Քաղաքական

02.03.2020 16:58


Քննիչը դարձել է գործադիրին օժանդակողը. Մակինյան

Քննիչը դարձել է գործադիրին օժանդակողը. Մակինյան

Քրեական գործում չկան Հրայր Թովմասյանի անգամ առնչության մասին վկայող ապացույցներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

Ծանոթանալով գործի նյութերին՝ Մակինյանը եկել է այն եզրահանգման, որ նախաքննական մարմինը, ի դեմս քննիչի, օժանդակում է գործադիր իշխանությանը՝ ամեն գնով ձերբազատվել ՍԴ նախագահից։

«Այն հաշվառմամբ, որ ընդունվեց «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին» օրենքը, որն այդպես էլ մնաց թղթի վրա և այն հաշվառմամբ, որ ամեն ինչ արվում է ՍԴ 7 դատավորներին ամեն գնով իրենց պաշտոնից ազատելու համար։ Գործադիրը չի խորշում այդ հարցը «օրենքով» հանրաքվեի դնելու հարցում։ Քննիչը դարձել է գործադիրին օժանդակողը»,-ասաց Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով. «Իրեն ձերբազատել անօրինական քրեական հետապնդման դերակատար լինելուց»։

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, հակառակ դեպքում՝ քննիչին բացարկ հայտնել։

Նշենք, որ ՀՔԾ-ն հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտելու մասին եւ ժամանակ տրամադրել՝ կողմերին գործի նյութերին ծանոթանալու համար։ Գործն ընդհանուր առմամբ բաղկացած է 11 հատորից, որոնց թվում են նաեւ գաղտնալսումներ։

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Փաստաբանների գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանին մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլ նաեւ առաջադրումն է ուղեկցվել խախտումներով, մասնավորապես՝ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը և հենց այս հիմքով պահանջել են վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի որոշումը։

Դեռևս հունվարի 20-ի դատարան մուտք եղած բողոքը՝ գլխավոր դատախազի որոշման դեմ, դեռ չի քննարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը