Մեկնաբանություն

28.02.2020 20:10


Հպա՞րտ, հպարտա՞կ, հպատա՞կ...

Հպա՞րտ, հպարտա՞կ, հպատա՞կ...

Ոչ մի օր՝ առանց «օրվա գլխավոր ասելխոսելիքի»: Արդեն շատերն են հասցրել նկատել, որ գործող իշխանությունը, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անուրանալի նվաճումների է հասել... ամենօրյա «թամաշա» ապահովելու իմաստով:

Թե ե՞րբ են հասցնում կոնկրետ գործով զբաղվել, որ մի հատ էլ ցուցանիշներով պարբերաբար գլուխ են գովում (դե՝ «դու գլուխդ չգովես, ուրիշները կփնովեն» մոտեցմամբ), անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ կանոնավոր պրեմիաներ են ստանում և գերբարձր աշխատավարձ: Չնայած, դա կարծես՝ շատ-շատերին է ձեռնտու: Գործնականում ամեն օր խոսքուզրույցի թեմա կա ու կա: Անգամ բազմազանության մասին է հոգ տարվում: Հապա էլ ինչպե՞ս: Կառավարություն մի ասա, մի մշտական անեկդոտ ասա: Ուրախությունը, ծափն ու ծիծաղը երաշխավորված են:

Այ, օրինակ, վերցրեց Նիկոլ Փաշինյանն ու իր ֆեյսբուքյան էջում անձնագրի «օրինակելի» նմուշ զետեղեց, որտեղ անձնագրատիրոջ քաղաքացիության դիմաց բառացի գրված է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի»...

Ու ծավալվե՜ց սրամիտ արձագանքների շարանը:

Անկեղծ ասած, ինձ նախ թվաց, թե «վարչապետ ջան»-ի հակահեղափոխական չուզողներն են ինչ-որ ֆոտոշոփած բան պտտեցնում սոցցանցերում: Պարզվեց՝ ո՛չ:

Հենց ինքն է զետեղել անձնագրային «նմուշը»: Ու չես կողմնորոշվում. Նիկոլ Փաշինյանն իր ընկալմամբ ինչ-որ կատա՞կ է արել, թե՞ լրիվ լուրջ նման բան է առաջարկում:

Թեպետ, ի՞նչ տարբերություն, եթե այն և՛ որպես կատակ է անհաջող, և՛ որպես առաջարկություն:

Հպարտությունը, առհասարակ, անձնագրում գրելով չէ, ինչպես համարձակությունը («դուխը») գլխարկին նկարելով չէ: Լավ, բայց ինչո՞ւ միայն՝ «ՀՀ հպարտ քաղաքացի»:

Եվ ո՞ւր է «հպարտ»-ի վրա բացականչական նշանը: Իսկ ինչո՞ւ ոչ նաև «ՀՀ քաջ, հպարտ, արդարակյաց, մաքրակենցաղ, օրինապահ, երբեմն՝ փնթի... (շարունակեք՝ ըստ կամեցողության) քաղաքացի»:

Իսկ կներեք, օրինակ գրպանահատության վրա բռնվածների անձնագրերում լրացում արվելո՞ւ է՝ «ՀՀ հպա՜րտ քաղաքացի, ջեբկիր»: Կամ, ասենք՝ «ՀՀ հպա՜րտ քաղաքացի, քայլարած»: Կամ, օրինակ՝ «ՀՀ հպա՜րտ քաղաքացի, ծրագրավորող... (տաքսու վարորդ, գործազուրկ, վաճառողուհի և այլն)»։

Չնայած, եթե ժողովրդական խոսքով ասենք, ճիշտ ձևակերպումը կլինի «ՀՀ աղքա՛տ, բայց հպա՜րտ քաղաքացի» տարբերակը: Հա, ու պետության անվանումն էլ պետք է լրացնել, օրինակ, այսպես. «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական Հայաստանի Հանրապետություն...»:

Բազմաթիվ արձագանքներ եղան, որ հպարտությունը, ըստ քրիստոնեական արժեքային ընկալման, մեղք է: Բայց այնտեղ խոսքն ավելի շուտ գոռոզության կամ գոռոզամտության մասին է, թերևս, այլ ոչ թե՝ հպարտության:

Ինձ մեկ այլ բան է հետաքրքիր. իրապես հպարտ և արժանապատիվ քաղաքացին ու նման քաղաքացիներից կազմված հանրությունը պետք է որ չհանդուրժի իրեն սորտավորելուն ուղղված որևէ քայլ, առավել ևս՝ որևէ բարձրաստիճան իշխանավորի նման քայլ: Բայց արի ու տես, որ «հպարտներ» կան, այն էլ շատ ու շատ, որ ոչ թե ողջունում, այլև ցնծությամբ են ընդունում այդ ամենը: Ու չեք ասի, թե նրանք բոլորը «ֆեյք» են: Ոչ, միանգամայն իրական մարդիկ են, որոնք ոչ բոլորն են գլենդելյան հեռուներից: Ավելին, նման «հպարտները», վաղը, մյուս օրը, առանց որևէ այլևայլության, կարող են հաշվեհարդար տեսնել ցանկացած մարդու հետ, ով իրենց նման գետնատարած չի խոնարհվի իրենց պաշտամունքի առարկային:

Իսկ դրանք արդեն կլինեն ոչ հպարտ, ոչ էլ՝ քաղաքացի: Նման դեպքերում ավելի տեղին է գործածել հպատա՛կ բնորոշումը: Ի դեպ, մեկ-երկու դար առաջ «քաղաքացիություն»-ը նշելու համար հենց այդ բառն էին գործածում:

Ամեն ինչ հուշում է, որ հերթական ոտանավորն է հասունանում, այս անգամ՝ հպարտ քաղաքացու անձնագրի մասին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը