Մեկնաբանություն

12.02.2020 13:25


«Հիտլեր կապո՞ւտ», թե՞ բոլոր համընկնումները... օրինաչափ են

«Հիտլեր կապո՞ւտ», թե՞ բոլոր համընկնումները... օրինաչափ են

Հիտլերն, ասում են, միջակ նկարիչ էր: Չնայած հիմա կոլեկցիոներներ կան, որ «Երրորդ ռեյխի» ֆյուրերի վրձնած նկարների համար միլիոններ կցնծան:

Ի դեպ, քչերին է հայտնի, որ Ադոլֆ Հիտլերը նաև ոտանավորներ էր գրում: Ճիշտ է, ոտանավորներ նա գրել է անհամեմատ ավելի քիչ, այն էլ՝ Առաջին աշխարհամարտին մասնակցելու տարիներին, խրամատում, երևի ինչ-որ բանով իրեն զբաղեցնելու համար: Աշխարհին ավելի հայտնի է նրա «Իմ պայքարը» («Մայն կամպֆ») գիրքը, որ տարբեր ժամանակների արկածախնդիր-իշխանատենչների համար որոշակի իմաստով կարող է ուղեցույց լինել: Ու եղել էլ է:

Բայց ա՛յլ բանի վրա արժե ուշադրություն դարձնել՝ ապրիլի 5-ին ընդառաջ:

Պատմությունից հայտնի է, որ Հիտլերը Գերմանիայում իշխանության է եկել 1933 թվականի հունվարի 30-ին: Հաջորդած մեկուկես տարվա ընթացքում Գերմանիայի ռայխսկանցլեր Ադոլֆ Հիտլերի գործողություններն ուղղված են եղել իր անձնական իշխանության ամրապնդմանն ու բացարձակ ազդեցության հաստատմանը: Հանրագումարում, Գերմանիայում հաստատվել է միակուսակցական բռնապետություն՝ նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության ու նրա ֆյուրեր (առաջնորդ) Հիտլերի գլխավորությամբ:

Բնութագրական է այն, 1933-34 թվականներին այդ ամենը տեղի է ունեցել ընտրությունների և, ուշադրությո՛ւն՝ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով:

Այսպես, 1934 թվականի օգոստոսի 2-ին մահանում է Գերմանիայի նախագահ Գինդենբուրգը: Դրանից մի քանի ժամ անց հայտարարվում է, որ Գերմանիայի նախարարների խորհուրդը (հասկանալի է՝ վարչապետ-կանցլերի գլխավորությամբ) ընդունել է օրենք, որի համաձայն պետության (ռայխի) կանցլերի և նախագահի լիազորությունները միավորվում են, իսկ Ադոլֆ Հիտլերն էլ ստանձնել է պետության գլխի և գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները:

Բայց: Բանն այն է, որ հենց այդ քայլի վերաբերյալ հարցով 1934 թվականի օգոստոսի 19-ին նշանակվում է ՀԱՆՐԱՔՎԵ:

Հարցը, որին «այո» կամ «ոչ» պիտի պատասխանեին հպարտ գերմանացիները, հետևյալ կերպ էր ձևակերպված.

«Գերմանիայի նախագահի պաշտոնը միավորվում է պետական կանցլերի պաշտոնին: Դրա արդյունքում Գերմանիայի նախագահի իրավունքներն անցնում են առաջնորդ և պետական կանցլեր Ադոլֆ Հիտլերին: Նա ինքնուրույն կնշանակի տեղակալ:

Համաձա՞յն ես դու արդյոք, գերմանացի տղամարդ, և դու՝ գերմանուհի, կառավարման համակարգի վերաբերյալ այդ օրենքի կիրառմանը»:

Գեղեցիկ են, չէ՞ ձևակերպել: Հնչե՛ղ: Առանձին-առանձին կանանց և տղամարդկանց դիմելով: Հիմա, իհարկե, այդպես չեն շարադրում: Չշեղվենք:

Ահա այդ հարցով, պարզ ասած՝ պետության կառավարման բոլոր լիազորությունները այդ պահին Գերմանիայի վարչապետ (պետկանցլեր) Հիտլերին հանձնելու հարցով ՀԱՆՐԱՔՎԵԻ արդյունքները տպավորիչ են. հանրաքվեին մասնակցած ավելի քան 42,5 միլիոն գերմանացիների 89,9 %-ը, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը պատասխանում է «զի՛գ հայլ», կներեք՝ «ԱՅՈ»: Այսինքն, 34 թվականին պատասխանում են այո, հետո մի 11 տարի «զիգ հայլ» էին բղավում, մինչև որ 1945-ին «Հիտլեր կապուտ»-ով գերմանացի տղամարդիկ, եթե ողջ էին մնացել, գերի էին հանձնվում, իսկ գերմանուհիների հետ էլ չասեմ, թե ինչեր էին կատարվում: Բայց ո՞վ է մեղավոր, եթե իրենք էին դրա հիմքը դրել՝ 1934-ի հանրաքվեում համատարած «այո» կամ «յա՛-յա՛» քվեարկելով:

Իհարկե, ոչինչ հենց այնպես կամ պատահական չի լինում: Հազիվ թե պատահական են համընկնումները: Ավելի շուտ, դրանք օրինաչափ են:

Ինչ վերաբերում է մեր իրականությանը, ապա ապրիլի 5-ի հանրաքվեն մեկ բան է նշանակում. համաձա՞յն ես արդյոք դու, հայ տղամարդ, և դու՝ հայուհի, համաձա՞յն ես, որ երկրի բացարձակ միապետ հռչակվի Նիկոլ Փաշինյանը, անխտիր բոլոր լիազորություններն անցնեն թավշյա առաջնորդ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այո՞, թե՞ ոչ:

Հա, հետո հանկարծ չասեք, թե ոչ ոք ոչինչ չէր զգուշացրել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը