Մեկնաբանություն

02.03.2020 15:55


Էս կողմ անցեք... չէ, չէ, էն կողմ անցեք... չէ, է՛ս կողմ անցեք...

Էս կողմ անցեք... չէ, չէ, էն կողմ անցեք... չէ, է՛ս կողմ անցեք...

Հետևելով Հայաստանի «թավշյա» կառավարիչների՝ մարտի 1-ի հայտարարություններին ու գործողություններին, ակամայից ասում էի՝ փա՜ռք Աստծո...

Չէ, իսկապես՝ փա՛ռք Աստծո, որ երկիրն ու հասարակությունը շատ ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակի հետ չի բախվել, այլ ընդամենը կորոնավիրուսով մեկ վարակվածի ու մի քանի տասնյակ վարակման կասկածի տակ հայտնված հայրենակիցների վերաբերող խնդիր է: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվեր, եթե, Աստված մի արասցե, ավելի բարդ կամ արտակարգ դեպք լիներ: Ու դա՝ փաստացի պատերազմական վիճակում գտնվող պետության մեջ:

Ցավալի է դա արձանագրել ու խոստովանել, բայց նման կառավարիչներ ունենալով՝ Հայաստանին ոչ մի թշնամի էլ պետք չէ: Հակասական ու ժամը մեկ փոխվող որոշումները բավարար են՝ խառնաշփոթ, խուճապ և իրարանցում առաջացնելու համար՝ դրանց վնասաբեր հետևանքներով հանդերձ:

Հապճեպ ու հախուռն որոշումներ, վարչապետի ֆեյսբուքյան էջում հընթացս հրապարակվող ու ճշտվող իրարամերժ տեղեկություններ: Այ, իսկական «հիբրիդային պատերազմը» դա է, եթե կուզեք:

Խոսենք կոնկրետ փաստերով: Կորոնավիրուսի առումով խնդրահարույց երկրից օդանավով մի խումբ հայրենակիցներ են վերադառնում հայրենիք: Ու պետության առաջին դեմքի, կառավարության ղեկավարի, կառավարության ամբողջ կազմի համար գլխավոր շեշտը ոչ թե այն պիտի լինի, որ դա նրանց «անքակտելի իրավունքն» է (մանավանդ, որ այդ իրավունքը ոչ մի բանական մարդ կասկածի տակ չի դրել ու չի վիճարկել), այլ այն, որ թե՛ ժամանողների, թե՛ բնակչության առողջական ապահովումը երաշխավորվի կոնկրետ և հստակ, նախապես ծրագրված քայլերով:

Դա նշանակում է, որ խնդրահարույց երկրից ժամանող օդանավում եղած հայրենակիցները, ժամանելուն պես, պետք է կազմակերպված մեկուսացվեին նախապես պատրաստված վայրում՝ կեցության և բուժսպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Դրանք, կներեք, վաղուց արդեն հանրահայտ ու նույնիսկ սխեմատիկ քայլեր են:

Մինչդեռ, ի՞նչ տեսանք իրականում: Մարդիկ ժամանեցին, ուղևորներից մեկը տուն հասնելուց հետո վատ զգաց, շտապօգնության մեքենայով տարան բուժհաստատություն, պարզվեց՝ կորոնավիրուսով վարակված է: Ու... ազգովի ընկանք նրան, նրա հետ շփվածներին հայտնաբերելու...

Երկիրն այդ մասին իմացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: Բայց մանրամասնություններն են կարևոր նաև: Վարչապետն ավելի պատեհ պահ երևի չգտավ հանրությանն այդ մասին հայտնելու, քան մարտի լույս 1-ի գիշերվա ժամը 4-ը: Հասկանալի է, որ կառավարության ղեկավարը պիտի գիշեր-ցերեկ աշխատի, պատկերավոր ասած: Բայց, ցավոք, հասկանալի է նաև, որ մեր նախկին գործընկերը լիարժեք իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է նշանակում լինել երկրի ղեկավար և ի՛նչ է նշանակում նման կարգավիճակ ունեցողի հայտարարություն և ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ նման հայտարարությունները:

Ամենից տխուրն ու զավեշտականն այն է, որ Փաշինյանը նախ նշեց, թե ինչ-որ տաքսիով է վարակված անձը տուն գնացել օդանավակայանից, հետո՝ տաքսիով հիվանդանոց տեղափոխվել: Մի որոշ ժամանակ անց էլի վարչապետի գրառումից երկիրն իմացավ, որ ծանոթի մեքենայով է տվյալ անձը մեկնել տուն, իսկ հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել...

Լավ, այդքան բա՞րդ բան էր պետական կառավարման ամբողջ համակարգը, ոստիկանության ու ԱԱԾ մարմինները լիարժեք ենթակայության տակ ունենալով, հաշված ժամերի ընթացքում պարզել բոլոր տեղեկությունները և հետո միայն ճշտված, ստուգված տվյալներ հայտնել հանրությանը: Սա պետություն է, ի վերջո, ոչ թե ընտանեկան լրատվամիջոցի կայք, որտեղ հանուն սենսացիայի ու դիտումների՝ առաջին լսած բանը ճպպացնեք լրահոսում: Ու առհասարակ, լրագրողը, երբ մի բան իմանում է, ի տարբերություն շուկայի վաճառականների ու տաքսու վարորդների՝ առաջինը ինչ անում է, ոչ թե անմիջապես ընթերցողներին հայտնելն է, այլ լսած տեղեկությունը ստուգելը, ճշտելը: Դա էլ հո զուտ մասնագիտական հարց է, վերջիվերջո:

Ու հարցեր են ծագում. այդ օդանավում կոնկրետ քանի՞ ուղևոր կար (տեսականորեն նրանք կարող էին վարակված լինել, քանզի վարակված անձի հետ գտնվել են նույն սահմանափակ ու փակ տարածքում), ինչպե՞ս է կազմակերպվել նրանց ստուգումն ու մեկուսացումը տներով ցրվելուց հետո, ո՞վ և ի՞նչ բժշկագիտական մոտեցումներով որոշեց, որ վարակվածի կամ վարակված լինելու մեջ կասկածվող մարդկանց մեկուսացման ամենից հարմար տեղը հենց Ծաղկաձորն է, «նախկին ռեժիմից» նվիրատված «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը:

Ու թե՛ այդ, թե՛ մարտի 1-ին նախատեսած հանրահավաք-երթը չեղարկելու, թե՛ դպրոցներում ու բուհերում դասերը դադարեցնելու վերաբերյալ հախուռն, հապճեպ որոշումներ ընդունելու պատկերը չի կարող լրջորեն չանհանգստացնել: Հարցը որոշումների ճիշտ կամ արդարացված լինելը չէ, այլ այն, թե ինչպե՞ս են դրանք ընդունվում, ինչպե՞ս է այդ ամենը փոխանցվում հանրությանը:

Այս վարակն էլ, անկասկած, կհաղթահարենք, բայց համակարգային անձեռնահասության վարակը կամ «քաղաքական կորոնավիրուսը» լրջորեն սպառնում է պետության առողջական վիճակին ու վիճակին առհասարակ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը