Մեկնաբանություն

02.03.2020 18:45


Սասուն Միքայելյանի «սկզբունքային» տեսակետները «Մարտի 1»–ի հարցում (տեսանյութ)

Սասուն Միքայելյանի «սկզբունքային» տեսակետները «Մարտի 1»–ի հարցում (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը շա՜տ սկզբունքային մարդ է։ Ինքը 2008–ի մարտի 1–ից հետո տարբեր կարծիքներ է ունեցել թեմայի վերաբերյալ։ Նրա թիրախում են եղել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը (վաղը նա կարող է մեղադրել Նիկոլին, ընդ որում՝ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնելով, պարզապես դեռ այդ փուլը չի եկել)։ Նայած թե ինչ իրավիճակ է և ում է պետք քծնել։ Քծնել, որպեսզի անձնական հարցերը լուծել։

Հիմա նա քծնում է Նիկոլ Փաշինյանին։ Քծնում է ուղղակի և «չերեզով»։

Սասունը գիտի, որ Նիկոլին դուր կգա Քոչարյանին քննադատելը և «Մարտի 1»–ի համար 2–րդ նախագահին մեղադրելը, այդ պատճառով էլ երեկ հարձակվում էր նրա վրա։

Կար ժամանակ, որ Սասունը քծնում էր Լևոն Տեր–Պետրոսյանին և մերժում Սերժ Սարգսյանին։ Դա մինչև 2008թ. մարտի 1–ն էր։ Բայց հենց Լևոնը զինված բախման միջոցով իշխանության չեկավ ու ՀՀԿ–ից թռած Սասունը չհասավ իր ուզածին, վերափոխվեց։ Նա հետագայում սկսեց քննադատել Լևոնին՝ նրան մեղադրելով մարդկանց հրապարակ բերելու, կրակի բերան գցելու և տեր չկանգնելու համար (տե՛ս կից տեսանյութը)։

Լևոնից քյար չստանալուց հետո Սասունը վերադարձավ ակունքներին ու սկսեց քծնել Սերժ Սարգսյանին։

Սասունը Սերժին քծնում էր բանտում եղած ժամանակ ու դրանից հետո։ Նա հայտարարում էր, որ անկախ «մարտի 1»–ից, Սերժն իր մարտական ընկերն է, իսկ մարտական ընկերն ամեն ինչից վեր է։

Սասունը ՀՀ 3–րդ նախագահին քծնում էր, որպեսզի Հրազդանի քաղաքապետ դառնա։ Չդարձավ։ Բայց փոխարենը տեղ ստացավ ԱԺ–ում՝ որպես «Ելք» հաճախորդական դաշինքի անդամ։ Սասունի համար դա վատ չէր և նա վայելում էր իր «ընդդիմադիր» կարգավիճակը։

2018–ի ապրիլյան օրերին Սասունը մի փոքր վախվորած կպավ քայլարածներին ու նեղ շրջապատում կապիկություն էր համարում Նիկոլի քայլարշավը, բայց հենց ժողովուրդը շատացավ, Սասունը դարձավ թունդ ընդդիմադիր։ Կրկին Սերժին էր մերժում։

Իշխանափոխությունից հետո Սասունը հասավ իր մուրազին։ Վերցրեց Հրազդանի քաղաքապետարանը։ Բայց ախորժակն, ինչպես հայտնի է, ուտելիս է բացվում, և նա ավելին էր ուզում, բայց Նիկոլը նրան երես չտվեց, քանզի այդ տեսակին համարում է օտար։ Նիկոլը դեմ չէ քծնանքին, բայց եթե դրանով զգաղվում են երիտասարդ քայլարածները։ Սասունը մինչև քայլարած դառնալը սեփական հետագիծն է ունեցել (կռված տարիներ և այլն) և դրանով իսկ անընդունելի է Նիկոլի համար։

Սասունը, սակայն, հույսը չի կտրել։ Նա քայլարածների առաջնորդին դուր գալու համար նախ հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը։

Հիմա նա գիտի, որ Նիկոլը ՍԴ–ն է ուզում սեփականաշնորհել, դրա համար էլ ԱԺ–ում այնպիսի էժանագին ելույթներ է ունենում այդ թեմայով, որ ավարտված քայլարածներն անգամ դա իրենց թույլ չեն տալիս։

Դե իսկ Քոչարյանը Նիկոլի մշտական բզիկն է։ Միքայելյանը գիտի այդ մասին ու սասունություն է անում «մարտի 1»–ի թեմայով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը