Քաղաքական

27.12.2019 13:39


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ անձեռնամխելիությունը գործում է ամբողջ ծավալով և նրան մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ անձեռնամխելիությունը գործում է ամբողջ ծավալով և նրան մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է քրեական օրենսգրքի 309 հոդվածով: Հարությունյանն ասաց նաև, որ հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, պատասխանատուն նա է և շատ փոքր հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա 309 հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը: Նախկին նախարարը նաև վստահություն հայտնեց, որ փաստաբաններն այդ հարցը կարծարծեն:

«Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա միանշանակ է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ գործողությունները, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել, վերաբերում է Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակվա գործողություններին, Հարությունյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծված է որպեսզի ապահովի դատարանի անկախությունը:

«Եթե լիներ հակառակը, օրինակ, դատավորը նշանակվել է և անձեռնմխելիությունը, եթե վերաբերվեր միմիայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, հարցի էությունը կվերանար: Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոն, անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոն էր զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի համար ևս»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը