Քաղաքական

29.02.2020 17:50


Պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որը առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որը առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ նախ իր ցավակցությունը հայտնեց 2008-ի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին:

«Շուրջ երկու տարի է` ինչ մենք ջանում ենք ներկայացնել հանրությանը այն իրողությունները, որոնք գոյություն ունեն «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ»,-ասաց նա:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ դրանց ներկայացումը խիստ կարևոր է մի քանի պատճառով: «Հավատացեք հարցը նրանում չէ, որ այսօր նախագահն ապօրինի կալանավորված է, և ըստ էության, քաղբանտարկյալ է: Դա, իհարկե, ողբերգական էջ է մեր պատմության մեջ` հաշվի առնելով նախագահի կենսագրությունը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ով լինելը հայ ժողովրդի պատմության մեջ: Հավատացե՛ք, որ խնդիրն այսօր նրա ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը նրանում է, որ մենք պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որ առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ»,-ասաց նա:

Ըստ նրա` առանց այդ կեղծիքների հաղթահարման, ոչ միայն չենք կարողանալու հաջողությամբ շարժվել առաջ, այլ նաև չենք կարողանալու ասել, որ Հայաստանում իրավակարգ կա, որ Հայաստանում հարգվում են փաստերը, այլ ոչ թե բամբասանքները: «Մենք չենք կարողանալու նաև պետություն կառուցել»,-ասաց նա:

Վիկտոր Սողոմոնյանը մատնանշեց, թե այսօր նշյալ գործով ասվում է, որ պետությունն իրավունք չուներ պաշտպանել սահմանադրական կարգը, ասվում է, որ ամբոխը ինչ ուզում էր, պետք է աներ, անկարգություններ հրահրողներին որևէ դիմադրություն չպետք է ցուցաբերվեր:

«Այսպիսի իրողություններով, այսպիսի փիլիսոփայությամբ մենք երբեք զարգացող, հաջողակ պետություն չենք կարող կառուցել: Մենք գերի կմնանք բազմաթիվ կեղծիքներին»,-ասաց նա` նշելով, որ հույս ունի, որ հասարակությունն ինքը կհասկանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Մարտի 1»-ին և ով է դրա համար իրականում պատասխանատու:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը