Մեկնաբանություն

26.12.2019 12:20


Բեսպրեդել` առանց սահմանների

Բեսպրեդել` առանց սահմանների

Ամեն անգամ, երբ «վարչահրամայապետ» Փաշինյանի անձնական օգտագործման ՀՔԾ-ն սպիտակ թելերով հերթական «պլինտուսից ցածր մակարդակի» գործն է կարում Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող այս կամ այն անձի վրա, մտածում ես` սա վե՛րջն է, «дальше некуда»...

Բայց, պարզվում է`Հայաստանում հեղափոխական տեմպերով ահագնացող իրավական բեսպրեդելն իրոք սահմաններ չի ճանաչում։

Ուղղակի անհնար էր պատկերացնել, որ մեր իրավական, ինչո՞ւ միայն իրավական` դատաիրավական ողջ համակարգը կարող էր այսքան իջնել ու ոտով-գլխով` մինչեւ ականջների ծայրը, խրվել արդեն ոչ թե վնգստացող, այլ «կատաղորեն հաչող և աջուձախ կծոտող» արդարադատության ճահիճը, ուր ամեն ինչ կա, բացի պետության, օրենքի և օրինականության առջեւ պատասխանատվությունից, պրոֆեսիոնալիզմից ու մասնագիտական պարտքի զգացումից։

Որտե՞ղ, ո՞ւմ տափակ ուղեղում է ծնվել Քոչարյանի «աջակից» Վարուժան Մկրտչյանին Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին իբր`նախաքննական ցուցմունքը կեղծելու համար կաշառք տալու պահին «բռնացնելու» եւ նրա միջոցով 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի վրա «դուրս գալու» սցենարը` չգիտենք։ Բայց որ սցենարն անհեթեթ է, զավեշտալի եւ պարզապես անտաղանդ, փաստում է իշխանական խմբակցության անդամին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարզվում է` թերթը սեփական «փոքրիկ հետաքննությունն» է անցկացրել այդ «փաստի» վերաբերյալ։ Ու «բացահայտել» է, որ տուժողը, որին Քոչարյանի աջակից կոչեցյալն իբր թե կաշառել է, ոստիկան է` Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը։

Եվ, ամենակարեւորը` ցուցմունքը (որից հրաժարվելու համար ոստիկանության սարքած տեսանյութի հերոսը տուժողին իբր թե փողից բացի նաև պաշտոն է խոստացել`իհարկե, իշխանափոխությունից հետո, դեռ մի բան էլ գլուխ է գովել, թե հեսա-հեսա «պերեվառոտ» ենք անում, ու որպես «ապացույց», ցույց տվել դեպքի վայրում «պատահաբար» հայտնված «բայեվոյ ավտոմատը»), ոչ մի` ընդհանրապե՛ս ոչ մի կապ չունի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ առավել եւս նրան առաջադրված սուտ մեղադրանքի հետ։ Որ հայտնի` ում որ պետք է, ու Նիկոլի սրտի ոստիկանությանը պատեհ առիթ ընձեռի` «լայնածավալ օպերատիվ-հետազոտական աշխատանքների» արդյունքում բացահայտելու եւ սաղմի մեջ խեղդելու ցուցմունքներ կեղծելու ուղղությամբ տիտանական ջանքեր գործադրող «կազմակերպված խմբի» հանցավոր գործունեությունը։

«Մասնավորապես, Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք է տվել և հայտնել է ՀՔԾ քննիչների, որ ՀՀ ոստիկանությունում ծառայում է 2005 թվականից և ներկայումս զբաղեցնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշ­տի առաջին դասակի հրամանատարի պաշտոնը։ Վերջինս ՀՔԾ քննիչներին հայտնել է՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 5:30-ին, գտնվել է տանը, երբ ՊՊԾ գնդից զանգահարել են և ասել, որ տագ­նապ է։ ՀՔԾ քննիչը հարցադրում է արել՝ նշելով, թե Ազատության հրապարակում սև համազգեստով դիմակավորված ան­ձանց տեսել է, թե ոչ. եթե տեսել է, ապա ի՞նչ գործողություններ են արել։ Ի պա­տասխան՝ Վրույր Գաբրիելյանը հայտնել է, որ նման մարդկանց չի նկատել»,-գրում է թերթը։

Ինչի՞ համար էր այս էժանագին «թատրոնը»` ոստիկանության հրապարակած «սենսացիոն տեսանյութով» եւ «հարակից» հաղորդագրությամբ համեմված, ի՞նչ խնդիր են լուծում ՀՔԾ քննիչները`սարքելով տարրական տրամաբանության հետ զրո առնչություն ունեցող այս «դետեկտիվ պատմությունը»` կարելի է միայն ենթադրել։

Եթե հիշում եք, ԱԺ քայլարած մեծամասնությունն ընդունեց բառի բուն իմաստով խայտառակ մի օրենք, որ քննիչներին թույլ է տալիս քչփորել ոչ միայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի, այլեւ նրան այս կամ այն կերպ առնչվող այլ անձանց ֆինանսական հոսքերը, կապերը, գործունեությունը, հարկ եղած դեպքում` սառեցնել նրա բանկային հաշիվները։ Այսինքն` այն, ինչ պահանջվում է 5-րդ ալիքի «թթվածինը փակելու», ընդդիմադիրի համարում ունեցող լրատվամիջոցի ֆինանսավորումը դադարեցնելու, վերջին հաշվով`լռեցնելու համար։

Բայց դա որեւէ մեկին չպետք է մտահոգի. Փաշինյանը «երդվում» է, որ Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ ու անկաշկանդ չի եղել, ինչպես այսօր` իր անձնիշխանության օրոք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը