Քաղաքական

18.02.2020 20:26


Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված

ՀՀ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեությանն առնչվող նյութեր է նախապատրաստում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող տեղեկություններ ոստիկանությանը փոխանցել է Երևանի քաղաքապետարանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին պատկան մարմիններից:

«Պարբերաբար քաղաքապետարանը ամենատարբեր ոլորտներին վերաբերվող տվյալներ, որոնց օրինականությունը կարող է կասկածներ հարուցել, ուղարկում է իրավապահ մարմիններին: Եվ անկախ նրանից՝ կլինի վարչական շրջան, թե քաղաքապետարանի աշխատակազմ, թե քաղաքապետարանի ենթակայությամբ որևէ ՀՈԱԿ կամ ՓԲԸ, եթե համապատասխան կասկածներ են լինում, այդ տվյալներն ուղարկվում են իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրելու նյութերը և հետագա գործողություններ իրականացնելու համար: Եվ Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող տեղեկություններ է ուղարկել է ոստիկանություն»,-ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու նշեց՝ այդ գործերը համընկնում են Գևորգ Բաբայանի՝ Աջափնյակի ղեկավար լինելու ժամանակի հետ:

Անդրադառնալով Բաբայանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետն ազատման որոշում կայացնում է կամ պաշտոնյայի անձնական նախաձեռնությամբ ազատման դիմումը բավարարելու որոշում կայացնում է՝ գնահատելով նաև ոլորտի կամ տվյալ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը: «Եվ սա ևս նման դեպքերից է»,-նշեց նա:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կողմից ուղարկված տեղեկությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում: «Նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասաց Ջանոյանն ու նշեց՝ լրացուցիչ տեղեկություն կհայտնեն քննության ավարտից հետո:

Գևորգ Բաբայանը փետրվարի 17-ին հայտնել էր, որ դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը