Մեկնաբանություն

28.01.2020 17:45


Անլրջության համախտանիշ... կարծեցյալ «կատարյալ առողջության» պայմաններում

Անլրջության համախտանիշ... կարծեցյալ «կատարյալ առողջության» պայմաններում

Մինչ առանձին անհատներ, չգիտես, թե ում համոզելու համար, «կատարյալ առողջության» տեղեկանքի ետևից են ընկած, երկրի հասարակական-քաղաքական կյանքում ավելի ու ավելի է ընդգծվում անլրջության համախտանիշը (սինդրոմ): Վախենամ՝ համաճարակն անխուսափելի է:

Վատն այն է, որ անլրջության այդ համախտանիշը հասարակական-քաղաքական կյանքում խորացվում և ամեն կերպ արմատավորվում է հենց վերից՝ վար իջնող ազդակներով ու բացահայտ դրսևորումներով: Դա նույնիսկ ավելի վատ է, քան՝ անխուսափելի թվացող համաճարակը:

Երկրի վարչապետը ու իր քաղաքական մերձավորները անլրջության գեներացման, տարածման ու արմատավորման հիմնական դերակատարներն են: Ցանկացած հիմնախնդիր, քաղաքական կամ կազմակերպչական հարց քննարկվում ու հրապարակայնորեն մատուցվում է անլրջության ու անպատասխանատվության այնպիսի թանձրահյութով կամ շփոթով, եթե կուզեք՝ խյուսով, որ նույնիսկ շատ բան «կերած» (տեսած) հասարակությունը չի կարող կուլ տալ: Իսկ եթե կուլ տա, ապա առանց այն էլ տանջված օրգանիզմը իսպառ քայքայման ծանր փորձության կենթարկի:

Որպես այդպիսին, չկա քաղաքական երկխոսություն: Ըստ որում, և՛ քաղաքական բաղադրիչը չկա, և՛ երկխոսության նախադրյալ: Ամեն դրսևորում հանգեցվում է նեղ-անձնական կամ անձնավորված հակադրության և պիտակավորման:

Ավելին, իրադարձությունների ու բախտի բերմամբ պետության գլխավոր աթոռներին ու առանցքային լծակների մոտ հայտնված «թավշյա» կերպարներն ուղղակի փայլատակում են անպատասխանատվությամբ և ուղղակիորեն անլրջություն են ճառագում: Այդ ճառագայթման փայլն այնքան շլացուցիչ է, որ «ծածկում» է նրանց կարծեցյալ «հրեշտակայնության» հանրային տարածված պատրանքը:

Է՛լ ավելին, պետության ղեկի ու կառավարման «ոստնակների» մոտ հայտնված անձինք քննարկումներն իջեցրել են «քուչի բազարի» հարթության, փողոցային բառամթերք, վիրավորական ու ցածրակարգ, էժանագին արտահայտություններ, բանսարկության ու զրպարտության նստվածքով ծանրացող մեղադրանքներ: Այդ ամենի հանրագումարում արդեն այնպիսի ճահճաթթվուտային միջավայր է ձևավորվել, որ ցանկացած նորմալ մարդու (անկախ նրա հասարակական, քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից) շունչը կտրվում է:

Վատն այն է, որ մյուսները հաճախ, գուցե դա չգիտակցելով կամ ինքնաբերաբար, սկսում են իջնել այնտեղ, ուր վերևիններն իջեցնում են քննարկումային նշաձողը: Ասենք, էլ ի՞նչ նշաձող, եթե այն ուղղակի գետնին է նետված, եթե ոչ՝ փոսը:
Ինչո՞ւ:

Քիչ թե շատ տրամաբանական բացատրությունը, կարծում եմ, դեռ շատ ու շատ տարիներ առաջ հուշել է իմ սիրելի Սեմյուել Լենգհորն Քլեմենսը: Դե այն, որ ասում էր վիճաբանության մասին, երբ կողմերից մեկը խնդիր ունի ձեզ իջեցնել այն ցածր մակարդակին, որտեղ ինքը միշտ է եղել ու մե՜ծ փորձառություն ունի:

Անհատների դեպքում դա այլ հարց է: Բայց երբ դա ընդհանրական դրսևորում է ստանում, ինչպես հիմա մեր քաղաքական դաշտում կամ կյանքում տարածվող անլրջության համախտանիշը, վերածվում է համահասարակական աղետի, եթե արդեն չի վերածվել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը