Մեկնաբանություն

26.02.2020 13:03


ЦЗП ? ЦМП ? «ԱՅՈ՞» «այ/ո՞չ», թե՞ «այՈչ», կարճ ասած՝ «այո» կապուտ

ЦЗП ? ЦМП ? «ԱՅՈ՞» «այ/ո՞չ», թե՞ «այՈչ», կարճ ասած՝ «այո» կապուտ

ՔՊ-ի փողահավաքից լուսանկարված մի տեսարան առանձնապես տպավորվեց՝ ստվերելով (չշփոթել հեղափոխական գուսանի հետ) անգամ իշխանական թիմի անհրապույր լոգոյի պատկերը: Նկատի ունեմ այն լուսանկարը, որտեղ իշխանական «Քաղպայմանագրի» ղեկավար կազմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, կանգնած է՝ ձեռքերը, ինչպես ավելի կոռեկտ ձևակերպել... Հա՛, կանգնած է՝ ձեռքերը գոտկատեղից ներքև, աճուկի մոտ հանգուցած դիրքով:

Նայում եմ, ուրեմն այդ լուսանկարին ու ինքս ինձ հարցնում. որտե՞ղ եմ նման մի բան տեսել: Ա՜, դե իհարկե, «Ռոմայի» վերջին խաղում, որ տուգանային հարված պիտի կատարեին, պաշտպանվող թիմի ֆուտբոլիստները «պատ» կազմեցին և ձեռքերը հենց այդ դիրքով էին պահել: Այսինքն, «Քաղպայմանագիրը», ֆուտբոլերեն ասած՝ «պա՞տ» էր կազմել, ումի՞ց կամ ի՞նչ տուգանային հարվածից են այդպես՝ ենթագիտակցորեն պաշտպանվում:

Չէ, բայց մի տեղ էլ էի նման բան տեսել: Դե, իհարկե՜, ախր մի երկու օր առաջ էի դիտում այդ ֆիլմը՝ Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերահրապարակախոսական կինոնկարը: «Երրորդ ռեյխի» առաջնորդն ու նրա պարտայգենոսսեներն էին ձեռքերն այդպես պահում:

Չէ, բայց «Այո»-ի քարոզչական տարբերանշանը, որին գործնական «հայերենով» ասում են՝ լոգո, շատ զի՛լ, չափազանց ուժեղ է ստացվել: Այնքան հզոր, որ դրամահավաք երեկույթից հետո շատերը ոչ Փաշինյանի ելույթից էին խոսում, ոչ էլ «հանգանակված» 205 միլիոն դրամից, այլ հենց միայն այդ լոգոյից: Համաձայնեք, որ իսկապես հզո՜ր գործ պիտի լինի, որ ստվերի մնացածը:

Մյուս կողմից, լոգո՛ն տեսա, լոգիկա՛ն չտեսա:

Հա, ու այն բանի համար, որ կիրիլիցայի նմանությամբ, հաստ ու կապույտ տառերով գրվի՝ «Այո», Փաշինյանն ու «Քաղպայմանագիրն» ամբողջ 3 միլիոն դրամ «ցնծացին» (չհաշված՝ 2–րդ և 3–րդ տեղը զբաղեցրածներին տված 3 միլիոնը)։

Ասվեց, որ շա՜տ բարդ էր ընտրություն կատարել ներկայացված առաջարկություններից ու վերջում այդ տարբերակն են ընտրել:

Մարդ նույնիսկ վախենում է պատկերացնել, որ եթե դա առաջին տեղը գրաված տարբերակն է, ապա երկրորդ ու երրորդ մրցանակացունե՞րն ինչի նման են եղել: Ասենք, Ա4 ձևաչափի թղթի վրա թանաքով գրված «այո՞»:

Ձեր տունը շինվի, մի կիսաֆեյք համակիր չկա՞ր, ասեիք, թող լատինատառ գրեր՝ «AYO», պրծներ-գնար: Կարծում եմ, նա անգամ 300 հազար դրամով այդ ծանր գործը կաներ:

Օստապ Բենդերն ու Կիսա Վորոբյանինովը երևի ավելի ուժեղ կնկարեին:

Առհասարակ, եթե ինչ-որ մի հրաշքով միջնադարյան մեր գրիչներն ու ծաղկողները տեսնեին ՔՊ-ի այդ տարբերանշանը, երկու անգամ կաթվածահար կլինեին. առաջին անգամ՝ գրվածքի տեսքից, երկրորդ անգամ՝ դրա դիմաց տրված հոնորարի չափն իմանալով:

Բայց դե իշխանությունների համար կարևորը տաղանդներն են՝ փողի իմաստով, այլ ոչ թե տաղանդը՝ ստեղծագործական կարողության իմաստով:

Իսկ բացի այդ, այսօրվա իշխանությունը, որ երեկվա ըննդիմությունն է, այլևս երեկվա ֆինանսական վիճակում չէ: Հիմա նրանք փող ունեն, արդեն շատ-շատ փող: Այնքան շատ, որ կարող են աջուձախ շաղ տալ՝ անիմաստ հանրաքվեների, անհաջող լոգոների, կասկածելի ֆիլմերի ու նման բաների վրա: Դե, իրենք էլ շաղ են տալիս ու խաղեր են տալիս: Ճիշտ է, երբ բանը հասնում է ծննդատներին կամ գիշերօթիկներին, այդքան առատաձեռն չեն...

Լավ, նկարել՝ նկարելն է: Կառաջարկեի մի տարբերակ, որ և՛ «այո»-ն է ընդգրկում, և՛ «ոչ»-ը: Օրինակ, այսպես՝ «այՈ՛չ» կամ «այ/ոչ», մի խոսքով՝ չա(յ)ո:

Ամեն դեպքում, ներկայացված տարբերանշանի տառերի գույնը ճիշտ է ընտրված: Ոչ այն է՝ հայերեն, ոչ այն է՝ կիրիլիցայով տառերը, երբ իմացել են, թե ինչ են ներկայացնելու և ի՛նչ գնով, ամոթից կապտել են: Չէ, մուգ կապույտը, բարբառային ասած՝ կապուտը, լա՜վ գույն է. «այո»... կապուտ:

Բազմանշանակ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը