Քաղաքական

17.02.2020 10:35


Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն էապես կարևոր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող երկրի հեղինակության համար. Արամ Վարդևանյան

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն էապես կարևոր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող երկրի հեղինակության համար. Արամ Վարդևանյան

Բոլորն են ընդունում, որ կա հստակ կարգավորում և պետք է դիմել ՍԴ համապատասխան որոշում ունենալու նպատակով, սակայն իշխանությունը զերծ է մնում համապատասխան ընթացակարգից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Նրա խոսքով՝ բոլորն ընդունում են, որ տեղի է ունեցել Սահմանադրությունից շեղված գործընթաց: Փաստաբանն ասաց, որ հստակ է Սահմանադրության փոփոխության ընթացակարգը. «213-րդ հոդվածն անցումային դրույթ է, որը փոփոխելն ակտուալ չէ դրա կիրառելիության ավարտից հետո: Այսինքն՝ առհասարակ փոփոխման ենթակա չէ: Այն կարող էր փոփոխման ենթակա լինել մինչ անցումային դրույթի կիրառումը, օրինակ՝ 2016-ից 2018 թվականը: 2018-ի ապրիլի 9-ից հետո այն այլևս փոփոխման ենթակա չէ, քանի որ այն, ըստ էության, գործող նորմ չէ: Պատկերացրեք, եթե այդպես լիներ, ապա ինչու են երկրները որևէ կառավարման համակարգից անցում կատարում այլ կառավարման համակարգի»,- ասաց փաստաբանը:

Նա օրինակ բերեց Վրաստանին, ասելով, որ հարևան երկրում այդպիսի փորձ եղել է: Այլ երկրներ ունեցել են խորհրդարանականկառավարման համակարգ, ապա անցում են կատարել կիսանախագահականի և հետո նորից հակառակը:

«Անցումային դրույթում այն ժամանակ կարելի է փոփոխություն կատարել և հետ գալ նախորդ կառավարման համակարգին: Հիմա նույն հաջողությամբ մեր գործող Սահմանադրության 209-րդ հոդվածն ապահովում էր խորհրդարանական կառավարման համակարգի լիարժեք ձևավորումը 2018թ. ապրիլի 9-ին: Հիմա, եթե 209-րդ հոդվածի մեջ էլ համանման փոփոխություն կատարեն, ապա ավտոմատ վերադառնո՞ւմ ենք կիսանախագահական կառավարման համակարգին: Այդպես չի լինի, դրանք այդպես չեն փոխվում»,- ընդգծեց Վարդևանյանը:

Նրա խոսքով, օրինակ, եթե կառավարման համակարգի փոփոխության հարց լիներ, ապա պետք է ամբողջ գլուխը՝ Ազգային ժողովինը և Կառավարությանը վերաբերող էական փոփոխության ենթարկվեր: Նոր խմբագրության, ոչ թե անցումային դրույթով փոփոխման:

«Ենթադրենք, Սահմանադրական դատարանին վերաբերող համապատասխան գլուխը կարող էր փոփոխման ենթարկվել հանրաքվեով, և ոչ թե Ազգային ժողովով: Այսինքն՝ էական բարեփոխում նախանշվեր ՍԴ-ի վերաբերյալ, այն հանրաքվեի դրվեր Սահմանադրությամբ նախատեսված եղանակով և քննարկման առարկա լիներ: Նույնիսկ այս պարագայում՝ գործող Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը չպետք է ընդհատվեր: Չէ որ այդ ամենը նորություն չէ, ինչը հիմա Հայաստանում առաջարկվում է»,- ասաց Վարդևանյանը:

Նա օրինակ բերեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը՝ ասելով, որ այդտեղ նույնպես համանման խնդիր էր առաջացել: Դատարանների կազմերը նման մեթոդներով փոխվեցին և բոլոր դեպքերում դրանք խախտում ճանաչվեցին՝ թե՛ Լեհաստանում, թե՛ Հունգարիայում:

«Արձագանքը շատ բացասական եղավ, ընդհուպ մինչև դատավորների աշխատանքի վերականգնելու պահանջ: Լեհաստանում այդ առումով իրավիճակը գերտարօրինակ եղավ: Ձևավորվեց նոր դատարան, բայց համապատասխան որոշումից հետո, երբ պայմանավորվել էին վերականգնել աշխատանքը, փոխհատուցել խախտված աշխատանքի ամբողջ ժամանակահատվածի համար: Հիմա այնտեղ կա 2 «պալատից» բաղկացած դատարան, բոլոր նախորդները և նորերը, որովհետև նորերին էլ չեն կարող հանել, քանի որ նորերի աշխատանքային իրավունքը կխախտեն»,- նշեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին՝ Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրության մեջ 2003թ. ի վեր, բոլոր փոփոխությունները ենթարկվել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը:

«Ասեմ ավելին, եթե ուսումնասիրենք Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծերը, ապա ՌԴ-ն ևս Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել իր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի դեպքում բոլոր նախագծերը նույնիսկ մի քանի անգամ ներկայացվում են Վենետիկի հանձնաժողովին, և սա իհարկե, չեմ կարծում, որ դրական նախադեպ է ստեղծում»,- ասաց Վադևանյանը:

Նրա խոսքով, Եվրոպայի խորհուրդը, կարելի է ասել, բաղկացած է մի քանի հենասյուն կազմակերպությունից: Դրանցից մեկը հայտնի ՄԻԵԴ-ն է, դրանց շարքում էական դեր ունի Վենետիկի հանձնաժողովը: Փաստաբանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի կարևորությունը պայմանավորված է իր գործառույթի իրականացմամբ, այն է՝ էական դատաիրավական բարեփոխումների կամ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությամբ, առավել ևս, Սահմանադրության փոփոխությունների նախագծերի փորձաքննությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը