Տնտեսական

28.02.2020 15:32


Տաքսու վարորդները բողոքի ակցիա են արել (տեսանյութ)

Տաքսու վարորդները բողոքի ակցիա են արել (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրին անհատ տաքսու վարորդները, որոնք ՊԵԿ-ում քննարկում ունեցան իրենց հուզող խնդրի հետ կապված:

Վարորդների պաշտպանության լիգայից Պողոս Օղլուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե իրենց խնդիրն այն է, որ օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններում ստուգումներ անցկացվեն, որպեսզի նրանք էլ նույն ձևով վճարեն տարեկան հաստատագրված 12 հազար դրամները:

«Մեր հավաքվելու իմաստը դա է: Նրանք 4 տարուց ավել գործունեություն են ձեռնարկել ու ոչ մի հարկ չենք վճարել, դրա համար այսօր մեր տաքսի ծառայությունների մեջ կա շատ մեծ անհավասարություն: Պեկ–ից խոստացան, որ կքննարկեն կանցկացնեն ստուգումներ»,-նշեց նա:

Ըստ Պողոս Օղլուկյանի՝ այս անօրինությունների մասին 4-5 տարի է՝ բարձրաձայնում են, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում, դրա համար հիմա Երևանում տաքսիների հետ կապված այս վիճակն է, որովհետև տաքսիների մեծամասնությունն աշխատում է Երևանում:

Մեզ ասացին, որ կքննարկեն տուգանքները չեղարկելու հնարավորությունը: «Տույժ տուգանքների համար ժամկետ էր դրված հունվարի մեկը, եթե մայր գումարը վճարեին, վարորդները մնացածից կազատվեին, բայց մարդիկ չունեն այդ հնարավորությունը, որովհետև եղել է անհավասար դաշտ տաքսու ոլորտում: Օնլայն տաքսիների շուկա մտնելուց հետո վարորդները չեն վճարել տուգանքներ և ճիշտ են արել, ես եմ ասել: Այսօր օնլայն տաքսիները նույն «Յանդեքս»–ում կամ այլ տեղ գրանցված են, բայց ոչ մի տեղ չի երևում, բայց այդ մարդիկ էլ ՊԵԿ-ին ոչ մի թիվ ցույց չեն տալիս»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ հիմա մոտ 5000 անհատ վարորդ ունի տույժ–տուգանքներ, որոնց պարտքերը տույժ–տուգանքով և մայր գումարով կազմում է մոտ 900 մլն դրամ: «Մեր Պահանջն այն է, որ այս մարդկանց տուժ–տուգանքները վերացնեն և կոնկրետ ստուգումներ անցկացնեն օնլայն տաքսի ծառայություն կազմակերպողների մոտ: Եթե ես հարկ եմ վճարում օրինական, օնլայն տաքսիստն էլ պետք է վճարի, եթե չի վճարում, ուրեմն գողանում է. սա գողություն է պետությունից, բավական չի իրենք գողանում են, այդ վարորդներին էլ սարքում են գող»,-ընդգծեց նա:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, ինչ ներկայացրել են վարորդները, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չկա անհատ տաքսի վարորդների և օնլայն ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև:

«Օրենսդրությամբ այսպես է՝ տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է ունենան լիցենզիա, լիցենզիայի համար գումար չի նախատեսվում, միայն անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն: Լիցենզիայի առկայության դեպքում անհատ վարորդը առանց օնլայն տաքսիների կողմից տրված պատվերներով ծառայություններ կմատուցի, թե նրանց տրված պատվերներով ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի առաջանում: Այսինքն՝ չկա օնլայն տաքսի ծառայություններ մատուցող վարորդների և մեր սովորական անհատ վարորդների միջև հարկային բեռի առումով»,-նշեց նա:

Ռաֆիկ Մաշադյանը նկատեց, որ այդ 12,000 դրամն օրենքով հանվել է և հիմա ոչ ոք չի վճարում: «Ինչ վերաբերում է նախկինում կուտակված պարտքերին, 2019-ի հուլիսին ընդունվեց օրենք, առաջարկվեց վճարել միայն մայր գումարները և այդ դեպքում բոլոր տույժ-տուգանքները կզրոյացվեն, և տրվեց 6 ամիս ժամանակ, որ վճարեն: Եղան շատ քաղաքացիներ, որոնք վճարեցին մայր գումարները և ազատվեցին տույժ տուգանքներից, եթե կան քաղաքացիներ, որ գիտեին՝ մայր գումարը վճարեին, ապա կազատվեին տույժերից ու չեն վճարել, ապա իրենք ենթակա են վճարման»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը