Տնտեսական

02.03.2020 21:27


Ծաղկաձորում ինչքան տուրիստ կար՝ թողեցին, գնացին. Ծաղկաձորի բնակիչ (տեսանյութ)

Ծաղկաձորում ինչքան տուրիստ կար՝ թողեցին, գնացին. Ծաղկաձորի բնակիչ (տեսանյութ)

32 քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսի» հյուրանոցում մեկուսացնելը, սխալ որոշում էր։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծաղկաձորի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ տեղեր կան, որ բնակավայրերից բավականին հեռու են եւ կարող էին այնտեղ տանել, իսկ սա բնակելի տարածքին մոտ է, բացի այդ էլ զբոսաշրջային քաղաք է։

«Կարելի էր տանել այնպիսի տեղ, որ գոնե բնակիչներից 5–6 կիլոմետր հեռու լինեին։ Քարտեզով, որ նայեք ՀՀ–ում նման պանսիոնատներ կան, որ գործող չեն ու կարելի էր այդ ժողովրդին այդտեղ տանել։ Երեկ Ծաղկաձորում շատ մարդիկ կար, այսօրվա դրությամբ չկան, գնացել են։ 2–3 օր առաջ ճոպանուղում հերթ էր, 15–20 հոգի երկու շարքով հերթ կանգնած բարձրանում էին վերեւ, բայց այսօր վերջ, չկա այդ ամենը։ Պետք չէ մատների արանքով նայել այդ ամենին։ Ինչքան տուրիստ կար Ծաղկաձորում, թողեցին, գնացին»։

Քաղաքացու խոսքով՝ իրենք երեկ հանդիպել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, բնակիչներից մեկը բարձրացել է հյուրանոցի տարածք, որպեսզի տեսնի, թե ինչ է այնտեղ կատարվում. «Մեր տղաներից մեկը բարձրացավ հյուրանոց, տեսներ ինչ է կատարվում, վերեւ չբարձրացավ՝ հիվանդների մոտ, բայց տեսավ, թե ինչ վիճակ է այնտեղ տիրում։ Մեզ համոզեցին, որ ամեն ինչ նորմալ է, որ աշխատում են դրա վրա, մենք չենք էլ կասկածում, դե պետք է աշխատեն, բայց ես այսօր համոզված չեմ, որ այդ խնդիրը 100 տոկոսով կարող են լուծել»։

Նրա խոսքով՝ այս պահին չեն ուզում բողոքել ու պահանջել, որ մարդկանց այնտեղից տեղափոխեն, բայց միեւնույն ժամանակ չեն ուզում նոր վարակվածներ լինելու դեպքում նրանց նույն հյուրանոցը բերեն. «Ուղղակի պետք չէ ավելացնել, թող մնան, հասկանանք՝ այս 30 օրվա ընթացքում ինչ է կատարվում։ Արդեն սխալն արվել է, հիմա բերել են, մի հատ էլ հանեն-տանեն ուրիշ տեղ, չէ, ճիշտ չի»։

Բնակչի խոսքով՝ առաջարկ է եղել փողոց փակել. «Փողոց չենք փակել, բայց այդպիսի ցանկություն կար։ Որ հանդիպեցինք առողջապահության նախարարի հետ, խոսեցինք, հասկացանք ինչն ինչոց է։ Հիմա ուզում ենք այնպես անել, որ էլի չբերեն, չավելացնեն։ Հաշվարկ են արել, որ հյուրանոցը դատարկ է, կարող են 250–300 մարդ բերել, բայց նման կերպ պետք չէ վարվել»։

Այս խորագրի վերջին նյութերը