Մեկնաբանություն

05.02.2020 14:00


«Mein Schritt»-ի ցուգցվանգային հարայ-հրոցը

«Mein Schritt»-ի ցուգցվանգային հարայ-հրոցը

Բնականաբա՛ր, «Իմ քայլը» բառակապակցությունը, որ իշխող խմբակցության անվանումն է, հատուկ է գերմաներեն փոխադրված: Եթե չեմ սխալվում, այն հնչում է որպես՝ «մայն շղ(ր)իթթ» (իմ քայլը, նաև՝ քայլվածքը, եթե կուզեք):

Երեկվա որոշակի դեպքի խորապատկերում, գերմաներենը պատճառաբանված է: Հա, դե «ցուգցվանգն» էլ, որ նույնպես գերմաներեն է, եթե հակիրճ, ապա՝ շախմատում այն կացությունն է, երբ մրցակիցներից մեկը հարկադրված է կոնկրետ քայլ անել, բայց յուրաքանչյուր նման քայլ հանգեցնում է նրա վիճակի է՛լ ավելի վատթարացման, հանրագումարում՝ մատի:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն առաջնորդվում է «ոչ մի օր՝ առանց թամաշայի» կարգախոսով, ու դա կառավարության հիմնական ծրագիրն է: Անցյալ երեքշաբթի «ադեկվադ»-ականներին ոստիկանական «դիմակահանդեսով» բերման ենթարկելու օրն էր: Երեկ արդեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին տարան: Հասկանալի է՝ 3 ժամով: Հա, ու այնպիսի կասկածների հիման վրա են ոստիկանական «դիմակահանդես» անում, որ չգիտես, թե կազմակերպիչներն ո՞ւմ են իրենց տեղը դրել: «Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքի» թեզը նույնքան ծիծաղելի է, որքան ողորմելի են այդ խայտառակությունը որպես ոստիկանության ինքնագործունեություն կամ «կառավարությանը պադստավկա անել» ներկայացնելու ժամանակակից հայկական «պռավդա» թերթոնի ճիգերը:

Լավ, բայց ի՞նչ խնդիր են լուծում «թավշյա» վարչապետն ու յուր գլխավորած իշխանությունը նման անհեթեթ քայլերով ու դրանց է՛լ ավելի անհեթեթ «բացատրություններով»: Դժվար է պնդել, բայց որոշ ենթադրություններ հանգիստ կարելի է անել՝ սխալվելու փոքր հավանականությամբ.

Առաջինը՝ մեկշաբաթյա պարբերականությամբ «դիմակահանդեսային ասֆալտափռումները» նպատակ ունեն վախի մթնոլորտ տարածել հասարակության մեջ: Պետք է նշել, որ բուն նպատակը կոնկրետ «բերման ենթարկվածներին» ահաբեկելը չէ, քանի որ նրանց «վախը չափված» է, և հետո՝ որքան էլ անձնապես տհաճ է նման պրոցեդուրայի ենթարկվելը, մյուս կողմից ու հանրային գործունեության առումով որոշակիորեն դա նպաստում է հանիրավի բռնության ենթարկված անձանց ճանաչելիությանն ու նրանց նկատմամբ հասարակության ոչ իշխանապաշտ ներկայացուցիչների համակրանքի աճին: Այնպես որ, ոստիկանության միջոցով «ուժի ցուցադրության» այդ շոուների ոչ ցայտուն նպատակը այլոց վախեցնելն է, թե՝ «տեսեք, ի՛նչ կարող է լինել Նիկոլ Փաշիյանին քննադատողների հետ»:

Երկրորդը՝ գործող իշխանության այդ նյարդային մարմնաշարժումների հնարավոր նպատակներից մյուսը, եթե ոչ՝ հիմնականը ընթացիկ հասարակական-քաղաքական օրակարգի, ավելի ճիշտ՝ քննարկվող հիմնական թեմայ(ներ)ից շեղելն է: Անցած շաբաթ դա կոնկրետ փաստի փոխարեն Փաշինյանի ներկայացրած «շողոքորթյալ գրիչի» բացարձակ խայտառակությունն էր ու ֆիասկոն: Մյուս կարևոր թեման՝ Արցախի հարցով բանակցություններն էին նաև, որից պետք էր «թամաշայով» ուշադրություն շեղել:

Բայց ուրբաթները շաբաթներից շուտ են գալիս, հատկապես Փաշինյանի կառավարության համար: Ու մեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն են խիստ հայտարարություն անում, մեկ էլ...

Դժվար չէ նկատել, որ ոստիկանական հերթական «դիմակահանդեսը» հաջորդեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի է՛լ ավելի կոշտ հայտարարությանը, որի գլխավոր հասցեատերը Փաշինյանի կառավարությունն է: Մյուս «շեղելի» հիմնական թեման էլ, ինչ խոսք, Սահմանադրական նորմերի խախտումներն օրինականացնելու, օրենքներով «փաթեթավորելու» իշխանական նկրտումների փունջն է:

Եվ երրորդ՝ Փաշինյանի իշխանությունը նման՝ արդեն ծիծաղաշարժ քայլերով խնդիր ունի «թամաշա» (տեսարան) ապահովել յուրայինների, ավելի ճիշտ՝ անվերապահորեն իրեն որպես կուռք ընդունող զանգվածի համար: Ազդում է, ասում են: Բայց «դիմակահանդեսի» ազդեցության մյուս կողմն էլ այն է, որ իշխանափոխությամբ երկու տարի առաջ ոգևորված, բայց սեփական ընկալում և դիտողականություն ունեցող մարդկանցից շատերն էլ հիասթափվում են, առնվազն սկսում են մտածել, թե իրենք ո՛ւմ վրա էին հույսները դրել: Ու այս վերջին պահը մի փոքր լավատեսության տեղ է թողնում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը