Մեկնաբանություն

17.02.2020 14:25


Հայաստանը ներկայացնող պետական գործիչը պարտավո՛ր է պատրաստված լինել

Հայաստանը ներկայացնող պետական գործիչը պարտավո՛ր է պատրաստված լինել

Քնած հայ զինվորականին կացնահարածին հերոսացրած, զոհված զինվորների մարմինները հոշոտած բոլուկին խրախուսած Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ խոսակցությունն, անկասկած, պետք է որ ինքնին տհաճ լինի ցանկացած հայ մարդու համար: Բայց կարող է ստացվել այնպես, որ դա անհրաժեշտություն է, եթե դու պետության առաջին դեմքն ես, վարում ես բանակցութուններ, և որևէ միջազգային հարթակում հանդիպումը հակառակորդի՝ քո ազգը բնաջնջելու բացահայտ նպատակներ հետապնդողի հետ անխուսափելի է:

Նման իրավիճակ օրերս ստեղծվեց Մյունխենում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ադրբեջանական կազմավորման ղեկավար Իլհամ Ալիևը «թոք-շոուի» կամ «խոսքակռվի» ձևաչափով «քննարկեցին» Արցախի հիմնախնդիրը, եթե կարելի է այդպես ասել: Այս կոնկրետ երևույթի վերաբերյալ ասելիք շատ կա, բայց, առանց դրա էլ, շատերը անձամբ են տեսել, հետևել, հետևություններ արել, ուստի «քննարկման» բուն ընթացքը կարելի է չվերաշարադրել և շրջանցել:

Մեկ բան ակնհայտ է. ինչ կարգի գործիչ էլ լինի, ինչ տեսակի բնավորություն էլ ունենա, Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան անձն ուղղակի իրավունք չունի որևէ հարթակում «տակ տալ» ադրբեջանական կողմի ներկայացուցչին: Մե՛նք ենք թշնամու նախահարձակ ագրեսիային դիմակայած, հաղթած ու այդ թշնամուն հրադադարի պարտադրած ժողովուրդը: Ուստի մեր ժողովրդի ներկայացուցչի շարժուձևը, կեցվածքը, խոսքի տոնը պետք է լիարժեք դա արտացոլեն և արտացոլեն այնպես, որ ակնհայտ տեսանելի լինի բոլորին:

Մյունխենում, ցավոք, դա այդպես չէր: Մեղմ, շատ մեղմ ասած՝ այդպես չէր:

Ու դա այդպես չէր, որքան էլ Հայաստանի գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ կամ բացահայտ քարոզիչներ փառաբանական տափակագույն արտահայտություններ կամ պատկերներ տարածեն:

Ավելին, այդ «քննարկման» ընթացքում չդրսևորվեց անգամ մի չնչին նմուշ բոցաշունչ այն հոխորտանքի կամ չարության, որ Փաշինյանն այդքան մեծ հավեսով գործածում է երկրի ներսում՝ հայ մարդկանց մասին արտահայտվելիս: Ախ, հա՜, ասենք, Ալիևը «կիրթ անձնավորություն» է...

Ընդհանուր առմամբ, նաև հարց է ծագում. իսկ որևէ մեկը, որևէ կառույց զբաղվե՞լ է այն հարցով, ինչը կոչվում է նախապատրաստական աշխատանք: Ո՞վ կամ ի՞նչ հաստատություն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախապատրաստել այս հանդիպմանն ու նման ձևաչափով քննարկմանը: Ի վերջո, հո հենց Մյունխենում, այդ հանդիպումից մի կես ժամ առա՞ջ չէին իմացել, որ նման «քննարկում» է լինելու: Անկասկած է, որ «քննարկման» պայմանավորվածությունը շատ ավելի վաղ է կայացվել, ինչը նշանակում է, որ Հայաստանը ներկայացնող վարչապետը համարժեք նախապատրաստվելու առավել քան բավարար ժամանակ ուներ: Ինչպես ունի համապատասխան պետական կառույց, որի բուն գործառույթներից մեկը, եթե ոչ՝ առաքելությունը ամենևին էլ «ֆեյքաբուծարան» և ներքին ատելության գեներատոր լինելը չէ:

Հընթացս, մեկ բարեկամական խորհուրդ. նման՝ նաև հուզական որոշակի լարում պահանջող քննարկումների դեպքում գերադասելի է արտահայտվել այն լեզվով, որին ամենից լավ ես տիրապետում: Տվյալ դեպքում, արտառոց ոչինչ չէր պատահի, եթե վարչապետը խոսեր մայրենի լեզվով՝ թարգմանչի միջոցով:

Երկրորդ. բացի տարբեր գզրոցներում եղած ինչ-ինչ բանակցային թղթերից, որ նա ներքաղաքական նպատակներով երբեմն կիսատ-պռատ մեջբերելով «թափահարում» է լայվերի ժամանակ, կա ահռելի փաստական բազա, կան տարբեր տեղեկագրեր ու տեղեկանքներ: Դրանք ձևի համար չեն: Կարելի է ու անհրաժեշխտ է օգտվել այդ փաստական բազայից: Օգտագործել այն, հենց նման դեպքերում:

Բայց կան փաստեր ու երևույթներ, որոնց պարագայում նույնիսկ նման տեղականքների անհրաժեշտությունը չկա: Տվյալ դեպքում նկատի ունեմ «ապրիլյան պատերազմը» և այդ ժամանակահատվածում ադրբեջանական հրոսակների կողմից ինչպես Արցախի բնակավայրերի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները, այնպես էլ մեր զոհված զինվորների մարմինները հոշոտելը և դա ադրբեջանական խալխի խրախճանքի վերածելը: Մանավանդ, երբ դիմացինդ Խոջալուի մտացածին «ցեղասպանության» մասին է խոսում կամ օկուպացիայի մասին խազ ընկած ձայնապնակն է նորից պտտում:

Հնարավոր է՝ ոմանք կասեն, թե նախնական խնդիրն այլ է, թե միջազգային հանրության, միջնորդների մոտեցումը ժողովուրդներին «խաղաղության պատրաստելն» է և էլի նման լո-լոներ: Մեր կյանքն ու իրականությունը, անցյալն ու հազարամյակների պատմությունը չհաշված՝ գրեթե ամեն օր հուշում ու ապացուցում են. խաղաղության պատրաստվելու լավագույն ու ալընտրանք չունեցող միակ տարբերակը զենքը պատրաստ, ինքզինքը՝ պատրաստված պահելն է:

Վերադառնալով առաջին դեմքի պատրաստվածության աստիճանին, պետք է նկատել, որ կան բավականին լավատեղյակ մի խումբ փորձագետներ: Բայց Փաշինյանը հազիվ թե երբևէ կարող է նրանց դիմել: Վերջերս, Իրանի շուրջ գերլարված զարգացումների ընթացքում դա պարզորոշ երևաց, երբ տարբեր իրանագետներին, արևելագետներին, քաղաքագետներին Փաշինյանը համարեց «տնայնագործ գեոպոլիտիկներ», նրանց վերլուծությունները՝ «խուճապ տարածելու» նպատակ հետապնդող:

Ցավոք, Մյունխենում էլ երևաց, թե ով է տնաբույսը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը