւ այդպես շարունակ»։ Գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենաները, «Կալաշնիկովները», զրահաբաճկոնները, ռադիոկապը, որ սպասարկում են իրեն եւ տիկնոջը, բնականաբար, նույնպես իրենցը չեն` իրենց համար չեն, այլ` ՊՊԾ-ի։

Այստեղ Փաշինյանը մի մե՜ծ «գաղտնիք» բացահայտեց իր զոմբիների համար` սրտաճմլիկ պատմություններ պատմեց այն մասին, թե ինքն ու իր բազմամարդ ընտանիքը ո՜նց են տառապում «ախռանայով ման գալու» անհարմարություններից. «Դե, որ խոսում ենք... Ասում ենք` Հայաստանը մեր օջախն ա, ժողովուրդը մեր ընտանիքն ա, ընտանեկան խոսակցության ֆորմատով, Հայաստանում մարդիկ կան, ում թվում ա` ախռանա ունենալը, ախրանայով շրջելը, մարդիկ կան, որոնց համար դա գերագույն հաճույք ա, գերագույն հաճույք։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել` էս վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված ա էդ երեւույթի հետ, որովհետեւ իմ ընտանիքի անդամները անընդհատ իմ առաջ հարց են դնում, որ սա իրանց համար մեծ պրոբլեմ ա։ Էս իրավիճակը իրանց համար մեծ դիսկամֆոռտ ա։ Եվ սա մեր ընտանեկան պրոբլեմներից համար մեկն ա։ Օրինակ` անցած կիրակի օրը մենք ընտանիքով, հույս ունեմ, ճիշտ կհասկանաք` էս ամեն ինչը շատ անլուրջ չի թվա, փախել ենք մեր հին մեքենայով, եւ ժամուկես-երկու ժամ շրջել ենք Երեւան քաղաքում»։

Կհարցնեք` ինչո՞ւ «ֆունդամենտալ ձեւով» չի լուծում հարազատներին անասելի «դիսկոմֆորտ» պատճառող այդ խնդիրը. չի մտնում Ազգային ժողով՝ օրենքը փոխելու, պետական պահպանության «կապանքներից» ընդմիշտ ազատվելու նախաձեռնությամբ։ «Շատ հասկանալի» պատճառով. «Դա անարդար կլինի հետագա վարչապետերի համար, որովհետեւ, եթե հիմա էդ բանը վերացնենք, եթե ինչ-ինչ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի դա հետ բերելու, դա կստացվի, որ մենք անձնական քմահաճույքներով, եթե ինչ-որ օրենք վերացրինք, հետո մարդիկ պետք ա տանջվեն, չարչարվեն, հանրությանը բացատրեն, թե ինչի են էդ ինստիտուտը հետ բերում»։

Բա՜... Անձնական քմահաճույքներից ելնելով` կարելի է փաստացի վերացնել բանկային գաղտնիք, ընդունել օրենք առանց դատարանի որոշման անձի ունեցվածքը բռնագրավելու, ՍԴ դատավորներին ժամանակից շուտ (կաշառքով) թոշակի ուղարկելու մասին, նույնիսկ` փոխել Սահմանադրությունն անցանկալի դատավորներից ազատվելու համար։ Իսկ օրենքից հանել պետական պաշտպանության պարտադիր բաղադրիչը` ո՛չ մի դեպքում չի կարելի։

Բայց սա ամենը չէ։ Բանն այն է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կա՛մ լավ չի կարդացել օրենքը, կա՛մ չի հասկացել, կա՛մ հասկացել է, բայց սովորականի պես «ֆռռացնում» է հպարտ քաղաքացուն։

Ինչո՞ւ փոխել օրենքը, եթե կարելի է գեղական կարգով լուծել հարցը` իրեն հավասարեցնելով նախագահի հետ

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետում իսկապես գրված է, որ պետական պահպանություն տրամադրվում է՝ 1) Հայաստանի Հանրապետության Նախագահին, 2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, 3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Եվ նրանք, այո, «իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից»։ Իսկ «հատուկ պետական պաշտպանության ենթակա այլ անձինք «կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին»։

Ինչ վերաբերում է «ընտանիքի անդամներին», նրանց մասին օրենքում ընդամենը մի հիշատակում կա, այն էլ` նախագահի պահպանությանը վերաբերող 6-րդ հոդվածի 2-րդ կետում (ուշադրություն դարձրեք`վարչապետին վերաբերող առանձին կարգավորում չկա` գոյություն չունի. պարզապես Փաշինյանն իրեն հավասարեցրել է նախագահի հետ, ինչպես «ամառանոցի» դեպքում, երբ վերցրեց ու ինքնակամ տեղափոխվեց նախագահի համար նախատեսված մասնաճյուղ`չունենալով դրա իրավունքը)։ Այն է՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող եւ (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»։

Առաջին կետում էլ «հստակ» ամրագրված է. «Հայաստանի Հանրապետության Նախագահին, նրա ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, տրամադրվում է պետական պահպանություն` նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում` սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով»։ Սա մի՛ բան է նշանակում. մնացած պաշտոնատար անձանց, առավել եւս` ընտանիքի անդամների պարագայում «լրիվ ծավալով միջոցառումների» մասին խոսք լինել չի կարող։ Եվ, իհարկե, օրենքում չկա որեւէ տող, նախադասություն, որ կարելի է մեկնաբանել որպես պետության պարտավորություն`վարչապետի ընտանիքի անդամներին ապահովելու տրանսպորտային միջոցներով։

Իսկ ահա Փաշինյանը, կամայականորեն մեկնաբանելով 11-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի` լիազոր մարմինն ապահովում է պետական պահպանության օբյեկտների անվտանգությունը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, «այդ թվում` երթեւեկության ժամանակ», որոշել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների պաշտպանությունը, «այդ թվում` տրանսպորտային միջոցների կիրառմամբ», պետության սուրբ պարտականությունն է։

Լիազոր մարմնի «պարտականությունների» մասում, մասնավորապես`նշված է. «Անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթեւեկում են պետական պահպանության օբյեկտները»։ Ուղեկցել` չի նշանակում տրանսպորտային միջոց հատկացնել «պահպանության օբյեկտին»։ Հետաքրքրվելու դեպքում Փաշինյանը հեշտությամբ կարող էր համոզվել, որ նման պրակտիկա Հայաստանում չի եղել. երեք նախկին նախագահներից որեւէ մեկի ընտանիքի անդամները չեն օգտվել նման «արտոնություններից»։ Վարչապետերի մասին արդեն չենք խոսում։

Ավելին` եթե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, առաջին հերթին ԱԺ նախագահի ընտանիքի անդամները պետք է «ախռանայով ման գային»։ Պետությունը նրա՛նց համար պետք է թանկարժեք մեքենաներ առներ, թիկնապահներ տրամադրեր, «ուղեկցեր» աշխատանքի, խանութ, սրճարան եւ այլն։

Հայաստանը, այնուամենայնիվ, խորհրդարանական երկիր է. սուպերվարչապետական չէ, ինչպես սխալմամբ կարծում է Փաշինյանը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը