Մեկնաբանություն

25.12.2019 12:35


Ի՞նչ անել, որ Առնետի տարում Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքն իրենց լավ զգան

Ի՞նչ անել, որ Առնետի տարում Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքն իրենց լավ զգան

Նախ` պետք է առանց երկմտելու կոտրել պետական կառավարման համակարգի «դիմադրությունը». որ չկապի «ժողովրդի վարչապետի» ձեռքերը, չխանգարի «արագի մեջ» անել այն, ինչ անհրաժեշտ է` Պողոսին հաճոյանալու եւ էլի միառժամանակ ջրի երեսին մնալու համար։

Պետք է այլախոհներին (հատկապես նրանց, ովքեր դեռ զրոյի վրա նստած չեն` ամբողջությամբ չեն սպառել լրատվամիջոցներ պահելու, ընդդիմադիր որեւէ միավորում, շարժում, քաղաքական միավոր ստեղծելու ռեսուրսները) թիրախ դարձնել. որ «չթփրտան», չփորձեն «պլստալ» ընտրովի-սարքովի «հեղափոխական» արդարադատության ամենատես հայացքից եւ «օրվա պեռաշկիի» փողը վաստակելու հրամայականից բացի` այլ բանի մասին չմտածեն։

Դրա համար պետք է մտնել մարդկանց գրպանը, ընդհուպ`մատի ու մատանու արանքը, «դոստուպ» ստանալ անձնական տվյալների, այդ թվում` հեռախոսազրույցների եւ բանկային քարտերի նկատմամբ, օրինականացնել «կուլակաթափությունը»` «ապօրինի» ծագում ունեցող կամ այդպիսին համարվող գույքը եւ ունեցվածքը առանց դատարանի որոշման բռնագրավելու մասին օրենքի տեսքով։

Կարող է մանրուք թվալ, բայց անպայմա՛ն պետք է Վաչագան Սարգսյանի հեղինակած Այբբենարանը նետել աղբաման. ախր հե՛չ բանի պետք չէ` պրոպագանդում է հայկական (եւ ոչ միայն հայկական) միջին վիճակագրական ընտանիքի «նահապետական», այսինքն` «հնացած» կարծրատիպը, որից, եթե չեք մոռացել, ամեն գնով անհրաժեշտ է ազատվել`ինչքան շուտ, այնքան լա՛վ։ Առանց ժամանակ կորցնելու, առաջին իսկ հարմար առիթով` վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան եւ պայմաններ ստեղծել ընտանիքի նոր, «ժամանակակից» մոդելի ներդրման համար` «ծնող-1, ծնող-2» սուպերառաջադեմ եւ սուպերժողովրդավարական տեսլականի շրջանակում։

Ընդհանրապես, պետք է պինցետով քերել-հանել տգիտությունը հայ մարդու, առաջին հերթին` պետական ծառայողների ուղեղներից։ Նույնիսկ` եղունգների տակ ոչ մի մոլեկուլ չթողնել, որ մտքով չանցկացնեն ընդդիմանալ թավշյա «հեղափոխության» բերած «գլոբալ արժեքներին», ինչպես, օրինակ, սեռական պատկանելությունից եւ գենետիկ այլ առանձնահատկություններից անկախ, սեփական «մարմինն» ազատորեն տնօրինելն է`պարտադիր ի ցույց դնելով դա «կարծրացած» ուղեղներին։

Եթե չեք հասցրել գլխից արմատախիլ անել աղքատությունը, ճիշտ ժամանակն է` գործի անցնել եւ 2020 թվականը դարձնել աղքատության վերջնական հաղթահարման տարի. եթե ոչ սեփական գրպանում, ապա` վիրտուալ իրականության մեջ կամ գոնե մտածելու համար նախատեսված գորշ զանգվածում։

Շատ կարեւոր է` չհաշվե՛լ քայլելով իշխանության եկած եւ կիլոմետրանոց քայլերով սեփական բարեկեցության պարամետրերը կտրուկ հեղափոխած «բարձրաստիճանների» փողերը. շարունակեք «գույքագրել» նախկինների թալանած միլիարդները եւ բավարարվեք մի գեղեցիկ օր «գողոնը» մինչեւ վերջին կոպեկը «հետ բերելու» խոստումներով։

Բոլորովին մի՛ նեղվեք, երբ «սիրելի վարչապետը» մոռանում է «պադավատապետության», ընտանյոք հանդերձ ուժեղացված «ախռանայով», գերթանկարժեք կամ, վատագույն դեպքում, թանկարժեք ավտոմեքենաներով ման գալու, պետական բյուջեի հաշվին իրենց այլեւայլ շռայլություններ թույլ տալու վնասակարության մասին բոցաշունչ ճառերը, եւ հարկատուների միջոցներով ցոփ ու շվայտ կյանքով ապրելը ներկայացնում որպես անխուսափելի անհրաժեշտություն։ Հետն էլ` հոգոց հանում, թե բա`մենակ ես գիտեմ, ի՜նչ գերմարդկային ճիգեր են պահանջվում`դիմանալու այս փորձությանը, եւ ի՜նչ մեծագույն հաճույք կլիներ վերադառնալ «հին, բարի օրերի» անպաճույճ ապրելակերպին, եթե օրենքը համը չհաներ. չպարտադրեր անել այն, ինչի համար անարգանքի սյունին էի գամում իմ նախորդներին, դեռ մի բան էլ` ավելի։

Ու մի՛ տրտնջացեք, երբ ձեզ կրճատում են` օպտիմալացման անվան տակ ազատում են աշխատանքից։ Կամ, ասենք, ձեր աշխատավարձը բարձրացնում են 5, առավելագույնը` 10 հազար դրամով, կենսաթոշակը` 3-4 հազար դրամով, իսկ իրենց եկամուտները`կրկնապատկում։ Եթե պաշտոնապես չեն էլ կրկնապատկում, տարին 12 ամիս, երբեմն` ամիսը երկու, տարեվերջին` ամբողջ 4 անգամ իրենք իրենց 2-3 միլիոն դրամի պարգեւատրում են նշանակում։ Իրենց հասնո՛ւմ է։ Պե՞տք է ինչ-որ կերպ հատուցեն «մաքուր ձեռքերով» ապրելու`«չգողանալու» եւ գիշերուզօր ժողովրդի մասին մտածելու վնասները, թե՞ չէ։

Առհասարակ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ։ Ո՛չ ժողովրդի ընտրյալներին, ո՛չ ինքներդ ձեզ։ Մեկ է` դրանից օգուտ չկա։ Ձեր ընտրությունն արել եք` բարի եղեք հանգիստ նստել տեղներդ եւ սպասել խոստացված բարեփոխումներին։ Մի՛ շտապեք` բարեփոխումները գայլ չեն, անտառ չեն փախչի։ Ուշ լինի, նուշ լինի, ինչպես ասում են։ Եթե չլինի`դարձյալ հոգ չէ. պակասը կլրացնեք հաջորդ «եթերաշրջանում»։

Պատմության աղբաման նետելու ենթակա հազա՛ր ու մի հին կարծրատիպ կա` բոլորը չես թվարկի։

Աղբամանները կարող է` քչություն անեն, բայց դա լուծվող հարց է. Կարգին քաղաքապետն արդեն գտել է աղբահանության խնդիրը լուծելու ձեւը եւ կհուշի` ինչպես ստեղծել պրոբլեմ, հետո` հերոսաբար լուծել այդ պրոբլեմը։ Եթե, իհարկե, չհայտնվի իր իսկ «պրիյոմի» տակ եւ «թավշապետի» հետ «միասնական փաթեթով» անսպասելի չհանգրվանի պատմության աղբանոցում, որպես ձախողված «թավշյա, ոչ բռնի հեղափոխականի» դասական նմուշ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը