Քաղաքական

13.01.2020 17:11


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Պետական կառույցից որեւէ մեկնաբանություն չտվեցին, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը՝ վկայակոչելով ՍԴ մասին օրենքը, որը որոշակի արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում։

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,-նշված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Չնայած օրենսդրական արգելքին՝ դեկտեմբերի 27-ին դատախազությունը բավական ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՍԴ նախագահին մեղսագրվող արարքների վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը