Մեկնաբանություն

03.02.2020 13:15


«Քաղաքական սննդակարգ» չկա, իսկ դա հանգեցնում է ճարպակալման

«Քաղաքական սննդակարգ» չկա, իսկ դա հանգեցնում է ճարպակալման

Վերջին օրերին ֆեյսբուքյան «բիսեդկաներում» բավականին աշխույժ քննարկվում էր սև ձկնկիթը, որին նաև խավիար կամ իկռա են ասում, նայած, թե ով ինչ լեզվամտածողական հակում ունի՝ արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ:

Գիտեք, իհարկե, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով նաև լրատվամիջոց է ղեկավարում գրել էր, թե վարչապետի տնեցիներից մեկի համար ահագին սև ձկնկիթ է գնվել: Հետաքրքիրն այն է, որ դրան հետևեց ոչ թե ենթադրյալ զրպարտության համար քաղհայցով դատարան դիմելու ռեակցիա, այլ լրատվամիջոցի ղեկավարին կանչեցին քննչական մարմին, թե՝ ասա, ի՛նչ աղբյուրից ես նման տեղեկություն ստացել: Դուրս է գալիս, որ ձկնկիթ և գնում եղել է, ու վատ բանն այն է, որ դրա մասին տեղեկությունն ինչ-որ «աղբյուր» հասցրել է կառավարության հանդեպ անբարյացկամ լրատվամիջոցներից մեկի «ծորակին»: Ծիծաղելի է, ընդհանուր առմամբ:

Սակայն ամեն ինչ արվեց, որ ավելի ծիծաղելի դառնա այդ պատմությունը: Հրապարակվեց ու կարճ ժամանակ անց նաև հեգնական մեկնաբանություններով ու նկարներով տարածվեց «Վարչապետը ընթրում է տիկնոջ հետ» պայմանական անվանմամբ լուսանկարը: Ճաշասեղանին, իհարկե, սև ձկնկիթ չկար, փոխարենը, ինչպես Իլֆն ու Պետրովն են իրենց հանրահայտ ստեղծագորության մեջ նշել, սեղանին կար այն ամենը, ինչ Աստված ուղարկել էր: Այս դեպքում՝ ուղարկել էր սուպերմարկետներից մեկի միջոցով: Դրա պատճառով էլ սեղանին հայտնվել էին տարատեսակ պահածոյացված բուսական ծագման կերակրատեսակներ, մինչև՝ արցախյան «ժենգյալով հաց», նաև՝ թթվատեսականի, ընդհուպ՝ մարինացված պատիսոն-դդմիկ և իրար վրա անկանոն ձևով լցված պանրի տեսականի: Չնայած, ընդհանուր առմամբ, ինքս անտարբեր եմ խալխի սեղանի պարունակության նկատմամբ:

Առհասարակ և իմ ընկալմամբ, հանգիստ կարող էր և սև ձկնկիթ էլ լինել, ու դա արտառոց ընկալում չպետք է ունենար, կարող էր անգամ «սիրո խորոված» լինել: Սև ձկնկիթը վատ է անդրադառնում, սակայն, իշխողների և պողոսազանգվածի հոգեվիճակի վրա: Դա արդեն ակնհայտ է:

Մյուս հետաքրքրական պահն այն է, որ վարչապետ Փաշինյանը հատուկ կարևորության մոտեցում ունի սննդի ու սննդատեսակների նկատմամբ: Չեմ պնդում, բայց նման տպավորություն ստեղծվում է, երբ հետադարձ հայացք ես նետում անցած 1 տարի 10 ամիսներին ու վերհիշում պահերը, կապված «իջևանյան խոզի» խորովածի, խորովածը բուռումելու տեխնիկայի, գյումրվա «քյալլայի» մասնատման և ըմբոշխնելու յուրահատկությունների հետ։ Դեռ «դնջացնող թանի» ու մնացյալ բաների, չնաշխարհիկ մուրաբաների մասին էլ՝ չասած:

Այդպես էլ միտդ են գալիս անկրկնելի Օստապ Իբրահիմովիչի խոսքերը, այն, որ Բալագանովին հորդորում էր. «Ուտելիքը կուլտ մի՛ դարձրեք, Շուրա՛»: Դժվար է աներկբա ու միանշանակ պնդել, բայց գուցե նման դրսևորումնե՞րն են առիթ տվել, որ «քաղաքակրթությունը և զուգարանները» թեմայով դարակազմիկ դատողություններ ձևակերպվեն: Իրո՛ք, դժվար է ասել:

Փոխարենը, կարելի է որոշ դիտարկումներ անել պայմանական «քաղաքական սննդակարգի» հետ կապված: Բանն այն է, որ երբ հագնում ես քո իսկ քննադատած ուրիշի «կոստյումը», հայտնաբերում, որ այն լավ էլ կարված է ու ոնց որ քեզ էլ է սազում, ապա քաղաքական «ճաշասեղանի» մոտ պիտի ծայրահեղ զգույշ և ուշադիր լինել: Որովհետև, եթե անզգույշ են լինում, ապա սկսում են առանց տարբերակելու «ուտել», ավելին՝ «խժռել» եղած-չեղած իշխանական լծակներն ու պետական կառավարման բոլոր լիազորությունները: Դրա հետևանքով իշխանական մարմինը կտրուկ ճարպակալում է, իսկ ճարպակալման հետևանքով դառնում անհաղորդ, անդյուրաշարժ և անսկզբունք, գլուխը (ուղեղը, միտքը) դառնում է երկրորդական, իսկ որովայնը՝ կարևոր: Կարճ ասած՝ գերլիազորությունները բերում են իշխանության գիրացման: Իսկ դրանից արդեն բոլորն են տուժում: Որքան արագ սա գիտակցեն և զգան, այնքան կմեծանա առողջացման թերապիան սկսելու և դրա՝ այդ թերապիայի արդյունավետության՝ ճարպազերծման հավանականությունը: Չնայած, որքան նայում եմ, տիրապետողը «քաղաքական ախորժակն ուտելիս է բացվում» մոտեցումն է:

Պետք է խստորեն հետևել «քաղաքական սննդակարգին», որին նաև Սահմանադրություն են ասում և գործող օրենքներ: Իսկ ոչ փոխաբերական առումով, ուղղակիորեն սննդի ու սնվելու հետ կապված, կարող եմ խորհուրդ տալ համով և օգտակար սննդի մասին գիրքը ( «Книга о вкусной и здоровой пище»): Ասում են, այն ժամանակին գրվել է ԽՍՀՄ սննդարդյունաբերության ժողկոմ ու ամենաերկարակյաց գործիչ Անաստաս Միկոյանի անմիջական ջանքերով:
Բայց այնուամենայնիվ, ո՛չ միայն հացիվ, ո՛չ միայն հացիվ...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը