Մեկնաբանություն

30.01.2020 12:20


Թովմասյանը Փաշինյանին ասաց «չէ». կլիենտը հուզված է

Թովմասյանը Փաշինյանին ասաց «չէ». կլիենտը հուզված է

Նիկոլ Փաշինյանին հոգեխանգարմունքի է հասցրել Հրայր Թովմասյանը։ Նա այն դատավորն է, որը Սահմանադրությանն ասում է «այո», իսկ վարչապետին՝ «չէ»։ Ճիշտ է, էլի դատավորներ կան (Ազարյան, Գրիգորյան), որ օրենքին ասել են «այո», իսկ Նիկոլի քմահաճույքներին ասել են «չէ», բայց դա արել են անուղղակիորեն։

Թովմասյանն ուղիղ խոսք է հնչեցնում Փաշինյանի հասցեին։ «Ժողովրդի» վարչապետին դա հունից հանում է։

Հունից դուրս եկած վարչապետը անկանոն շարժումներ է անում։ Այսօր նա 37 թիվ հիշեցնող, անմեղության կանխավարկած խախտող մի գրառում էր արել, թե բա Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել։ Իր գրառմանը նա կցել էր Հ1–ի պատրաստած ռեպորտաժը, որից բերիական ժամանակների նավթալինոտ հոտ էր գալիս։

Առավոտ կանուխ այդ ռեպորտաժն իր էջում «շեյր» անող վարչապետը ցույց տվեց, որ դարձել է ֆեյսբուքյան ակտիվիստ ու փաստացի միացել է այն ֆեյքերին, որոնք վճարովի հիմունքներով հայհոյում են Փաշինյանի ընդդիմախոսներին և տարածում այս կամ այն նյութը։

Կապանյան ասուլիսից հետո Փաշինյանը մտել է սրընթաց անկման փուլ։ Նա սխալը սխալի հետևից է անում, ապօրինությունն ապօրինության հետևից։ Գրիչի պատմության տակ մնացած մարդը որոշել է ՍԴ–ի հարցում ամեն գնով հասնել իր ուզածին՝ ամբողջ պետական համակարգին ներքաշելով ապօրինությունների դաշտ։ Փաշինյանը կոլեկտիվ հանցանքի մոդելն է ընտրել, որպեսզի պետական ապարատին, ուժային կառույցներին ու իր թիմակիցներին դարձնի աթոռի մահապարտներ։

Իսկ թե ինչու է Փաշինյանը սևեռվել ՍԴ–ի ու Թովմասյանի վրա, բացի «բզիկից» ունի նաև շատ առարկայական պատճառ, որի մասին կխոսենք մեկ այլ հոդվածի շրջանակներում։

Այս պահին միայն արձանագրենք, որ Փաշինյանի մոտ սարսափելի սրացում է նկատվում։ Եվ դա այն դեպքում, երբ դեռ գարունը չի եկել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը