Աշխարհ

02.03.2011 11:28


Պոլսահայերը ներկայացնում են փոքրամասնության իրավունքների խախտումները Թուրքիայում

Պոլսահայերը ներկայացնում են փոքրամասնության իրավունքների խախտումները Թուրքիայում

Վերջերս Ստամբուլում թողարկված երկու փաստաթղթերը նոր լույս են սփռում Թուրքիայում փոքրամասնության իրավունքների խախտումների վրա: Այդ զեկույցների հեղինակները զգուշավոր, սակայն ճիշտ գնահատական են տալիս հայկական, հունական և հրեական համայնքների առջև ծառացած հիմնախնդիրներին:

«Զեկույց ոչ մահմեդական փոքրամասնությունների վերաբերյալ» խորագիրը կրող առաջին փաստաթուղթը թվագրված է 2011 թվականի փետրվարին: Դրա հեղինակներն են երեք հայտնի պոլսահայեր` Գրիգոր Դոշեմիչյանը, Երվանդ Օզուզունը և Մուրադ Բեբիրօղլուն:

Հեղինակները նպատակադրվել էին Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին լուծում գտնել ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը նախապատրաստվում է վերանայել սահմանադրությունը` Եվրամիությանն անդամակցելու իր հնարավորությունները բարձրացնելու համար: Չնայած հեղինակները չեն նշում, թե արդյոք իրենց զեկույցը ներկայացվել է թուրք պաշտոնյաներին, սակայն իշխանությունները, անկասկած, տեղյակ են դրա բովանդակությանը: Այն թուրքերեն լեզվով տեղադրված է Ստամբուլում գործող hyetert.com կայքէջում: Ստորև թարգմանաբար ներկայացված են զեկույցի հիմնական կետերը.

Ոչ մահմեդական փոքրամասնությունների առջև ծառացած դժվարությունները հեղինակները կապում են 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծման հետ` որպես միաձույլ, միատարր պետության, որը հիմնված էր մեկ մշակույթի և մեկ կրոնի վրա: Այդ քաղաքականությունը լուրջ հետևանքներ է ունեցել փոքրամասնությունների համար, ստիպելով նրանց փախչել երկրից կամ ձուլվել:

Ոչ մահմեդական փոքրամասնությունները դիտարկվում էին կամ որպես օտարերկրացիներ կամ պետության ներքին թշնամիներ: Հնարավոր չէ մի ոստիկան կամ սպա գտնել, որը փոքրամասնական որևէ խմբի անդամ լինի: 1934 թվականին Թրակիայից հրեաների տեղահանությունը, 1942 թվականի փոքրամասնությունների ունեցվածքից ահավոր չափի հարկերի գանձումը, և 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հույների վրա կատարված լայնածավալ հարձակումները, հանգեցրին ոչ միայն այս համայնքների աղքատացմանը, այլ նաև նրանց մշակույթի քայքայմանը: Այսպիսի խտրական քաղաքականության և դաժան հարձակումների հետևանքով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թվաքանակը զգալիորեն նվազեց` 1927 թվականի 350 հազարից հասնելով մինչև ներկայիս 80 հազարը, այն դեպքում, երբ թուրքերի թիվն ավելացավ վեց անգամ:

Հեղինակները նշում են, որ թուրքական կառավարությունը վերջերս վերադարձրել է փոքրամասնությունների հաստատություններին պատկանող մի քանի կալվածքներ, որոնք բռնագրավվել էին սկսած 1974 թվականից: Սակայն փոքրամասնությունների հաստատությունների մասին նոր օրենքում առկա հակասությունների և թերությունների պատճառով վերադարձված կալվածքները չեն կարող շահավետ օգտագործվել, որովհետև ոչ մի համայնքի թույլ չի տրվում դրանք վերանորոգել:

Կառավարությունը նաև խախտել էր Լոզանի պայմանագրի 41-րդ և 42-րդ հոդվածները, որոնցով Թուրքիան պարտավորվում էր ֆինանսավորում և հնարավորություններ ապահովել ոչ մահմեդական փոքրամասնություններին` կրթական, կրոնական և բարեգործական նպատակների համար, և պահպանության տակ առնել նրանց կրոնական հաստատությունները: Բացի Լոզանի պայմանագրից, Թուրքիայի կառավարությունը շարունակաբար խախտում է նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ:

Փոքրամասնությունների առջև ծառացած լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ թուրքական կառավարությունը չի ճանաչում Հայոց պատրիարքարանն ու Հրեական ռաբբինատը որպես իրավաբանորեն ճանաչված հաստատություն: Միայն անցյալ տարի, Հունական պատրիարքարանը, վերջապես ճանաչվեց որպես իրավական հաստատություն:

Մեկ այլ խնդիր է կառավարության կողմից թուրք փոխտնօրենների նշանակումը փոքրամասնությունների դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար, որը խոր անվստահություն է առաջ բերում: Նոր ուսուցիչների և կղերականների պատրաստումը ևս անհնարին էր դառնում թուրքական պետության կողմից կրոնական ճեմարանների փակման պատճառով: Զեկույցի հեղինակները պահանջում են, որպեսզի կղերականներին թույլատրվի կրոն դասավանդել փոքրամասնությունների դպրոցներում, ինչպես եղել է նախկինում:

Եզրափակելով, հեղինակները թուրքական իշխանություններին կոչ են անում «ժողովրդավարական և ժամանակակից» սահմանադրություն մշակելիս հաշվի առնել բոլոր վերոնշյալ իրավական հարցերը:

Երկրորդ փաստաթուղթը մի հարցազրույց է, որը «Ակունք» կենտրոնից Մելինե Անումյանը վարել է Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ, քանի որ Պատրիարքարանը պատրաստվում է նշել իր 550-ամյակը: Ըստ Աթեշյան սրբազանի, Ստամբուլում բնակվում են 67 հազար հայեր, իսկ երկրի ներսում` երեք հազար հայեր. Անկարայում` 500, Իսքենդերունում` 300, Սեբաստիայում` 70, Մալաթիայում` 50, իսկ Խարբերդում` 20 հայ ընտանիք: Բացի այդ, Սրբազանը հայտնել է, որ Թուրքիայում կան 100 հազար հայեր, որոնք վախենում են բացահայտել իրենց իսկական ինքնությունը: Այս ցուցանիշները չեն ներառում Հայաստանից եկած ապօրինի աշխատողներին, որոնք իրենց անօրինական կարգավիճակի պատճառով չեն կարող պսակադրվել, իսկ նրանց երեխաները` մկրտվել Պատրիարքարանի կողմից:

Աթեշյան սրբազանը գոհ է, որ վերջին տարիներին մի քանի բռնագրավված կալվածքներ վերադարձվել են հայկական հաստատություններին: Նա հայտնել է, որ Թուրքիայում գոյություն ունեն Հայ Առաքելական 44 գործող  եկեղեցի, որոնցից 37-ը գտնվում են Ստամբուլում, երեքը` Իսքենդերունում, երկուսը` Տիգրանակերտում և մեկական` Մարդինում ու Կեսարիայում: Բացի այդ, Պատրիարքարանի հովանու տակ գործում են 12 հայկական դպրոցներ, իսկ հայ կաթողիկեներն ունեն երեք դպրոց ու տասը եկեղեցի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում ապրում են երեք հազար հայ կաթողիկեներ և հազար հայ բողոքականներ:

Ուրախալի է, որ ինը տասնամյակ անց Ստամբուլի հայ հոգևոր և աշխարհիկ ղեկավարները բավարար քաջություն ունեցան իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն իրենց ոտնահարված քաղաքացիական իրավունքների:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.` Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը