Տնտեսական

20.02.2020 15:10


Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա

Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա

Կառավարությունը լուծարում է Տիգրան Սարգսյանի ստեղծած «Հայկական միրգ» ընկերությունը։ Այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում առանց զեկուցման ու քննարկման։

«Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և եկամտի աղբյուր չունի, աշխատակազմն ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի և հաշվապահի»,–ասված է որոշման նախագծում։

Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահված է էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը 660.7 մլն դրամ է: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները գնահատվել են 81.2 մլն դրամ, կուտակած վնասը` 591.1 մլն.։

«Հայկական միրգը» ստեղծվել էր 2011 թվականին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության որոշմամբ։

Ծրագիրն իրականացվել էր Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) հատկացրած 13,48 մլն դոլարի վարկային ու 0,5 մլն դոլարի դրամաշնորհային միջոցներով։

«Հայկական միրգը» պետք է զբաղվեր Հայաստանում թարմ մրգի և ընկույզի արտահանման խթանմամբ, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկաներում ներկայացնելով։ Փոխարենը շատ արագ հայտնվեց ֆինանսական չարաշահումների շղթայում։

2013 թվականին Վերահսկիչ պալատը պարզել էր, որ ընկերությունը մի իտալական կազմակերպությունից գնել է 10 000 հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամով։ Բայց դրանք փչացել էին իտալացի փորձագետի մեղքով: Իսկ պետությունը փորձագետին 6.4 մլն դրամ էր վճարել:

Ծրագրով ակնկալվում էր հիմնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի և ընկուզենու այգիներ: Սակայն ՎՊ-ն պարզել էր, որ այգիները միայն մասամբ են տնկվել։

Բացի այդ չեն կառուցվել ծրագրով նախատեսված ջրավազանը, մայր ջրատարը, կաթիլային ոռոգման համակարգերը, այգիների հակակարկտային համակարգերը և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ։

«Հայկական միրգ» ընկերությունում ՎՊ–ի այս բացահայտումները ժամանակին «մանր-մունր թերություններ» էին որակել են:

Նշենք, որ միջազգային վարկով ֆինանսավորվող ծրագիրն ու դրա համար հատկացված գումարն ավարտվել էր 2016 թվականին։ Դրանից հետո ընկերությունը միայն աշխատավարձերի պարտքեր է կուտակել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը