Տնտեսական

22.01.2020 21:25


Կառավարությունը հաջորդ ամանորյա տոնակատարությունների անցկացման համար կհատկացնի ավելի շատ գումար

Կառավարությունը հաջորդ ամանորյա տոնակատարությունների անցկացման համար կհատկացնի ավելի շատ գումար

ՀՀ կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի ամանորյա տոնակատարությունների անցկացման համար տրամադրվելիք գումարի չափն այս տարվա համեմատ ավելացնել` դրանով գրավելով ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը, այլ նաև հրապուրելով, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ `պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե արդյոք հաշվարկ արվել է, թե որքան ՀՀ քաղաքացի է մեկնել արտերկիր` նշելու Ամանորը:

Փաշինյանը նշեց` հաշվարկ չի արվել, բայց հաջորդ տարի կծախսեն ոչ թե 271 մլն դրամ, այլ, օրինակ, 570 մլն դրամ: «Եվ դրանով ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների կհրավիրենք Հայաստան, այլև կօգնենք, որ ՀՀ քաղաքացիները Ամանորը նշեն Հայաստանում: Եվ հաջորդ տարի ոչ թե 9 մլրդ հավելյալ դրամաշրջանառություն կապահովվի, այլ 20, 25, 30 մլրդ: Ես սա այսօր ասում եմ, որ մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն, որ հաջորդ տարի այդ գումարը պատրաստ ենք կրկնապատկել: Արդեն համապատասխան հանձնարարություն տրվել է վարչապետի աշխատակազմին, նախարարություններին, որպեսզի մենք այս ճանապարհով գնանք»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի 271 մլն դրամ են հատկացրել Երևանի քաղաքապետարանին` Ամանորյա տոնակատարությունը կազմակերպելու համար: «Ես ասում էինք, որ դրա նպատակը նոր զբոսաշրջիկներ, նոր հոսք բերելն է, որպեսզի այդ զբոսաշրջիկները օգնեն նաև Հայաստանում տնտեսական ակտիվության խթանմանը: Այս տարի դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակում ՀՀ-ում տեղի է ունեցել 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»,-ասաց նա:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Փաշինյանը նշել էր` կարելի է ենթադրել, որ նաև 271 մլն դրամ գումար ծախսելով է, որ կարողացել ենք ապահովել այդ 9 մլրդ ավելի դրամաշրջանառությունը: Նա նկատել էր` այդ միջոցով աշխատանք ունեցող՝ փոքր բիզնես ունեցող մարդկանց օգնել են, որ նրանք հավելյալ եկամուտներ գեներացնեն: Դրանից մոտ 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Ամենամեղմ հաշվարկների արդյունքում այդ 9 մլրդ 308 մլն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է նվազագույն հաշվարկներով 325 մլն դրամի հարկ: Այսինքն՝ այդ 9 մլրդ դրամի առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները վճարելու են 325 մլն դրամի հարկ:

Այս խորագրի վերջին նյութերը